«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը». Newmag-ը հրատարակել է սպորտային հերթական բեսթսելլերի հայերեն տարբերակը
Նոր բեսթսելլեր Newmag-ից՝ ընթերցողի սեղանին: Ընկերությունը հրատարակել է Լուկա Կայոլիի՝ Մեսսիի մասին պատմող գրքի հայերեն տարբերակը: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում մանրակրկիտ ներկայացված է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալը, հայտնի սպորտային մեկնաբաններ, ֆուտբոլիստի երկրպագուները:
«Իրականում շատ եմ արժևորում այս նախագիծը, ինչո՞ւ, որովհետև մենք պարտավոր ենք ունենալ գրականություն տարբեր ոլորտներում, առավել ևս այս պահին սպորտային ոլորտում: Իրականում դա խթան կհանդիսանա թե՛ մարզաձևերի զարգացմանը, թե՛ գիրք սիրելուն: Այն երիտասարդները, պատանիներն ու մանուկները, որոնք սիրում են Մեսսիին, չէ՞ որ ընթերցելու են այս գիրքը: Շատ կցանկանամ, որ տարվա մեջ մի քանի անգամ նման հրատարակություն լինի»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Սպորտային բեսթսելլերն անգլերենից թարգամանել է Լիանա Զաքարյանը: Գիրքը խմբագրել է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Գիրքը ոչ միայն ֆուտբոլասերների համար է, այլ նաև՝ հանրության լայն շրջանի: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը և ֆուտբոլային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անուններն ու տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը:
Գրքում կան բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: «Մեսսին և մենք» նախաբանում մասնագիտական տեսանկյունից նա համեմատել է երկու գերաստղերին ՝Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին:
«Այդ համեմատությունից խուսափել ոչ մեկը չի կարողանում, ես էլ չկարողացա, բայց ես Մեսսիին համեմատել եմ ոչ միայն Ռոնալդուի, այլև ֆուտբոլի բոլոր մեծերի հետ: Գտնում եմ, որ Մեսսին բոլորից ինչ-որ մի բան ունի, և դա նրան բացառիկ ու եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ»,- ասաց Էդուարդ Քալանթարյանը:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին պատմող գիրքը փետրվարի 1-ից կվաճառվի բոլոր գրախանութներում ու նաև առցանց: Գրքի արժեքը 5800 դրամ է:
Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նկատեց՝ Մեսսիի մասին պատմող գրքով ազդարարում են գրահրատարակչական տարին: Սա կլինի առաջինը, բայց, վստահաբար, ոչ վերջինը: 2019-ին Newmag-ը կներկայացնի ևս երկու գիրք՝ Նեյմարի ու Ջորկայֆի մասին:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը