«Նոր գիրք»-27/23. Բեգլարյան, Շմիտ, Բաբաջանյան, Ռոդրիգո
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
«Արդի» մատենաշարի «Սարյակի պատուհանը» գրքում ընդգրկված է ժամանակակից հայ գրող Հրաչ Բեգլարյանի չորս վիպակ: Դրանք գրվել են տարբեր ժամանակներում՝ հեղինակի ստեղծագործական կյանքի տարբեր շրջափուլերում, արտահայտում են մարդու ներքին անհանգստությունները, մտահոգությունները, տառապանքը, ուրախություններն ու ձգտումները: Հերոսները դժվար են ապրում, արարում, պայքարում են կյանքի ու հայրենիքի համար:
Հաճախ հաղթում են աշխարհին, իսկ եթե պարտվում են, պարտվում են սեփական անձի դեմ մղած պայքարում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատունը»։
Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը ճամփա է ընկնում դեպի Մուշի երազների հրաշալի երկիր։ Ճանապարհին նրանք հանդիպում են զարմանահրաշ արարածների և անցնում բազմաթիվ փորձությունների միջով: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի ավագ որդու՝ կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ռոդրիգո Գարսիայի հուշագրությունը (2021) ուշագրավ մանրամասներով լի անդրադարձ է մեծ գրողի կյանքի վերջին շրջանին և նրա, կնոջ ու զավակների փոխհարաբերություններին: Հետաքրքիր կենսագրական դրվագները համալրված են Գարսիա Մարկեսի ստեղծագործությանն ու անձին վերաբերող նուրբ դիտարկումներով: Անգլերենից թարգմանեց Սյուզան Սիմոնյանը: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է