«Տակից» աշխատող Ջո Բայդենը՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքում
Newmag հրատարակչության Winter Fest-ին ներկայացվել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գիրքը:
Newmag հրատարակչության Winter Fest-ին ներկայացվել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գիրքը:
Գաղտնազերծված ու գրքում ներկայացվող փաստաթղթերը վերաբերում են հայ-ամերիկյան առաջին շփումներին, հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վրա ամերիկյան ազդեցությանը:
Սուրեն Սարգսյանն ընթերցողներին մանրամասներ է ներկայացնում «Գոբլի պլանի», 907-րդ բանաձեւի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լեւոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։
Գրքում ներառված են նաեւ ամերիկացի դիվանագետների՝ Երեւանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։
Հայ-ամերիկյան առաջին շփումները սկսվել են 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին: Երկրաշարժից 72 ժամ անց Հայաստան է հասել ամերիկյան առաջին օգնությունն, իսկ Սուրբծննդյան նախօրեին Հայաստան են այցելել Ջորջ Բուշի որդին ու թոռը, որոնք ամերիկյան օգնությունն անձամբ են տարել Սպիտակ, եղել հիվանդանոցներում:
Երկրաշարժից մեկ ամիս անց ԱՄՆ է այցելել Երեւանի փոխքաղաքապետ Բաբկեն Վարդանյանն, ու հայկական պատվիրակությանն անակնկալ կերպով ընդունել է ընտրված նախագահ Բուշը, որն այդ ժամանակ ԱՄՆ գործող փոխնախագահն եր: 1991թ.-ի նոյեմբերին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր անց ԱՄՆ է մեկնել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը եւս հանդիպել է նախագահ Ջորջ Բուշին:
Հայաստանը Հարավային Կովկասի պետություններից առաջինն էր, որի հետ 1992թ.-ի հունվարին ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Օրեր անց պատմական այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:
Newmag Winter Fest-ում գրքի վերաբերյալ քննարկման մասնակից ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված էր Հայաստանով ու այդ մասին են վկայում հայ-ամերիկյան առաջին շփումները:
Վլադիմիր Դիլանյանը, ով 1989թ.-ին Երեւանի քաղաքային ղեկավարի պատվիրակության կազմում հանդիպել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջորջ Բուշին, պատմել է.
«Ֆանտաստիկ հետաքրքիր հանդիպում էր Սպիտակ տանը: Մեր պատվիրակության կազմում հինգ մարդ էր, որքանով հասկանում եմ, նրանցից միայն ես եմ հիմա ողջ: Հանդիպման վերջում Ջորջ Բուշն ինձ նվիրել է իր այս նշանը, որը պահում եմ»:
Գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը նշել է, որ գրքում շատ են բացահայտումները. «Եթե գոնե ինձ համար փորձեմ առանձնացնել մեկ-երկու ամենաուշագրավները, կնշեմ 907-րդ բանաձեւի վերաբերյալ բացահայտումը»:
ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ բանաձեւն ընդունվել է 1992թ.-ին: Դրանով ԱՄՆ կառավարությանն արգելվել է ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի որ վերջինս շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
«Կարծես՝ այս բանաձեւի մասին ամեն ինչ ասված է, ամեն ինչ քննարկված է, բայց բոլորի մոտ կա կարծիք, եւ այն հիմնավոր է, որ 907-րդ բանաձեւի հեղինակը սենատոր Քերրին էր, որը հետագայում դարձավ ԱՄՆ պետքարտուղար, իսկ հիմա նախագահ Բայդենի խորհրդականն է կլիմայի հարցերով: Նախկին պետական պաշտոնյաների հետ հարցազրույցների արդյունքում, սակայն, մեզ հաջողվեց պարզել, որ 907-րդ բանաձեւի շողքը, այսինքն «տակից» աշխատող ուժը եղել է մեկ այլ սենատոր, ում անունն է Ջո Բայդեն: Նա եղել է այս բանաձեւի հիմնական շարժիչ ուժերից: Այդ մասին ներկայացված է գրքում», - ասել է Սուրեն Սարգսյանը:
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը կարեւորել է նման գրքերը ապագայի համար դասեր քաղելու տեսանկյունից.
«Տարածված կարծիք է, որ պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց դասականն ասում էր՝ պատմությունը դասատու չէ, որ մեզ դասեր տա, պատմությունը դպրոցի խիստ վերակացու է, որը պատժում է, եթե դասերը չենք սովորում: Այնպես որ, ներկայացված պատմական արձանագրությունները մեզ դասեր չեն տալիս, դրանք կպատժեն, եթե չսովորենք»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը