Յուրօրինակ կամուրջ ընթերցողների, հրատարակիչների, գրողների միջև. «Արմենպրես»- ն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր»-ը
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները: «Տարվա ամենապահանջված թարգմանություն», «Տարվա հեղինակ», «Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ». այս և այլ անվանակարգերում հայտնի դարձան հաղթողների անունները: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Նազարյանը նշեց, որ «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում գործընկեր հրատարակիչների աջակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ անցկացվեց «Գրքապտույտ» մրցույթը, որը մեծ արձագանք ստացավ: Մրցույթի հաղթողների նվերները փոխանցվեցին Գիրք նվիրելու օրը, իսկ ահա փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի խորհրդանշական օրը, մրցանակներ են շնորհվում «Բեսթսելեր» նախագծի շրջանակում:
«Այս մրցույթի, նախագծի գլխավոր նպատակը գրքի նկատմամբ սիրո ամրապնդումն է, գրքի հանրահռչակումը: «Բեսթսելեր» նախագիծն արդեն մեկ տասնամյակ է ընթերցողներին է ներկայացնում ամենապահանջված գրքերը: Քանի դեռ հայ ստեղծագործողը շարունակելու է նոր գործեր արարել, քանի դեռ հրատարակիչները շարունակելու են նոր գործեր ներկայացնել ընթերցողներին, այդքան ժամանակ «Երևանյան բեսթսելեր» նախագիծը շարունակելու է թողարկվել»,-ասաց Նարինե Նազարյանը:
«Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Գիժլարյանը Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:
«Շատ լավ գործ եք անում, ես միշտ անհամբեր սպասում եմ «Երևանյան բեսթսելերին»: Շատ ուրախ եմ, որ նախագծի մի մասն եմ»,-ասաց Նարինե Գիժլարյանը:
«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Սյունե Սևադան «Կախվածություն» գրքի՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար: Սյունե Սևադան, կարևորելով նախագծի անցկացումը, նշեց, որ ցանկացած գրողի համար հաճելի է լինել առաջինը: Նրա խոսքով, այս նախագիծը շատ է ոգևորում ստեղծագործողներին: Այն ձևավորում է յուրօրինակ կապ ընթերցողի, հրատարակչի, գրողի միջև:
«Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ» անվանակարգում ամենապահանջված մանկապատանեկան գրականության լույս ընծայման, Հարրի Փոթերը շարքի՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար մրցանակի արժանացավ «Զանգակ» հրատարակչությունը: «Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար: Նա բոլորին մաղթեց գրքառատ, գրական իրադարձություններով հարուստ տարի:
«Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար մրցանակ շնորհվեց «Newmag» հրատարակչությանը:
«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ իրենք շատ են գնահատում «Արմենպրես»-ի այս նախաձեռնությունը: Նրա խոսքով, ցանկացած հրատարակչություն պետք է հետևի այս նախաձեռնությանը: Հենց «Երևանյան բեսթսելեր» նախագծի շնորհիվ հրատարակիչները կարողանում են իմանալ, թե ինչն է ամենից շատ հետաքրքրում ընթերցողներին:
«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ տրվեց «Բուկինիստ» հրատարակչությանը Ռոբին Շարմայի գրքերի՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:
«Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Անտարես» հրատարակչությունը հայ հեղինակների գործերի լույսընծայման և արտերկրում թարգմանության գործում ներդրած անգնահատելի ջանքերի համար, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Սփյուռք» մատենաշարով Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար, Արամ Անանյանը «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի հիմնադրման և գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար: Վերջինս «Բալզակ. մի շան պատմություն» գրքի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու, ընթերցողների հետ կապի ամրապնդման անգնահատելի ջանքերի համար «Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակ» շնորհեց Լևոն Նեսին:
«Շատ հուզիչ պահ է ինձ համար, իսկապես չէի ակնկալում: Կարծում էի, թե միայն մրցանակ եմ փոխանցելու: «Արմենպրես»-ի նոր տնօրենը նույնքան ջանասիրությամբ շարունակում է այս հրաշալի նախագիծը, ինչը ուրախացնում է»,-ասաց Արամ Անանյանը:
Մրցանակն անակնկալ էր նաև Լևոն Նեսի համար: Նա ընդգծեց, որ այն պարտավորեցնող է, ու կարևոր համարեց աշխատանքի գնահատանքը:
«Երբ ես տարիներ առաջ գիրքս տանում էի հրատարակչություն, չէի ակնկալում, որ օրերից մի օր մրցանակ կստանամ: Իսկապես շնորհակալ եմ գնահատականի համար»,-ասաց Լևոն Նեսը:
«Անտարես»-ի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը ցանկացավ բոլորին բազմաթիվ նոր գրքեր: «Այնքան շատ բեսթելերներ, որ ձեր գործը շատանա ու չհասցնեք»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով «Արմենպրես»-ին:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով, կարևոր է այն, որ այս տարիների ընթացքում «Արմենպրես»-ի հրատարակիչների միջև կապը շարունակական եղավ: Նա ընդգծեց, որ «Արմենպրես»-ի ներդրումը մեծ է գրքի հանրահռչակման գործում:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է