Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը»՝ հայերեն
100.000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Այս բար
100.000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Այս բարդ հարցերի սրամիտ պատասխաններն ուսանելի նկարազարդումներով ներկայացված են Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքում, որի առաջին հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին, Newmag. Winter fest 2023 գրքի փառատոնի շրջանակում։
Որպես գրականության նոր ձևաչափ՝ կոմիքսներն ու գրաֆիկական նովելներն արդեն վաղուց մեծ տարածում ունեն, հատկապես՝ ժամանակակից թվային և վիզուալ հաղորդակցությունների համատեքստում։ Աշխարհի ամենահայտնի գիտնականներից Յուվա Նոյ Հարարիի «Սապիենսը» այն բեսթսելլերներից մեկն է, որը հայ ընթերցողին այսուհետ հասանելի կլինի հայերեն թարգմանությամբ։
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի առաջին հատորն է, որը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում են դյուրըմբռնելի տեքստերով: Կոմիքսների ժողովածուն նկարազարդել են Դեյվիդ Վանդերմյուլենն ու Դենիել Կազանավը։
Գրաֆիկական նովելը հայերեն է թարգմանել Լիանա Զաքարյանը։ Հենց նա է նաև Հարարի երկու գրքերի՝ «Home Deus»-ի և «XXI դարի 21 դասերը» գրքերի թարգմանիչը։ հեղինակները նաև նշում են, որ, ի տարբերություն սովորական գրքերի, կոմիքսների դեպքում կան սահմանափակումներ։ Այստեղ ավելի բարդ է լինում տեքստերի հայերեն կարճ թարգմանությունը տեղավորել փոքրիկ ամպիկները, ուստի պետք էր կարողանալ ամբողջությամբ փոխանցել թե՛ ձևը ու թե՛ բովանդակությունը։
Կոմիքսի տեսքով գիրքը չի կորցրել իր խորությունն ու թեմայի բարդությունը։ Այն կարդալն ու հասկանալը նույնչափ ջանք է պահանջում, ինչ բնօրինակը, պարզապես ավելի հեշտ ու ընկալելի է։ Հայերեն թարգմանությամբ կոմիքսը կարող է դառնալ և՛ մեծահասակների և՛ երեխաների սիրելի գիրքը։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելն արդեն ավելի հեշտ է հենց այս կոմիքսների միջոցով։
Հիշեցնենք, որ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելի առաջին հատորի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 15։00-ին Կոնգրես հյուրանոցում՝ Newmag Winter Fest-ի շրջանակում։ Այդ օրը գիրքը վաճառվելու է 40 տոկոս զեղչով։