«Մի կյանքից ավելի»․ բացառիկ մանրամասներով հուշագրություն՝ հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին
«Մի կյանքից ավելի»․ բացառիկ մանրամասներով հուշագրություն՝ հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին
Հետախույզ, գնդապետ դեսպան և երաժիշտ Արմեն Սարգսյանի մասին պատմող «Մի կյանքից ավելի» գիրքը արդեն ընթերցողների սեղանին է։ Գիրքը լույս է տեսել Newmag հրատարակչության կողմից։ Հուշագրության հեղինակը Արմեն Սարգսյանի որդին է՝ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ով այնպիսի տեղեկություններ է ներկայացրել գրքում, որոնք չգիտեն նույնիսկ նրան ճանաչողները։ «Մի կյանքից ավելի» գիրքը հուշագրություն է, որում ներկայացված է, թե ինչպես են հասարակ մարդիկ պետության անվտանգության ապահովման համար լուրջ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով:
Գրքում բացառիկ տեղեկություններ կան Մոնթե Մելքոնյանին Հայաստան բերելու օպերացիայի մասին։ Հենց Արմեն Սարգսյանն է 1989թ-ին մշակել Ավոյին Հայաստան տեղափոխելու օպերացիան, երբ վերլուծել է Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ պարզել է, որ Մոնթեն ամերիկյան գործակալ չէ, չնայած, որ այդպիսի կասկածներ էին հնչում: Գրքում տեղ են գտել նաև ուշագրավ փաստեր և պատմություններ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել Արմեն Սարգսյանի հարազատների և ընկերների համար։ Դրանք վերաբերում են Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաներին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի հետ հանդիպմանը և այլ ուշագրավ դրվագներին։
«Մի կյանքից ավելի» գիրքն այն մասին է, թե ինչպես էին ամենահասարակ մարդիկ, ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության ապահովման համար ծավալում լրջագույն գործունեություն՝ ամենատարբեր ուղղություններով։ Խոսքը բնականաբար Սովետական Հայաստանի մասին է և մարդիկ հատուկ ծառայություններում, դրանից հետո նաև անկախ Հայաստանի պատմության ընթացքում, իրենց կյանքը և գործունեությունը անմնացորդ նվիրում են հանուն պետության։ Գրքի հիմնական մեսիջը հենց սա է։ Երբ հացազրույցներից մեկում խոսում էի Մոնթեի օպերացիայի մասին, ինձ հետ կապ հաստատեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հրավիրեց իր առանձնատուն և ներկայացրեց լրացուցիչ տեղեկություններ Մոնթեին Հայաստան տեղափոխելու օպերացիայի վերաբերյալ։ Ինքը այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ է եղել։ Շատ տեղեկություններ, որոնք կապված էին հորս գործունեության հետ, ճշտել եմ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Տեղեկություններն անընդհատ գալիս էին, և ես ստիպված էի դրանք ճշտել և շատ դետալներ ներառել։ Գիրքն այդ առումով բավականին հարուստ է։ Գիրքը նաև այն մասին է, որ այսօրվա պետական ծառայողների համար սերունդը լրջագույն ազդեցություն պետք է ունենա, և որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ լուրջ անելիք և պարտք ունի իր երկրի առջև»,- ասում է գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը։
Հեղինակի խոսքով՝ այս գիրքը միայն սկիզբն է, հավաքած նոր տեղեկատությունները հետագայում տեղ կգտնեն նմանատիպ այլ աշխատություններում: Քաղաքագետը ընդգծում է, որ կան նաև տեղեկություններ, որոնք գրքում ամփոփված չեն, քանի որ դրանց հրապարակումը կարող է որոշ մարդկանց կյանքը վտանգել:
Գիրքը մեծարժեք է հատկապես պատմության, քաղաքագիտության և դիվանագիտության տեսանկյունից։
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը, խոսելով գրքի ստեղծման մասին, ուշադրություն է հրավիրում մի շարք կարևոր հանգամանքների վրա։
««Մի կյանքից ավելի» գիրքը առաջիններից է, որ պատմում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների խիստ գաղտնի գործողությունների ու դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին: Գիրքը հատուկ ծառայության մի աշխատակցի մասին է, որը և՛ սովետական իշխանության տարիներին է կատարել իր պարտքը, և՛ նորակնախ հանրապետության շրջանում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է նաև Պաշտպանության նախարարւթյան հետ՝ ապահովելով այդ համակարգի անվտանգությունը, ապա տարիներ անց դարձել դեսպան։ Կարծում եմ, որ նման մարդկանց մասին հանրությունը պետք է իմանա ու հատկապես դիվանագիտական կորպուսը պետք է ավելի նախանձախնդիր լինի այս հարցում։ Բազմաթիվ դիվանագետներ կատարում են հայրենանվեր աշխատանք, բայց հաճախ իրենց գործունեությունը մնում է ետնաբեմում։ Հատկապես այս օրերին մեզ համար կարևորագույն խնդիր է արտաքին դիվանագիտության ասպարեզում գտնել և համախոհներ և նվիրյալներ «,- ասում է գրքի խմբագիրը։
Նրա խոսքով՝ խոսքով գրքում կարևոր ուղերձներ կան այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ և զգուշավոր ապահովել ներքին անվտանգությունը, որ մարդկանց ճակատագրերը չխեղվեն, հատկապես, որ հատուկ ծառայությունների մասին մարդկանց պատկերացումները մի փոքր այլ են։
«Մենք անընդհատ քննարկում էինք՝ գրե՞լ, թե՞ չգրել։ Եթե գրել, ապա ինչպե՞ս: Եթե գրքի հերոսը հատուկ ծառայությունների աշխատակից է, հասկանալի պատճառով գաղտնի և փակ աղբյուրներից պետք է տեղեկատվությունը հավաքել»,- ընդգծում է Գնել Նալբանդյանը:
Հետախույզ, ապա դիվանագետ Արմեն Սարգսյանը իր կարիերայի ընթացքում կարողացել է հանդիպել Չինաստանի վերջին երեք նախագահների հետ, իսկ ՊՆ-ում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ հանդիպել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի հետ և նրան հայկական կոնյակ նվիրել ՀՀ ՊՆ նախարարի անունից։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը