Մենք անընդհատ ուզում ենք տեսնել պետություն, որ մեր հարցերը լուծի. ԲՏԱ նախարար (տեսանյութ)
Այսօր Holiday Inn հյուրանոցի «Տուշպա» սրահում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի՝ հայերեն թարգմանությամբ տա
Այսօր Holiday Inn հյուրանոցի «Տուշպա» սրահում տեղի ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը։
Միջոցառմանը,ի թիվս տարբեր տնտեսագետների, ներկա էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վարագն Խաչատուրյանը, որին, պարզվեց, ոչ թե միջոցառման կազմակերպիչ և գրքի հրատարակիչ Newmag-ն էր հրավիրել, այլ «Արդշինբանկը», որը հովանավորել է գրքի թարգմանությունն ու տպագրումը։
Խաչատուրյանն իր ելույթում ասաց, որ կարելի էր երազել, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում այսպիսի գիրք պիտի տպագրվի։
Ապա խոսեց նրանից, որ այս գրքում մարդկային, տնտեսագիտական, հասարակական հարաբերությունների ճշմարտություններ կան, որոնք ներկայացվել են մարդկությանը։
«Մենք չենք ուզում դա ընդունել, որովհետև մեզ ձեռնտու չէ։ Մենք չենք ուզում ընդունել, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեր հոգսերը հոգալ։ Մենք չենք կարող ընդունել, որ պետության մասնակցությունը քիչ պետք է լինի, մենք անընդհատ ուզում ենք տեսնել պետություն, որ մեր հարցերը լուծի»,-ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ շատերը երազում են խորհրդային Միության մասին՝ այն առումով, որ Խորհրդային Միությունն իր վրա ահռելի պարտավորություններ էր վերցրել, և այդպես էլ այդ պարտավորությունները կիսատ-պռատ էր կատարում, բայց մենք բոլորս մեր աչքերը փակում էինք ու ասում՝ դե, անում է, էլի։
«Երբ որ հավասարության մասին էր խոսում Ֆրիդմանը, նա մի շատ կարևոր միտք ուներ, ասում էր՝ երբ որ մենք ձգտում ենք հավասարության, կորցնում ենք նաև ազատությունը, իսկ երբ ձգտում ենք ազատության, մենք ստանում ենք և՛ ազատություն, և՛ ազատություն»,-խոսելով գրքի և Ֆրիդմանի մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը։