«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը կնպաստի հայ և օտարազգի ստեղծագործողների հանրահռչակմանը
Հայաստանում և աշխարհում կին գրողների դերն ու նշանակությունը բարձրացնելու, կին ստեղծագործողներին և նրանց գործերը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով օնլայն հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը:
«Ֆորումի նպատակը կին գրողներին ուշադրության կենտրոն բերելն է, հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնելը, արտասահմանցի կին գրողներին Հայաստանի ընթերցողներին ներկայացնելն ու հայ, օտարազգի կին գրողների միջև երկխոսություն ստեղծելը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:
Նրա խոսքով՝ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:
Անդրադառնալով «Զապել» անվանը՝ Աշխարոյանն ընդգծեց, որ ֆորումը կրում է պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: «Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են Եսայանի գրքերը: Նա, ապրելով Օսմանյան կայսրությունում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, բարձրաձայնել է կանանց իրավունքների մասին, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել է որբերին, փրկել նրանց: Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարևոր ժառանգություն: Ֆորումը նրա անունով կոչելով՝ ցանկացանք հարգանքի տուրք մատուցել Զապել Եսայանի հիշատակին»,-նշեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց ֆորումի իրականացման ձևաչափը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն և անգլերեն կայքը, որն ունի բազմաբնույթ էջեր: «Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես տեղեկանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը: «Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, օտարազգիներ, միջազգային ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, ստեղծագործությունները, կհրապարակենք նաև անտիպ գործեր: «Լուրեր» բաժնում կներկայացնենք նոր գրողներին, գրական իրադարձություններն ու նորությունները»,- շեշտեց Գոհար Մանուկյանը:
Նա հայտնեց, որ արդեն իսկ հարցազրույցներ են անցկացրել գրողների հետ: Ֆորումի շրջանակում ամեն ամիս փորձելու են տարբեր երկրների գրողների ամիս հայտարարել. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:
«Փաստ է, որ բազմաթիվ գրողներ իրենց ստեղծագործությունները թողնում են թղթի վրա, տպագրելուց հետո դրանք ոչ բոլորին են հասու դառնում: Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց գործերը»,- եզրափակեց Մանուկյանը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը