«Սա գիրք է Մեսսիի՞, թե՞ Մեսսիայի մասին». կայացել է արգենտինացու մասին պատմող հայերեն գրքի շնորհանդեսը
Newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»սպորտային բեսթսելլերը, որի շնորհանդեսը կայացել է հունվարի 30-ին: Կազմակերպիչների խոսքով, «Ռոնալդու. կատարելության տենչով»գրքի հայերեն տարբերակը ներկայացնելուց հետո սոց.ցանցերում, և ոչ միայն, իրենք բազում մեկնաբանություններ, անձնական նամակներ ու բողոքներ են ստացել, թե երբ է լույս տեսնելու Մեսսիի մասին պատմող գիրքը:
Իտալացի հայտնի մարզական լրագրող Լուկա Կայոլիի գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է արգենտինացին ստիպված եղել անցնել:
Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը. նա մինչ այս թարգմանել էր Կայոլիի «Ռոնալդուն. կատարելության տենչովը» և ասում է, որ այս գրքերի թարգմանությունից հետո ինքն էլ ֆուտբոլասեր է դարձել.
«Հեղինակը մի քանի շեշտադրում է կատարել, որոնցից մեկը Ռոնալդու-Մեսսի հակամարտությունն է: Նրանց միջև առկա մրցակցությունը հեղինակը մշտապես վառ է պահել գրքում, նա ներկայացրել է ոչ միայն Մեսսիի կենսագրությունը, այլ նրա կենսագրությունը Ռոնալդուի հետ համեմատությամբ: Համեմատությունն, իմիջիայոց, վերաբերում է ամեն ինչին, օրինակ թե ինչ ապրանքանիշի կոշիկներ են նախընտրում կրել այս երկու մարզիկները:
Պետք է նշեմ, որ հատկապես երկրորդ գրքից հետո, ես հասկացա, որ հեղինակի ֆավորիտը Մեսսին է»,- ասում է Լիանա Զաքարյանը:
«Որքան էլ՝ մենք Մեսսիի հետ նույն ժամանակաշրջանում ենք ապրում, տեսնում ենք նրան խաղադաշտում և դրա սահմաններից դուրս , միևնույն է՝ կան հետաքրքիր փաստեր, որոնք լավ է իմանալ: Կարծում եմ` Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից յուրաքանչյուրից ինչ-որ բան ունի ու դա նրան բացառիկ, եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ»,- ասում է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, որը «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել:
Ի դեպ, Էդուարդ Քալանթարյանը, նախաբանում բացատրում է, թե ինչու է հենց Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Միջոցառմանն, ի թիվս մարզական լրագրողների ու երկրպագուների, ներկա էր նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, որը թեև իրեն Մեսսիի երկրպագու չի համարում, բայց խոստացել է ընթերցել այն.
«Հրաշալի նախաձեռնություն է: Գիրքը մեր կյանքի անբաժանելի մասը պետք է կազմի: Մենք պարտավոր ենք ունենալ հայերեն գրականություն տարբեր ոլորտներում, տվյալ դեպքում` սպորտային: Այն երիտասարդները, երեխաները, ովքեր սիրում են Մեսսիին, կկարդան նաև գիրքը` զբաղվելով նաև ընթերցանությամբ:Մեծ հաճույքով կընթերցեմ այն: Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն»,- ասում է Գաբրիել Ղազարյանը:
Հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ ներողություն խնդրեց արգենտինացու երկրպագուներից գիրքն ուշ թողարկելու համար, և պատմեց առաջիկա ծրագրերի մասին.
«Մեսսիով մենք ազդարարում ենք գրահրատարկչական տարին: Մեսսին առաջինն էր, բայց ոչ վերջինը: Ներողություն եմ խնդրում Մեսսիի երկրպագուներից այն փոքր-ինչ ուշ ներկայացնելու համար: Պատճառներից մեկն այն է, որ այն շատ հաստափոր է` 560 էջ, ու հսկայական աշխատանք է կատարվել: Երբ գիրքը պատրաստ էր, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին ասացի, որ այն 560 էջից է բաղկացած, ասաց` «Դա Մեսսիի՞ մասին է, թե՞ Մեսսիայի»:
Եվ հետո, որպեսզի գրքում օգտագործված տերմինները հասկանալի լինեն նաև այն մարդկանց համար, ովքեր ֆուտբոլից տեղյակ չեն, մենք ամեն ինչ ծանոթագրում էինք: Արդյունքում ունեցանք 560 էջ և 234 ծանոթագրություն»,- իր խոսքում նշել է Արտակ Ալեքսանյանը և հավելել, որ Newmag հրատարակչական ընկերությունը շուտով կներկայացնի նաև գրքեր ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի մասին:
«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը գրախանութներում հասանելի կլինի փետրվարի 1-ից: Այն կարժենա 5800 դրամ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը