BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Փրկե՞նք հայրենիքը». Տիգրան Հայրապետյանի պատասխանն

«Փրկե՞նք հայրենիքը». Տիգրան Հայրապետյանի պատասխանները՝ 30 տարի անց

newmag-y-n

«Փրկե՞նք հայրենիքը». Տիգրան Հայրապետյանի պատասխանները՝ 30 տարի անց

«Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Հախվերդյանին»։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողներին դիմեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Պարզած բազմաթիվ ձեռքեր տեսնելով ասաց, որ Տիգրան Հայրապետյանը քաղաքագիտության Ռուբեն Հախվերդյանն է։

«Տիգրան Հայրապետյանը ստեղծել է քաղաքագիտության հայերեն լեզուն, որը միաժամանակ շատ պարզ է, բայց ոչ՝ պարզունակ, էլեգանտ է, բայց ոչ՝ քաղքենի, գիտական է, բայց ոչ՝ բարդ, եւ, որ ամենակարեւորն է, Տիգրանի մեծությունը նրանում է, որ մինչեւ հիմա ակտուալ է։ Որոշակի առումով նա նաեւ վունդերկինդ է եղել, որովհետեւ 29 տարեկանում ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ կլինի Հայաստանի հետ 30 տարի հետո, դրանում մի բան կա»։

Լրագրող, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի երրորդ՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը արեւելագիտության ֆակուլտետում էր, որովհետեւ նախաձեռնողների բնորոշմամբ՝ հենց «արեւելագիտականի» սերունդն է 1980-ականներին ձեւավորել քաղաքագիտական եւ դիվանագիտական նոր մշակույթ։

Տիգրան Հայրապետյանը 1990-ականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր: Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել հայաստանյան եւ եվրոպական մամուլում: Տիգրան Հայրապետյանը մահացել է 1999-ին՝ ավտովթարից:

Newmag-ի նախաձեռնությամբ լույս է տեսնում նրա քաղաքագիտական ժառանգության արդեն 3-րդ հատորը։ Հրատարակությանը ֆինանսապես օժանդակել է գրող, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը։ «Փրկե՞նք հայրենիքը» գրքում ընդգրկված հոդվածներն ու վերլուծություններն անդրադառնում են այսօր հնչող առանցքային հարցերի՝ ինչո՞ւ է կարեւոր Արցախը, ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են լինել, ո՞րն է Արցախի հետ կապված Հայաստանի օրակարգը, ի՞նչ կլինի, եթե կորցնենք կամ ի՞նչ է լինելու, եթե չհանձնենք Արցախը։

Նազենի Ղարիբյան՝ Տիգրան Հայրապետյանի կինը

Երրորդ հատորը հիմնված է նախկինում տպագրված «Անապատի հազար տարի» հրատարակության վրա։ Այն ամբողջությամբ Հայաստանի մասին է։ Երբ որոշեցինք երրորդ հատորը հրատարակել, 900 էջից ավել էր ստացվում, ընթերցելու համար շատ էր։ Որոշեցինք ներառել այն բաժինները, որոնք այսօր ամենաակտուալն են։ Առաջին բաժինը նվիրված է պետականաշինությանը, որովհետեւ 30 տարի անց պետությունը կարծես էլի վտանգի տակ է, մենք  անընդհատ զգում ենք, որ վտանգ կա պետականությունը կորցնելու։

Երկրորդ բաժինը նվիրված է Արցախյան հակամարտությանը։ Երրորդ մասի վերնագիրն է՝ «Ինչպես՞ չհայտնվել մուրճի եւ սալիկի արանքում։ Այս բաժինն ամբողջությամբ նվիրված է ռուս-թուրքական սիրո եւ ատելության պատմությանը եւ Հայաստանին, որն այդ պատմության արդյունքում անընդհատ կորցնում է տարածքներ։ Տիգրանը փորձում է ցույց տալ ճանապարհ, թե ինչ է պետք եւ ինչ է հնարավոր անել, որպեսզի պարբերաբար չհայտնվենք մուրճի եւ սալիկի արանքում։

Աղվան Վարդանյան՝ գրող, քաղաքական գործիչ

Տիգրանն ամբողջական անհատականություն էր՝ իր բոհեմական, երաժշտական կյանքով, այնպիսի բացառիկ ընդունակություններ ուներ, որ կարողացել է, ցավոք, կարճ կյանքի ընթացքում հսկայական ժառանգություն թողնել, որը վերաբերում է ոչ միայն 1990-ական թվականներին՝ իր ստեղծագործած ժամանակին, այլեւ այնտեղ բացվում է այսօրը եւ վաղվա օրը։

Տիգրանը վերլուծում ու ցույց էր տալիս հնարավոր վտանգները, ինչ չի կարելի անել կամ ինչպես պիտի անենք։ Այսօր, ցավոք, շատերի ապաշնորհության պատճառով այդ կանխատեսումների մեծ մասն իրականացավ։

Արսեն Գասպարյան՝ քաղաքագիտության դոկտոր

Այս հատորում տպագրված է Տիգրան Հայրապետյանի՝ 1990-1991 թվականներին գրած «Հայաստանը՝ որպես միջին արեւելյան տուն» աշխատությունը։ Այդ գաղափարը Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգն էր Միջին Արեւելքում։ Տիգրան փորձեց, շատ ջանքեր գործադրեց, որպեսզի այդ աշխատությունը կարդան առաջին նախագահի աշխատակազմում։ Հաջողվեց, քննարկումներ եղան, բայց շատ բաներ չիրականացվեցին։

Այս հատորում շատ հոդվածներ կան՝ կապված Իրանի, Թուրքիայի հետ։ 1992 կամ 1993 թվականին Տիգրանը գրում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, գործընկեր դառնալ, բայց նույնիսկ չեն կարողանում ապահովել Թուրքիայի չեզոքությունն Արցախի հարցում։ Արդյոք սա արդիական չէ՞։

Ռուբեն Մելքոնյան՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան

Տիգրան Հայրապետյանն արձանագրել է մեր պետության հիմնական խնդիրները եւ վտանգների աղբյուրները, թե որտեղից կարող են գալ։ Այդ ժամանակ այդ վտանգները միգուցե տեսանելի չէին։ Տիգրան Հայրապետյանի ֆենոմենը նաեւ նրանում էր, որ տեսել է այն, ինչ ժամանակակիցները չեն տեսել։ Տեսել է ոչ թե անձնական շահի կտրվածքով, այլ պետականության, հավիտենական արժեքների համապատկերում։

Ուզում եմ 3 մեջբերում անել գրքից։ Առաջինը՝ գրված 1993 թվականին. «Արեւմուտքը լեգիտիմացնում է Ադրբեջանի հավանական հարձակումը Հայաստանի եւ Արցախի վրա՝ նրա հետ կապելով տարատեսակ պայմանագրեր եւ հրաժարվելով իր սկզբունքից՝ հարաբերություն չհաստատել այն պետությունների հետ, որոնք խնդիրների լուծման մեթոդը տեսնում են ուժայինը»։

Երկրորդ մեջբերումը. «Մենք մեր փրկությունը սպասում ենք Արեւմուտքից կամ Ռուսաստանից։ Որեւէ մեկի վրա մենք չպետք է հույս դնենք։ Հրաշքին չսպասել, այլ մեր կողմից գործել, ակտիվություն ցուցաբերել։ Դա է բանալին, եթե ուզում եք պետություն ունենալ եւ գոյություն ունենալ»։

Եվ երրորդը, որը, կարծում եմ, ամենակարեւորն է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրներ լուծելու հայ ժողովրդի կարողության սահմանը… Արցախը Հայաստանի վերջին բաստիոնն է։ Չկա Արցախ, չկա Հայաստան»։ Սա գրել է 1993-1994 թվական, երբ Արցախը նոր ազատագրում էինք։   Հետեւաբար, 1993 թվականի հեռավորությունից Տիգրան Հայրապետյանն ասում է բոլորին՝ հասկացողներին ու չհասկացողներին՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Տարածել