«Մի կյանքից ավելի»՝ լույս է տեսել հետախույզ, դեսպան Արմեն Սարգսյանի մասին պատմող գիրք
«Մի կյանքից ավելի»՝ լույս է տեսել հետախույզ, դեսպան Արմեն Սարգսյանի մասին պատմող գիրք
Գիրքն այն մասին է, թե ինչպես են մարդիկ ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության ապահովման համար իրենց կյանքն անմնացորդ նվիրում հայրենիքին։ Գիրքը կարող է դասագիրք դառնալ պետական այսօրվա ծառայողների համար, որոնց կարող է ոգևորել, ուղղորդել նախորդ սերնդի ներկայացուցիչների կյանքն ու գործունեությունը,- «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանեսին ասաց գրքի հեղինակ, ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Նյումեգ» հրատարակչության ներկայացրած գիրքը ՀԽՍՀ պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում, Հայաստանի անվտանգության ծառայությունում, ՊՆ արտաքին հարաբերություններ ստորաբաժանումներում ծառայած հետախույզ, գնդապետ, դեսպան, երաժիշտ Արմեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին է։ Խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ՝ գիրքն առաջիններից է, որ ներկայացնում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունների և դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին։
1986 թվականին Արմեն Սարգսյանն արժանացել է շնորհակալագրի՝ ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարի կողմից (դեռ բացահայտված չէ՝ որ օպերացիայի համար)։ Արմեն Սարգսյանն է, որ կանխատեսելով Արցախում հնարավոր պատերազմը, մշակել է Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիան։ Գրքում կարելի է կարդալ նաև Աֆղանստանում օպերացիաներ մշակելու, սեփական նախաձեռնությամբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ հանդիպելու, նրան պաշտպանության նախարարի անունից հայկական կոնյակ նվիրելու Արմեն Սարգսյանի կյանքի այս և այլ դրվագների մասին։
Գրքի հեղինակը՝ Սուրեն Սարգսյանը, ով Արմեն Սարգսյանի որդին է, գիրքը գրելիս փորձել է զերծ մնալ հուզականությունից՝ բացառապես ներկայացնելով Արմեն Սարգսյանի գործունեության մասին փաստեր։
«Բարդ էր տեղեկություններ հայթայթելը, ծառայակից ընկերները շատ օգնեցին, հարցազրույցներիցս մեկից հետո կապ հաստատեցին առաջին նախագահի գրասենյակից, ասացին՝ նախագահն ուզում է լրացուցիչ տեղեկություններ հայտնել Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի մասին։ Շատ տեղեկություններ ստացել եմ նաև երրորդ նախագահից, ինչպես նաև Դավիթ Շահնազարյանից»,- ասել է Սուրեն Սարգսյանը։
Հեղինակի գնահատմամբ՝ աշխատությունը շարունակություն է ունենալու. որոշ տեղեկություններ, որոնք այսօր դեռ չի կարելի հրատարակել, հետագայում տեղ կգտնեն նոր աշխատությունում։
«Արմեն Սարգսյանը հզորագույն անձնավորություն էր, առաջին օրվանից ընդգծված տարբերվում էր մյուս ուսանողներից, պատահական չէր, որ հետագայում նրա ամուսնության կնքահայրը դարձա, Արմենը համակ նվիրում ուներ ընկերների հանդեպ, վերին աստիճանի պետականամետ էր, հայրենասեր»,- հիշեց ընտանիքի բարեկամ Գուրգեն Մելիքյանը։
«Զուսպ, չափավոր և խիզախ. դժվար համադրելի են այս որակները, բայց հենց այսպիսինն էր Արմեն Սարգսյանը։ Շնորհակալություն Արմենին, որ զարդարեց համալսարանը, հետո հայրենիքը՝ իր լինելիությամբ»։
Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան