Գլխավոր Մեդիալուսաբանում

«Նոր գիրք»-7/24. Գրիգ, Փրոուզ, Քովի, Քոչար

«Նոր գիրք»-7/24. Գրիգ, Փրոուզ, Քովի, Քոչար

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցաս

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։

Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Փշաքաղվելու աստիճան հուզիչ, շնչակտուր լինելու աստիճան լարված գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի, խմբագիր՝ Վահե Ղուկասյան:

«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով:

Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։

Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։

Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա:

Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար: Թարգմանությունը՝ Նազելի Կարապետյանի։  Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։

Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։

Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Այս գիրքը մարդկանց կօգնի վերագտնել իրենց հավատը, հույսը, պայքարելու ոգին և կրկին սիրելու համարձակությունը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Տարածել