5-րդ անգամ անցկացվում է «Երազի գիրք» մանկական փառատոնը
05/12/2026
«Երազի գիրք» մանկական փառատոնը 5-րդ անգամ փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին ներկայացնում է համաշխարհային ու հայկական գրականության լավագույն ստեղծագործություններն ու բեսթսելլերները։ Փառատոնի կազմակերպիչները Newmag հրատարակչությունն ու Yeraz Projects-ն են։
«Երազի գիրք» մանկական փառատոնը 5-րդ անգամ փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին ներկայացնում է համաշխարհային ու հայկական գրականության լավագույն ստեղծագործություններն ու բեսթսելլերները։ Փառատոնի կազմակերպիչները Newmag հրատարակչությունն ու Yeraz Projects-ն են։
Փառատոնին կլինի միանգամից 5 նոր գրքի շնորհանդես, որոնք կներկայացվեն հետաքրքիր ձևաչափով ու ինտերակտիվ շնորհանդեսներով։ Պատանի ընթերցասերները նույնպես կմասնակցեն շնորհանդեսներին, կներկայացնեն գրքերը, կանցկացնեն բաց դաս գրքերից մեկի թեմայով։ Փոքրիկ ընթերցողները հնարավորություն կունենան մասնակցելու գրքերի քննարկումներին:Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակը երեխաների համար ընթերցանությունն առօրյա կյանքի անբաժանելի մաս դարձնելն է:
Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը։ Գործակցության շնորհիվ «Երազը» ներկայացնում է հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը, և երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։ Մատենաշարը նոր մշակույթ է ոերել մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք ունի համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում. սա նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ «Երազ» մատենաշարն ունի իր խորհրդանիշը՝ « Թռչող միաեղջյուրը», որը երեխաներին հայտնի է ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձի։ Առասպելական այդ կենդանին խորհրդանշում է ողջախոհություն, հոգեկան մաքրություն։ «Երազ» մատենաշարի գրքերը ունեն չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 6-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Դասակարգումները գրքերի վրա են և թույլ են տալիս ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի։ Հենց երեխաների գրքերի համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։ «Երազ» մատենաշարն ունի արդեն 20-ից ավել գիրք:
«Երազի գիրք» փառատոնն ունի հյուր. հատուկ մանկական գրքատոնի համար Հայաստան է ժամանում լատվիական ամենահայտնի մանկական վեպերից մեկի հեղինակ Ռասա Բուգավիչուտե-Պեցեն։ Փառատոնին նա կհանդիպի հայ ընթերցողների հետ ու կպատմի «Մթության մեջ տեսնող տղան» վեպի մասին: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով, այն հուզիչ ու խորը սոցիալական շերտերով գիրք է՝ պատանիների ու ծնողների համար։ Վեպի բեմադրությունը արդեն 7 տարի Լատվիայի ազգային թատրոնի խաղացանկում է։ 2020-ին արժանացել է Յանիս Բալտվիլկսի անվան մրցանակին։ Քննարկումից հետո հեղինակը կպատասխանի ընթերցողների հարցերին, կմակագրի գրքերը։
Համաշխարհային բեսթսելլեր Diary of a Wimpy Kid պատկերազարդ գրքի երրորդ մասի շնորհանդեսը նույնպես կլինի փառատոնին։ Պատկերապատման երրորդ հատորը կոչվում է «Համբերության վերջին կաթիլը»: Փառատոնին տեղի կունենա նաև Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպի շնորհանդեսը։ Մեկ դար առաջ գրված վեպը համարվում է պատանեկան դասական գրականության ամենահայտնի նմուշներից։ Գիրքը մի քանի անգամ հրատարակվել է հայերեն, բայց Newmag-ն այն ներկայացնում է նոր խմբագրությամբ, առաջին անգամ հայերեն թարգմանված 15 գլուխներով։
«Երազի գիրք» փառատոնին կներկայացվի Աննա Ստարոբինեցի՝ բազմաթիվ մրցանակների արժանացած «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքը՝ «Գայլի որջը»: Կենդանական դետեկտիվը 6–12 տարեկան ընթերցողների համար է: Ամենափոքրերի համար փառատոնին կներկայացվի «Բրիոշն ու Տարտինը» ֆրանսիական կոմիքսը։ Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը պատմություն է ընկերության մասին։
«Երազ» մատենաշարն ամեն տարի ներկայացնում է նաև գրքեր ծնողների համար։ Այս անգամ հայերեն է հրատարակել ծնողավարման մասին ամենակարևոր գրքերից մեկը՝ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ ու ավելի երջանիկ ծնողավարում» ձեռնարկը։ Ուղեցույցը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։
Բացի շնորհանդեսներից, սպասվում են նաև ինտերակտիվ խաղեր, քննարկումներ, հյուրասիրություն։ Երաժշտական հատվածը կապահովեն Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ դասական կատարումներով:
Գրքասեր երեխաները, ծնողներն ու մանկավարժները միասին կկարդան, կլսեն ու կբացահայտեն գրքերի զարմանահրաշ աշխարհը։ Փառատոնը ոչ միայն գրական, այլ նաև կրթական և մշակութային հարթակ է, որտեղ երեխաները բացահայտում են գրքերի կախարդական աշխարհը և ձևավորում ընթերցողի իրենց առաջին կարևոր սովորությունները։ «Երազի գիրք» մանկական 5-րդ փառատոնը տեղի կունենա մայիսի 3-ին, «Երազ» այգու փակ սրահում, 14:00-18:00, մուտքն ազատ է։
Նոյել Ջենիս-Նորթոն
7800 ֏
Նկարագրություն
Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։
Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։
Գրքում կգտնեք՝
- ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
- քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
- անցանկալի վարքը կանխելու ուղիներ
- երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
- իրական ընտանիքների պատմություններ և փորձ
Էդմոնդո դե Ամիչիս
6800 ֏
Նկարագրություն
Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։
«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։
Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում․ հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։
Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Վիոլետ Վաիս
4800 ֏
Նկարագրություն
«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։
Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար
Երազ ԱՅԲ
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։
Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։
Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Կարդա նաև
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ
«Նոր գիրք»-17/26. Հարությունյան, Լևի, Ամիչիս