FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Մահվան առևտրականն» ու գյուտարարը. Ալֆրեդ Նոբելի կ

«Մահվան առևտրականն» ու գյուտարարը. Ալֆրեդ Նոբելի կյանքն ու կտակը

Շվեդ պացիֆիստ, գյուտարար և քիմիկոս Ալֆրեդ Նոբելը հնարեց դինամիտը, որպեսզի դրանով վերջ դնի պատերազմներին: Բայց ստացվեց հակառակը: Շատերի համար նրա այդ գյուտն առավել քան ճակատագրական էր: 1888-ին, երբ մահացավ նրա եղբայրը` Լյուդվիգ Նոբելը, ֆրանսիական մի հանդես սխալմամբ Ալֆրեդին վերագրեց վախճանը և իր մահախոսականում Նոբելին անվանեց «մահվան առևտրական»: Նոբելը կարդաց «իր համար» գրված դաժան տողերը և ցնցվեց մինչև հոգու խորքը. «Ուրեմն իմ իրական մահվան դեպքում ես ա՞յս գնահատականին եմ արժանանալու»... Չցանկանալով պատմության մեջ մնալ նման սարսափելի ածականով` Նոբելը որոշեց իր ողջ ունեցվածքը կտակել սերունդներին: Այսպես ծնվեց մարդկության պատմության մեջ ահռելի դեր խաղացող Նոբելյան մրցանակաբաշխությունը:
Նոբելի հայրը` էմանուել Նոբելը, դեռ փոքրուց հետաքրքրվում էր գյուտարարությամբ: Ուպսալի համալսարանն ավարտելուց հետո Ստոկհոլմում ճարտարապետ է եղել: 1837-ին տեղափոխվել է Ֆինլանդիա, որը Ռուսական կայսրության կազմում էր: Հետո կնոջ և երեք որդիների` Ռոբերտի, Լյուդվիգի և Ալֆրեդի հետ բնակություն է հաստատել Պետերբուրգում: Այնտեղ էլ 1842-ին նա հիմնում է իր առաջին մեխանիկական գործարանը: Այդ տարիներին ագրարային Ռուսաստանը հզոր բանակի ու ռազմական գործարանների կարիք ուներ: Այդ բնագավառում էլ հաջողության հասավ հայր Նոբելը: Նրան համարում էին ստորջրյա ականների գյուտի հեղինակ, ռուս-թուրքական առաջին պատերազմի տարիներին (1853-1856թթ.) նրա ստեղծած ու արտադրած ականները վճռորոշ դեր խաղացին թուրքական նավատորմի դեմ տարած հաղթանակում: Սակայն հաշտության պայմանագրի ստորագրումով ցարական բանակը վերադարձավ «հին տաշտակին»` նորից սկսեց զենքը գնել Արևմուտքից: Հայր Նոբելի ու նրա գյուտերի կարիքն այլևս չէր զգացվում: 1859-ին նա վերադարձավ Շվեդիա, իսկ որդիները մնացին Պետերբուրգում ու շարունակեցին հոր գործը:

Նոբելյան որդիները


Լյուդվիգն ու Ռոբերտը 1860-ականներին դարձան հաստոցների նախագծման ու արտադրության ոլորտում ձեռնարկատերեր և Պետերբուրգում հիմնեցին խոշոր մեքենաշինական գործարան` «Լյուդվիգ Նոբել», որը հետագայում վերանվանվեց «Ռուսկի դիզել»: 1870-ականներին արդեն նրանց ուշադրության կենտրոնում էին Բաքվի նավթահանքերը, որոնցից արդյունահանումը դեռևս ցածր մակարդակի վրա էր: Այստեղ եղբայրները միավորեցին իրենց կուտակած նախնական կապիտալն ու հիմնեցին նավթարդյունաբերական խոշոր ձեռնարկություն, որն աշխատում էր արդեն ժամանակակից տեխնիկայով: Նոբելները Շվեդիայում պատվիրեցին աշխարհում առաջին տանկերները, որոնք կանոնավոր նավարկում էին Կասպից ծովով ու Վոլգայով: Այսպես սկսվեց Բաքվի նավթի համաշխարհային ճանաչումն ու արդյունահանումը: Իսկ Ռուսական կայսրությունը նավթ ներմուծողից վերածվեց աշխարհի առաջատար արտահանողի:
Էմանուելը վերադարձավ Շվեդիա, շարունակեց ռուսական բանակի համար զինամթերք արտադրել և սկսեց պայթուցիկ նյութեր փորձարկել: Ալֆրեդն արդեն հասուն ինժեներ-քիմիկոս էր և փորձ ուներ նոր պայթուցիկ նյութի` նիտրոգլիցերինի կիրառության ոլորտում: Այս էժան ու արդյունավետ նյութը շատ հեռանկարային էր համարվում հանքարդյունահանման և լեռնագործության համար: Ալֆրեդը Շվեդիա վերադարձավ և հոր հետ հիմնեց նիտրոգլիցերինի առաջին փորձարարական գործարանը: Հայրը շուտով ձեռնարկության ղեկը հանձնեց Ալֆրեդին:

Նոբելյան գյուտերը


Նիտրոգլիցերինի փորձարկումներն ու դժբախտ պատահարները շարունակվում էին, և որոշ երկրներ արգելեցին դրա արտադրությունը: Ուստի Ալֆրեդը հարկադրված էր լարել իր պրպտուն միտքը` նոր միացություններ ու կիրառություններ գտնելու համար: Նիտրոգլիցերինը խառնելով ինֆուզոր հողի հետ` 1866-ին նա ստացավ դինամիտը: Սա շրջադարձային կետ էր և' նրա կյանքում, և' պայթուցիկ նյութերի արտադրության ոլորտում: Դինամիտը հեշտ կիրառելի էր և առավել անվտանգ: Դինամիտը պիրոտեխնիկայի բնագավառում ամենախոշոր հայտնագործությունն էր վառոդի ստեղծումից հետո: Նոբելը դինամիտի արտադրության խոշոր գործարաններ կառուցեց Համբուրգում: Նրա ձեռնարկությունը մեծ թափ ստացավ, կարողությունն էլ սկսեց սրընթաց աճել: 1887-ին ծնվեց նրա նոր գյուտը՝ բալիստիտը. հրազենի համար այս լավագույն պայթուցիկ միջոցն արագորեն լայն կիրառում գտավ Եվրոպայում:
Նոբելի կյանքի վերջին տասնամյակը բարդ ու հակասական էր: Շատերի համար նա արդեն ոչ միայն գյուտարար ու ձեռնարկատեր էր, այլև բարեգործ, որին կարելի էր դիմել օգնության խնդրանքով: Ընկերներին գրած իր մի նամակում Նոբելը խոստովանում է, որ մարդկանց ցուցաբերած նրա օգնությունը կազմում է տարեկան 7 միլիոն շվեդական կրոն, այս գումարը կերազեր անգամ Ռոտշիլդը: Նոբելը նախևառաջ օգնում էր երիտասարդ և տաղանդավոր գիտնականներին, որոնք ձգտում էին իրենց համար ճանապարհ հարթել: Մյուս կողմից` Նոբելից հաճախ Էին գողանում նրա գաղափարները, նաև շատանում էին այն մարդիկ, ովքեր նրան մեղադրում էին «մահաբեր արտադրանք ստեղծելու և տարածելու մեջ»: Նա ընկավ դատական քաշքշուկների մեջ, և քիչ էր մնում հայտնվեր սնանկացման եզրին: Այնինչ, Նոբելը խորապես պացիֆիստ մարդ էր: Խաղաղության պատշպանությանը նվիրված կոնգրեսի կազմակերպիչ իր բարեկամին ուղղած նամակում Նոբելը գրում էր.
«Իմ գյուտերն ավելի շո՜ւտ կդադարեցնեն պատերազմները, քան ձեր կոնգրեսները: Երբ հակամարտող կողմերը հասկանան, որ մի ակնթարթում կարող են ոչնչացնել իրար, կհրաժարվեն պատերազմներ վարել»:

1890-ականների սկզբին բժիշկները նրա սրտի անբուժելի հիվանդություն հայտնաբերեցին: Այլևս ի վիճակի չլինելով ակտիվ կյանք վարել` նա մեկուսացավ իտալական Սան Ռեմո առողջարանային քաղաքում, գնեց մի կոկիկ առանձնատուն, որն անվանեց «Միո նիդո» («Իմ բույնը») և մենության մեջ ձեռնամուխ եղավ իր կտակը կերտելուն: Նա վախճանվեց 1896թ. դեկտեմբերի 10-ին:

Նոբելյան կտակները


Ալֆրեդ Նոբելի արխիվում պահպանվել է երկու կտակ: Առաջինը գրվել է 1893-ին, ըստ որի` իր ողջ ունեցվածքի 20 տոկոսը բաժին էր ընկնում իր ընկերներին ու ազգականներին, իսկ մնացած 80 տոկոսը պետք է տնօրինեին Ստոկհոլմի համալսարանը և Գիտությունների թագավորական ակադեմիան` «գիտելիքների լայն ոլորտում աչքի ընկնող նվաճումների համար մրցանակներ հանձնելու նպատակով»: Սակայն երկու տարի անց` 1895թ. նոյեմբերի 27-ին, արդեն ծանր հիվանդ վիճակում նա գրում է իր երկրորդ կտակը: Դրանում արդեն ավելի հստակ գրված էր, որ ամբողջ ունեցվածքը պետք է վերածել դրամի ու այն դարձնել հիմնադրամ: Դրանից ստացվող տարեկան եկամուտները պետք է բաժանել հինգ մասի և բաշխել հետևյալ կերպ, մի մասը` ֆիզիկայի ոլորտում խոշորագույն գյուտերի համար, երկրորդը` քիմիայի, երրորդը` ֆիզիոլոգիայի և բժշկության, մյուս երկուսն` այն անձանց պարգևատրելու համար, ովքեր մեծ հաջողությունների են հասել գրականության բնագավառում և խաղաղության ամրապնդման ոլորտում: Շատ տարիներ անց` 1968-ին, այս հնգյակին ավելացավ նաև տնտեսագիտության ոլորտում առավել աչքի ընկնող անձանց համար նախատեսվող մրցանակը: Սկզբնական փուլում Նոբելի հիմնադրամը 31 մլն. շվեդական կրոն էր: Տոկոսադրույքները ժամանակի հետ ավելացան, պարգևների չափերն էլ փոխվեցին:
Նոբելի կտակը հրապարակվեց նրա մահից մի փոքր ուշ` 1897-ի հունվարին, և ամենահակասական արձագանքներ ստացավ: Շվեդական մամուլը գրում էր, որ այդ պարգևները կհանգեցնեն կոռուպցիայի, շվեդ ազգայնամոլները սկսեցին Նոբելին մեղադրել կոսմոպոլիտիզմի մեջ, քանի որ պարգևները տրվելու էին անկախ ազգությունից ու դավանանքից: Իսկ եղբորորդիներն անգամ փորձեցին ոչնչացնել կտակը, չէ՞ որ Նոբելն ընտանիք չէր ստեղծել, և եղբորորդիները Նոբելի արածը համարում էին մեծ սրիկայություն:

Նոբելյան մրցանակները


Շվեդիայի թագավորը Նոբելի հիմնադրամի կանոնադրությունը հաստատեց 1900 թ. հունիսի 29-ին: Առաջին Նոբելյան մրցանակները շնորհվեցին Նոբելի մահվան հինգերորդ տարելիցին` 1901թ. դեկտեմբերի 10-ին: Նոբելյան մրցանակն Ալֆրեդ Նոբելի պատկերով և համապատասխան մակագրությամբ ոսկե մեդալ է, դիպլոմ և դրամական անդորրագիր: Նոբելյան մրցանակը շնորհվում է անկախ ազգությունից, սեռից, ռասսայից: Բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, բոլոր մնացած մրցանակները շնորհվում են անհատապես և միայն մեկ անգամ:
Նոբելյան մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում զուգահեռաբար Ստոկհոլմում և Օսլոյում` Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Այդ օրը Շվեդիայում պաշտոնապես պետական դրոշը բարձրացնելու օր է: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության մրցանակը շնորհում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, ֆիզիոլոգիայի կամ բժշկության գծով մրցանակը շնորհում է Ստոկհոլմում գտնվող Կարոլինայի թագավորական բժշկավիրաբուժական ինստիտուտը, գրականության գծով մրցանակը` Շվեդիայի ակադեմիան, իսկ խաղաղության ամրապնդման համար մրցանակները հանձնում է Նորվեգական խորհրդարանի Նոբելյան կոմիտեն:

Նոբելյան մրցանակակիրները


Նոբելյան մրցանակաբաշխության ժյուրին երբեմն խիստ վիճահարույց որոշումներ է կայացրել: Միջազգային հանրության ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ գրականության ասպարեզում Շվեդիայի ակադեմիան հաճախ սուբյեկտիվ է գտնվել, և տարբեր տարիներ Նոբելյան մրցանակակիրներ են դարձել համաշխարհային գրականության մեջ ոչինչ չասող անուններ. Սյուզի Պրյուդոմ, Հայդենշտամ, Լաքսնես, Սեֆերիս, Մարտինսոն, Բյորնսոն և այլք, մինչդեռ պարտվողների ցուցակում հայտնվել են Լև Տոլստոյը, Բերթոլդ Բրեխտը, Մարկ Տվենը, Մարսել Պրուստը, Պոլ Վալերին, Սոմերսեթ Մոեմը, Մարիա Ռիլկեն, Սքոթ Ֆիցջերալդը, Ջոզեֆ Քոնրադը, Վիրջինիա Վուլֆը, Թեոդոր Դրայզերը և շատ այլ մեծանուն գրողներ:
Խաղաղության Նոբելյան առաջին մրցանակակիրն էր ֆրանսիացի գյուտարար Ֆրեդերիկ Փասսին (1901): Այս մեկ դարից ավելի ժամանակահատվածում մրցանակներ են ստացել ԱՍՆ նախագահներ Թեոդոր Ռուզվելտն (1906) ու Վուդրո Վիլսոնը (1919), նորվեգացի հումանիստ Ֆրիթյոֆ Նանսենը (1922), Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Օսթին Չեմբեռլենը (1925), Մարթին Լյութեր Քինգը (1964), ԱՍՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը (1973), խորհրդային ֆիզիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը (1975), Մայր Թերեզան (1979), ԽՍՀՄ Փլուզման «ճարտարապետ» Միխայիլ Գորբաչովը (1990), Նելսոն Մանդելան ու Ֆրեդերիկ դե Քլերքը (1993), Յասեր Արաֆաթն ու Շիմոն Պերեսը (1994), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը (2001) և շատ այլ ճանաչված դեմքեր:

Նոբելյան հայը


2007թ. Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվեց Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական Խմբին (ԿՓՓՄԽ) և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Առնոլդ Գորին` «կլիմայի փոփոխության մասին մեծածավալ գիտելիքներ ստեղծելու և տարածելու, այդ փոփոխությանը հակազդելու համար պահանջվող միջոցառումների հիմքերը ստեղծելու գործում նրանց ներդրած ջանքերի համար»:
Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական Խումբը ստեղծվել է 1988-ին` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Համաշխարհային Օդերևութաբանական կազմակերպության (WMO) նախաձեռնությամբ: Առաքելությունն էր կլիմայի գլոբալ փոփոխության մասին անկախ գիտական խորհրդատվություն տրամադրելը, այդ փոփոխության տեմպերը և հնարավոր հետևանքները գնահատելն ու դրանց հակազդելու հիմքեր ստեղծելը: Կազմակերպությունը 20 տարում հրապարակել է չորս հիմնական զեկույց, որոնց արդյունքում աշխարհի գրեթե բոլոր պետությունները համոզվեցին, որ կլիմայի փոփոխությունը մարդածին բնույթ ունի, և այդ երևույթին հակազդելու համար պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկել: 90-ականների սկզբից այդ գործընթացներին սկսեց մասնակցել նաև Հայաստանը, իսկ 96-ին մեկնարկեց մեր ազգային ծրագիրը, որի նպատակը Կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի առաջին ազգային զեկույցը պատրաստելն էր: Այն հրապարակվեց 1998-ին: Դրանում հանգամանալից ներկայացված են այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել գլոբալ տաքացումը: 1995-ին այս կազմակերպության հայաստանյան փորձագետ նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, մթնոլորտի ֆիզիկոս Մարտիրոս Ծառուկյանը և հետագա տարիներին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կազմակերպության աշխատանքներին: Ֆիզիկոս Ծառուկյանը ստացավ Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական Խմբին շնորհված 2007 թ. Խաղաղության Նոբելյան Մրցանակի հավաստագրի` իրեն տրամադրված օրինակը: Ուղեկցող շնորհակալական գրության մեջ մասնավորապես ասված է. «...Ուրախ եմ Ձեզ ուղարկել ԿՓՓՄԽ-ին շնորհված 2007թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հավաստագրի օրինակը: Այս հեղինակավոր պարգևը ստանալու պատիվը վերապահված է Ձեզ և Ձեր գործընկերներին, քանի որ միանգամայն նշանակալի ներդրում ունեցաք ԿՓՓՄԽ գործունեության մեջ»:

newmag #12

Տարածել