BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Թքած չունենալու կոշտ արհեստը

Թքած չունենալու կոշտ արհեստը

newmag-y-n

Ամերիկացի Մարկ Մենսոնը ծնվել է 1984-ի մարտի 9-ին: Ու չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն ձեռներեց է ու ամբողջ աշխարհում հայտնի գրող: Բոլորովին վերջերս լույս տեսավ նրա գիրքը, որն արդեն իսկ բեսթսելեր է համարվում: Գիրքը կոչվում է «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Ճիշտ է, մեծ տառերով վերնագրի տակ կա նաեւ փոքր տառերով ենթավերնագիրՙ «Երջանկության պարադոքսալ բանաձեւը», բայց քանի որ «Թքած ունենալու նուրբ արվեստը» ավելի շատ ընթերցող կգավի, քան «Երջանկության պարադոքսալ բանաձեւը», այդ պատճառով էլ առաջինը մեծ տառերով է գրված, երկրորդըՙ փոքր: Մի խոսքով…

Գիրքն արդեն կա հայերենով, ինքս դեռ չեմ կարդացել, բայց Մենսոնի որոշ մտքերին ծանոթ եմ: Օրինակ մարդը կարծում է, որ սերը խնդիրներ չի լուծում հարաբերություններում: Մենսոնը իր խոսքն ապացուցում է սեփական օրինակով: Նա գրել է, որ ինքն է ու ընկերուհին խենթի պես սիրահարված էին իրար, սակայն բնակվում էին տարբեր քաղաքներում, միմյանց հաճախ չէին տեսնում, բացի այդ նրանց ծնողներն ատում էին իրար: Այս ամենը հանգեցնում է վեճերի ու խնդիրների, որոնք սկզբնական շրջանում հաղթահարվում էին եւ ամեն անգամ, երբ Մարկն ու իր ընկերուհին հանդիպում էին, հասկանում էին, որ առանց իրար չեն կարող ապրել ու միասին կարող են հաղթահարել ամեն բան: Բայց, ինչպես Մենսոնն է գրում, այդ ամենը միայն թվում էր, վեճերը չդադարեցին, խնդիրները չլուծվեցին եւ զարմանալի չէ, որ 4 տարվա պայքարն ու ընկերությունը կոտրվեց: Ես իհարկե չգիտեմ, թե այս խիստ սուբյեկտիվ եւ հակաշեքսպիրյան պատմությունը տեղ գտե՞լ է արդյոք Մենսոնի գրքում, ամեն դեպքում սրանից հետո կարելի է ենթադրել, թե որտեղի՞ց է Մարկը սովորել թքած ունենալու նուրբ արվեստը:

Ի դեպ, Հայաստանում եւս այս գիրքը մեծ պահանջարկ ունի, դատելով այն ոգեւորությունից, որը նկատվում է գիրքը ձեռք բերածների մոտ: Այսինքն մենք գրեթե համատարած ուզում ենք տիրապետել թքած ունենալու նուրբ արվեստին, գրեթե համատարած, քանի որ մյուսներն արդեն տիրապետում են: Դե, օրինակ, մինչեւ հեղափոխությունը, որն իմիջիայլոց կոչվում է սիրո հեղափոխություն, մենք թքած ունեինք, թե ով կգա իշխանության, կարեւորը գործողը հեռանա: Հիմա մենք թքած ունենք սիրո վրա, չնայած, եթե շատ անկեղծ, ապա սիրո վրա մենք միշտ ենք թքած ունեցել, եւ ինչպես տեսնում ենքՙ Մարկ Մենսոնը նույնպես: Հայաստանին ու աշխարհին առհասարակ թքած ունենալու նուրբ արվեստը չէ, որ պետք է սովորել, այլ ճիշտ հակառակը, մեզ անհրաժեշտ է սրտացավության նրբագույն արվեստին տիրապետել, անկախ նրանից, թե յուրաքանչյուրս մեր տներում կամ հարազատների համար որքանով ենք ջիգյարով: Մեզ օրենք կատարողներ են պետք, ոչ թե դրանց վրա նրբորեն թքելու հարցում վարպետացածներ, որոնց տներում վայրի կենդանիներ են ապրում: Մեզ ոչ հերոսներ են պետք, ոչ էլ օրինապաշտության շոուները, մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ամեն օր իրենց գործն են անումՙ առանց օրենք խախտելու եւ հերոս հռչակվելու ակնկալիքի: Մեզ պետական, քաղաքական, զինվորական, տնտեսական, դատական, մարզական,… լրագրողական պատասխանատվության այնպիսի պարտք է պետք, որը չի մարվում փողով: Մեզ երջանկություն է պետք առանց պարադոքսների, ուղղակի, հասարակ, պարզ, ինչպես օրինակ ծովի ափին կանգնելն ու ճայերին նայելը: Բայց քանի որ այս ամենը հնարավոր չէ, կամ գրականություն է, ապա կարդանք Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»:

AZG.AM

Տարածել