Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Մեդիալուսաբանում

Newmag Summerfest 2025. Գիր, Գինի, Ջազ

Newmag Summerfest 2025. Գիր, Գինի, Ջազ

06/20/2025

newmag-y-n

Ամառային ծովափնյա հանգստի լավագույն ընկերը գիրքն է, երեկոյան զովին քաղաքում քայլելու լավագույն ընկերը ականջակալների մեջ հնչող ջազն է, իսկ ընկերների հետ երկար սպասված հանդիպման լավագույն բարեկամը՝ գինին։ Ու պատկերացրեք, թե ի՜նչ ամառային տոն կստացվի, եթե այս բոլորը կարողանանք համատեղել։

Newmag հրատարակչությունը մեր ու ձեր մասին մտածելով ամառային փառատոնի համար հենց այս ձևաչափն էլ ընտրել է. Գիր, գինի, ջազ։ Ու գլխավորը՝ մշակութային տոնը վայելելու մուտքն ազատ է։

Վստահ ենք՝ դուք էլ մեզ պես որակյալ գրքի, երաժշտության ու գինու սիրահար եք, դրա համար էլ առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ հունիսի 21-ին ու 22-ին Երազ այգում կայանալիք փառատոնի մանրամասներին։ Նախ կարդացեք, ապա կազմեք հանգստյան օրերի պլանները։

Այս տարի Newmag հրատարակչությունը նշում է հիմնադրման 7-րդ տարին։ Այս ընթացքում 200 գրքի հրատարակումից բացի Newmag-ն անցկացրել է ամառային, ձմեռային փառատոներ, ֆրանկոֆեստ, ինչպես նաև մանկական գրքատոներ։ Հունիսի 21-ին և 22-ին տեղի կունենա 5-րդ Newmag Summerfest-ը:

Newmag Summerfest 2025-ն այս տարի կներկայանա բոլորովին նոր ձևաչափով։ Արվեստի ու գրքի փառատոնը նոր կոնցեպտում կներառի գիր, գինի, ջազ։ Բացի այդ, Summerfest-ին այս տարի միանում է նաև հրատարակչության մանկական փառատոնը՝ Երազի գիրքը։

Փառատոնը կտևի երկու օր՝ հունիսի 21-ին ու 22-ին, կսկսվի երեկոյան 17.00-ին Kids fest-ով, որտեղ փոքրիկ ընթերցողների համար կներկայացվի միանգամից 5 նոր գիրք, երաժշտական ծրագիր ու մանկական շոու։ 19.00-ին կազդարարվի փառատոնի 2-րդ հատվածը՝ կրկին գրքեր, լավ երաժշտություն ու գինի։

ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ

Այս Summerfest-ին հրատարակչությունը կներկայացնի 5 նոր գիրք:

Նարինե Աբգարյանի «Ապրել» պատմվածքների ժողովածուն

Հայ ժամանակակից ամենահայտնի գրողներից Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը պատմվածքների ժողովածու է։ Հեղինակի 31 պատմություններն Արցախյան առաջին պատերազմի, Բերդ քաղաքի մարդկանց զրկանքների, առօրյայի, ցավերի, մեծ հույսի ու ապրելու մասին են։ Սա գիրք է՝ պատերազմից փրկվածների ու արհավիրքի զոհը դարձածների մասին։

Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր. կյանքի յոթ կանոնները» գիրքը

Միլիոնավոր մարդկանց կուռքը, ուժի ու հաղթանակի, արդարության ու ազնվության խորհրդանիշը։ Ավստրիայի փոքր գյուղից բոդիբիլդինգի մեծ աշխարհ, Հոլիվուդի Օլիմպոս ու նույնիսկ մեծ քաղաքականություն նվաճած լեգենդը՝ Առնոլդ Շվարցնեգերը, գրել է իր անձնական փորձի, հաջողությունների ու ձեռքբերումների գործնական փիլիսոփայությունը։

Լուկա Կայոլիի «Մբապե» կենսագրականը

Համաշխարհային ֆուտբոլի երիտասարդ հերոսին՝ Կիլիան Մբապեին նվիրված նոր գրքի շնորհանդեսը ևս կկայանա այս փառատոնի ընթացքում: Հայերեն լեզվով հրատարակված «Մբապե» սպորտային գրականության ամենասպասված գործերից է։

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը վերադարձել է» բեսթսելլերը

2017-ին Քարեն Մակմանուսը գրեց եռագրության առաջին գիրքը՝ «Մեզնից մեկը ստում է»։ Այն դարձավ բեսթսելլեր և ճանապարհ հարթեց հեղինակի մյուս երկու գրքերի համար։ «Մեզնից մեկը ստում է», «Մեզնից մեկը հաջորդն է» և ժամանակն է դիմավորել դետեկտիվ եռագրության եզրափակիչ հատորը՝ «Մեզնից մեկը վերադարձել է»։

Ֆրեդերիկ Բաքմանի «Բրիտ-Մարին գալիս է քաղաք» հուզիչ պատմությունը

Երբ կյանքը տալիս է երկրորդ հնարավորություն. Newmag-ը ներկայացնում է միջազգային բեսթսելլերների հեղինակ Ֆրեդրիկ Բաքմանի նոր վեպը՝ «Բրիտ-Մարին գալիս է քաղաք»: Այս հուզիչ պատմությունը նվիրված է անսպասելի ընկերություններին և ճակատագրի ընձեռած երկրորդ հնարավորությանը։

ՋԱԶԱՅԻՆ ՌԻԹՄԵՐ ՈՒ ԳԻՆՈՒ ՀԱՄՏԵՍ

Փառատոնի երաժշտական հատվածը կկայանա գլխավոր գործընկերոջ՝ Ջազի հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ։ Երազ այգու տարածքում փառատոնի երկու օրերին կհչեն ջազային ռիթմեր։ Դիջեյական վահանակի մոտ ջազային տրամադրությունը կապահովի Վահագն Մարտիրոսյանը: Առաջին օրվա երաժշտական ամփոփումը կանեն Արտյոմ Մանուկյանն ու ընկերները։ Փառատոնի վերջին օրը երեկոյան հանդես կգան Dialog Project բենդն ու A. Chilla-ն։

Փառատոնային գլխավոր նորամուծությունն այս տարի կլինի գինու համտեսը։ Իրենց գինիներով փառատոնին կմասնակցեն 6 գինեգործական ընկերություններ։ Նրանք կներկայացնեն իրենց արտադրանքը, կպատմեն գինու մշակույթի ու ավանդույթների մասին, կհրավիրեն գինու համտեսի։ Փառատոնին Երազ այգու տարածքում գինեգործական ընկերությունները նաև կվաճառեն իրենց արտադրանքը։

ԵՐԱԶԻ ԳԻՐՔ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Եթե երեխաների հետ եք ու մտածում եք, որ գիր-գինի-ջազ ձևաչափն այնքան էլ համապատասխան չի լինի, ապա մի շտապեք։ Այս տարի առաջին անգամ «Երազի գիրք» մանկական փառատոնը միանում է Newmag Summerfest-ին։ Newmag-ի ու Yeraz Projects-ի մանկական հատվածը կսկսվի 17:00-ին ու կտևի երկու ժամ։ Ծրագրում՝ 5 նոր մանկական գրքերի շնորհանդեսներ։ Մանկական փառատոնը գրքերից բացի երեխաներին կնվիրի նաև ժամանցային ծրագիր։

Ռուսլան Սաղաբալյան. «7 գալակտիկաների դպրոցը»

«Յոթ գալակտիկաների դպրոցը» ավելի շուտ է հրատարակվել, քան Հարրի Փոթերի մասին շարքը։ Հեղինակը հայ գրող Ռուսլան Սաղաբալյանն է։ Առաջին անգամ այն լույս է տեսել ռուսերեն ու միայն այս տարի հրատարակվել է հայերեն՝ «Երազ» մատենաշարի շրջանակում։

Սերենելա Կուարելո. Ալեսիո Ալչինի «Անհետագիտարան»

Ամենափոքր մասնիկն էլ կարևոր է բնության մեջ։ Սա նոր գիրք է՝ անհետացած կենդանիների մասին։ Իտալացի հեղինակ Սերենելա Կուարելոյի և նկարազարդող Ալեսիո Ալչինիի գիրքը հրավիրում է երեխաներին և մեծերին հետաքրքիր ճանապարհորդության՝ բացահայտելու անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանիների աշխարհը։

Սիգնե Վիշկա. «Կատեն ուզում էր պապիկ դառնալ»

Սա սիրո և նվիրվածության պատմություն է, որը կգրավի երեխաներին՝ յուրօրինակ նկարազարդումներով ու ջերմ զրույցներով։ Գրքի հեղինակը լատվիացի մանկագիր և թարգմանիչ Սիգնե Վիշկան է։

Լոտե Վիլմա Վիտինյա «Պոետն ու հոտը»

«Պոետն ու հոտը» մանկական պատկերազարդ գիրքը պատմում է փոքրիկ բանաստեղծի մասին։ Պոետը հրավիրում է երեխաներին բացահայտելու իրենց շրջապատող բույրերի հանրագիտարանը՝ ծովային քամուց մինչև քաղցր ելակ ու  տարբեր միջավայրերի յուրահատուկ հոտեր։ Իսկ գլխավոր անակնկալը՝ գիրքը ևս հատուկ բույր ունի։

Փոլ Մակքարտնի. «Հե՜յ, պապիկ»

Գիրքը Փոլ Մակքարտնիի ստեղծագործական գործունեության նոր էջ է, որը գրավել է երեխաներին ու ծնողներին՝ իր մոգական արկածներով ու գեղեցիկ նկարազարդումներով:

Մանկական փառատոնը գրքերից բացի երեխաներին կնվիրի բազմաժանր երաժշտություն, մանկական ներկայացումներ ու ոչ միայն։ Kids fest-ի բացումը կլինի երաժշտական ֆլեշմոբով։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Նոր ինքնություն» նորաձևության ակումբը փառատոնին կներկայացնի հայկական մոռացված պատմամշակութային խորհրդանիշներից մեկը՝ վիշապաքարը։ Ակումբը ստեղծել է Wishup բրենդը, որի առաջին հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 21-ին։

Փոլ Մակքարտնիի մանկական գրքի հայերեն հրատարակության առիթով The Beatles-ի հայտնի երգերը կկատարի «Այբ» դպրոցի «Ռոքեստր» ակումբի Battle of Evermore ռոք խումբը։ Կրթական-երաժշտական նախաձեռնությունն օգնում է հասկանալու երաժշտության բազմազան ոլորտները, ճանաչելու ժամանակակից երաժշտական միտումներն ու ճանապարհորդելու երաժշտական գունագեղ աշխարհով:

Մանկական փառատոնը կամփոփվի ներկայացումով. Այս տարի «Երազ» այգին երեխաների համար պատրաստել է անակնկալ՝ հատուկ զոնայում ամեն օր տեղի կունենա որևէ հայտնի գործի հիման վրա ստեղծված յուրօրինակ ինտերակտիվ ներկայացում։

Փառատոնի պաշտոնական փակմանն էլ Newmag-ը կհայտարարի Winterfest 2024-ին հայտարարած գրական մրցույթի հաղթողի անունը։ Գրական մրցույթն այս անգամ երիտասարդ գրողների համար է։ Ներկայացվել են երկու տասնյակից ավելի արձակ ստեղծագործութուններ։ Ժյուրիի ընտրած երիտասարդ հեղինակի գործը կհրատարակվի մյուս տարի՝ Ձմեռային փառատոնին։

Այժմ մանրամասն ծանոթացեք ծրագրին, երկու օրերի շնորհանդեսներին, համերգներին ու գինեգործների ելույթի և հյուրասիրության ժամանակացույցին։ Ընտրեք ձեր կամ ձեր բալիկի համար ամենահետաքրքիր միջոցառումներն ու հանգստյան օրերն անցկացրեք «Երազ» այգում։ Հաճելին ու օգտակարը համատեղելու համար Newmag-ը խոստանում է մինչև 40 տոկոս զեղչ՝ բոլոր գրքերի համար։

Տարածել

Մբապե
Մբապե

Լուկա Կայոլի

Սիրիլ Կոլո

6800 ֏

Նկարագրություն

Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։


Բրիտ-Մարին գալիս է քաղաք
Բրիտ-Մարին գալիս է քաղաք

Ֆրեդրիկ Բաքման

6800 ֏

Նկարագրություն

Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երևակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։ Ամուսնու հետ 40 տարի ապրելուց հետո Բրիտ-Մարին բացահայտում է նրա անհավատարմությունը, հավաքում է ճամպրուկներն ու նոր կյանք սկսում փոքրիկ քաղաքում։ Բորգում աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում, որը փակվելու վտանգի տակ է։ Բրիտ-Մարին հայտնվում է քաղաքի տարօրինակ բնակիչների՝ անհավանական խառնամբոխի ներսում։ Նրան շրջապատում են կլասիկ հարբեցողներ, տոհմիկ անբաններ և ինքնուս խաբեբաներ։ Եվ ո՜վ զարմանք նա ստանձնում է անտաղանդ երեխաների ֆուտբոլային թիմը հաղթանակի տանելու բարդ գործը։ 

Ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի մասին է։ Եվ այս ամենը կատարվում է մի աշխարհում, որը հաճախ կարող է մենության դրդել անպատրաստ մարդուն։ 

Մեզնից մեկը վերադարձել է
Մեզնից մեկը վերադարձել է

Քարեն Մակմանուս

7800 ֏

Նկարագրություն

Երրորդ խաղը ճակատագրական է։ Սայմոնի մահից երկու տարի անց Բեյվյուի ընկերախումբը փորձում է հաղթահարել իրադարձությունների հետևանքները: Սկզբում նրանք ստիպված էին ապացուցել, որ մարդասպան չեն։ Հետո նոր սերունդը պայքարեց վրեժխնդիր եղող կրկնօրինակի դեմ ու հաղթեց։ Այժմ Բեյվյուի քառյակը վերադարձել է տուն՝ ամառային հանգստի համար։ Բայց Բեյվյուում կյանքը երբեք հանդարտ չի լինում։ «Նոր խաղի ժամանակն է, Բեյվյո՛ւ» գրությամբ գովազդային վահանակը սկզբում չար կատակ թվաց: Բայց թիմի անդամի անհետացումից հետո ակնհայտ էր, որ խաղն իրական է՝ առանց խաղավարի ու նույնիսկ կանոնների: Սարսափ խաղը կարող է մահով ավարտվել: Չէ՞ որ Սայմոնը ճիշտ էր. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։

 

Ապրել
Ապրել

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը 31 պատմվածքների ժողովածու է։ Բերդ քաղաքի մարդկանց մասին է, ովքեր  կրում էին Արցախյան առաջին պատերազմի զրկանքները։ Իրենց առօրյայով, ցավերով ու հույսերով ապրող տավուշեցիների պատմություններն են։ Գիրքը պատերազմից փրկվածների մասին է ու նրանց մասին, ովքեր դարձան այդ արհավիրքի զոհը։ Հեղինակն ասում է՝ պատերազմի մասին գրելը նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։ Չէ՞ որ ինքդ քեզ կդավաճանես, եթե չկարողանաս ուղիղ նայել։ Կյանքը մահից արդար է սա է ճշմարտությունը։ Սրան պետք է հավատալ՝ ապրել կարողանալու համար։

 

Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները
Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները

Առնոլդ Շվարցենեգեր

5800 ֏

Նկարագրություն

Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։