Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը
12/24/2025
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը, որի ընթացքում կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետները, բիզնեսի, պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց լավագույն փորձը, նորարարական մեթոդներն ու առաջատար գործիքները:
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը, որի ընթացքում կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետները, բիզնեսի, պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց լավագույն փորձը, նորարարական մեթոդներն ու առաջատար գործիքները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Նախագծերի կառավարման ինստիտուտը (Project Management Institute PMI) տվյալ ոլորտի համաշխարհային առաջատար մասնագիտական կազմակերպությունն է, որը ստեղծվել է 1969 թվականին, ունի գլոբալ ներկայություն 200-ից ավելի երկրներում, միավորում է հարյուրավոր մասնաճյուղեր և միլիոնավոր մասնագետներ ամբողջ աշխարհում։
Նախագծերի կառավարման ինստիտուտը (PMI) սահմանում է ոլորտի միջազգային չափանիշները, տրամադրում է լայնորեն ճանաչված սերտիֆիկացումներ (ներառյալ PMP®), հրապարակում է նախագծերի կառավարման ստանդարտը և ստեղծում է հզոր մասնագիտական համայնքներ՝ նպաստելով ոլորտի կայուն աճին ու զարգացմանը։ Նախագծերի կառավարման դերն, անշուշտ, մեծ է Հայաստանում։ Նախագծերի կառավարումը կարևոր է յուրաքանչյուր բնագավառում, ներառյալ՝ ենթակառուցվածքների, ՏՏ, բանկային, պետական կառավարման, մշակույթի, սպորտի և այլ ոլորտները: Այն ապահովում է կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, տնտեսական աճը, ռազմավարությունների հաջող իրականացումը:
Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը (PMI Armenia Chapter) իր հերթին շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունը Հայաստանում նախագծերի կառավարման մշակույթը, կրթությունն ու պրոֆեսիոնալ չափանիշները զարգացնելն է: Կազմակերպության հիմնական գործառույթներն են՝ մասնագիտական համայնքի զարգացումը, կրթական ծրագրերի իրականացումը, լավագույն փորձի տարածումը պետական, մասնավոր և միջազգային կազմակերպություններում:
Տվյալ բնագավառում Հայաստանի միջազգային հաջողությունն առավել քան ակնառու է։ 2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված PMI-ի գլոբալ համաժողովի շրջանակում հայաստանյան կազմակերպության նախագահ Աստղիկ Սահակյանը պարգևատրվեց PMI Chapter Leadership Impact Award մրցանակով՝ հաղթող ճանաչվելով ամբողջ Եվրոպայի տարածաշրջանում: Այդ կարևոր ձեռքբերումն, անշուշտ, բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը նախագծերի կառավարման համաշխարհային համայնքում։
Այս տարվա գլխավոր միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել PMI-ի նախագահ և գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը, AMS-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գրեյս Նաջարը, PMI-ի Իտալիայի նախագահ Կարմինե Պարաջանոն, PMI-ի Ղազախստանի նախագահ Ազամաթ Տոյմբետովը և PMI-ի Վրաստանի նախագահ Իլիա Ռեվիան:
Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը PMI-ի չորս նախագահների հետ անցկացրեց բացառիկ պանելային քննարկում, որի ընթացքում նրանք կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով ու խորհուրդներով: Աստղիկ Սահակյանը «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակն է, որը տվյալ ոլորտին առնչվող առաջին հայերեն աշխատությունն է: Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիք ձեռք բերելու համար։
Փորձառու մասնագետները տվյալ գրքի շնորհիվ կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններն ու մոտեցումները, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ռազմավարական գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։
Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը, որն իր հերթին «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ հանդիսանում է նշված միջոցառման բովանդակության գործընկերը։ Իսկ գլխավոր հովանավորը Evoca բանկն է։
Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխության նպատակն է գնահատանքի արժանացնել տարբեր ոլորտներում բարեհաջող իրականացված նախագծերի ղեկավարներին։
«Հայտերի ընդունումը մեկնարկել է մրցանակաբաշխությունից մի քանի ամիս առաջ և ունեցել ենք հստակ չափանիշներ։ Դրանք թեև քիչ են, բայց բավականին ընկալելի են։ Նպատակն այն է, որ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ դիմեն ու ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը։ Չափանիշների հիման վրա կազմել ենք կարճ ցուցակ։ Միջազգային ժյուրին այդ ցուցակից ընտրել է հաղթողներին։ Ունեցել ենք հիսունից ավելի հայտեր։ Այս տարի շատ ակտիվ էր սոցիալական ազդեցության նոմինացիան։ Ներկայացվել են բազմաթիվ հոյակապ նախագծեր, ուստի հաղթողներին ընտրելու գործընթացը շատ դժվար է եղել»,- ասաց Սահակյանը։
Նրա բնորոշմամբ՝ ընթացիկ տարին կազմակերպության համար շատ յուրահատուկ է, որովհետև վերոհիշյալ միջոցառման շրջանակում Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահի այցը Հայաստան վկայում է, որ մեր երկրում նախագծերի կառավարիչների համայնքն արդեն բավականին հզոր է։
Evoca բանկի վարչության նախագահի տեղակալ, և PMI-ի հայաստանյան ներկայացուցչության խորհրդի նախկին անդամ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծերի կառավարիչների դերը մեր իրականության մեջ բավականին բարձր է, քանզի նրանք այն մարդիկ են, ովքեր իրականություն են դարձնում յուրաքանչյուր ընկերության մեծ գաղափարներն ու երազանքները։
«Մեր թիմը մշտապես մոտիվացնում է բոլորին կարդալ և սովորել նախագծերի կառավարման հիմունքները և օգտագործել ամենօրյա աշխատանքում։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Evoca բանկը հովանավորում է այս մրցանակաբաշխությունը, քանի որ այն շատ կարևոր նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին զարգանալ ու ներկայացնել իրենց նախագծերը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Evoca բանկը նույնպես սահմանել է մրցանակ, որը շնորհվելու է հատուկ կարևորություն ունեցող նախագծի հեղինակին։
AMS խորհրդատվական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Գրեյս Նաջարն իր հերթին նշեց, որ իրենք հիմնականում զբաղվում են արհեստական բանականությանն առնչվող և կայուն զարգացմանը վերաբերող նախագծերով։
«Այս միջոցառումն ինքնին կարևոր է Հայաստանի համար, որտեղ գրանցվում է առաջընթաց։ Նման նախաձեռնությունների շնորհիվ՝ հնարավոր է զարգացում ապահովել նաև տարատեսակ նախագծերում, որոնք վերաբերում են կառավարչության խթանմանն ու արժեքները կյանքի կոչելուն։ Կարևորում ենք նաև համապատասխան ներդրումների ներգրավումը Հայաստանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել շարունակական հաջողություններ ու երկարաժամկետ կայուն զարգացում։ Այն նախագծերը, որոնք ներկայացվել են մրցանակաբաշխությանը, բավականին հետաքրքիր են ու հաջողված»,- ասաց Նաջարը։
Նա հավելեց, որ ներդրումները սովորաբար դառնում են արժեք, երբ իրականացվում է նախագծերի ճիշտ կառավարում, հետևաբար կառավարչի հանձնառությունն է օգտագործել անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի նախագծերն իրականացվեն նախանշված ժամկետներում, նախընտրելի գումարով և որակով։ Լինելով ժյուրիի անդամ՝ Նաջարն ընդգծեց, որ նման միջոցառման անցկացումը վկայում է այն մասին, որ Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունն իր գործառույթներն իրականացնում է լավագույն կերպով։
Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը լրագրողների հետ զրույցում շատ բարձր գնահատեց հայաստանյան ներկայացուցչության դինամիկ և աշխույժ գործունեությունը։
«Հայաստանն այն երկրներից է, որտեղ առկա է կառավարման արտոնագրված նախագծերի մեծ քանակություն, և այդ ցուցանիշը շարունակաբար աճում է։ Հայաստանը մեր կողմից կազմակերպված միջոցառումներին ցուցաբերում է ակտիվ մասնակցություն՝ տարբեր ասպարեզներում ստանալով բարձր գնահատական։ Հայաստանյան ներկայացուցչության աշխատանքը մշտապես արժանանում է գովասանքի՝ ունենալով լավ արձագանքներ»,- ասաց Լը Մանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կազմակերպված համաժողովն ու մրցանակաբաշխությունը կարևոր են այն առումով, որ ի հայտ են գալիս նախագծեր ու անհատներ, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանի զարգացման մեջ։ Լը Մանը կարևորեց նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը նման միջոցառումներին։ Նա շատ ուրախ է և պատրաստ է համագործակցել պետական կառույցների հետ։
Project Management Awards-ը Հայաստանում ոլորտի առանձնահատուկ մրցանակաբաշխությունն է, որը կազմակերպում է PMI-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ Առաջին անգամ այն անցկացվել է 2024 թվականին, իսկ այս տարի ներկայացված էին հետևյալ անվանակարգերը՝ Տարվա նախագծերի ղեկավար, Նորարարության նախագծի ղեկավար, Կայունության նախագծի ղեկավար, Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար։
Project Management Conference & Awards 2025-ի շրջանակում պարգևատրվեցին Հայաստանի լավագույն նախագծերից մի քանիսը։ Տարվա նախագծի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց «Դոպինգ» ընկերությունը, Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելու համար։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը պարգևատրվեց Նորարարությունների նախագծի ղեկավար անվանակարգում Ավտոմեքենայի առուվաճառքի թվային հարթակ նախագծի համար։ Կայուն զարգացման նախագծի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց «Ինվայըրմենթ Գրուփ» ընկերությունը Կոտայք և Գեղարքունիք մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի համար։ Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը «Սերունդ» ծրագրի համար։ Հանրային ոլորտի նախագծերի հատուկ մրցանակը տրվեց ՀՀ կառավարությանն ու Համաշխարհային բանկին ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված Արհեստական բանականության (AI) և Մեքենայական ուսուցման (ML) համակարգ նախագծի համար։ Էվոկաբանկի կողմից հատուկ մրցանակը տրվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու «Իննոբիզ» կազմակերպությանը Բյուր հարթակ նախագծի համար։ Հատուկ մրցանակի արժանացավ «Նյումեգ»-ը «Նյումեգ գրքի փառատոն» նախագծի համար։
Աստղիկ Սահակյան
6800 ֏
Նկարագրություն
Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։