Ազնավուր, Մանուշյան, Սառ, Նոտոմբ ու Լյուգան. Ֆրանկոֆեստի 5 հեղինակները
09/19/2024

FrancoFest2024-ին newmag-ը կներկայացնի աշխարհահռչակ 5 դեմքերի ստեղծագործությունները։ Ֆրանսալեզու յուրօրինակ գրքերի հեղինակները նույնքան ինքնատիպ են, որքան նրանց գործերը։
Անցած տարի newmag-ը ֆրանկոֆոն բովանդակության առաջին փառատոնին ներկայացրեց ֆրանսիացի հայտնի գրող Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» գործը։ Այս Ֆրանկոֆեստին հրատարակչությունը կներկայացնի հեղինակի «Թշնամու հարդարանքը» վեպը, որը հրատարակվել է 2001 թվականին:
Ամելի Նոտոմբի բոլոր գրքերի շապիկներին հենց նա է։ Նոտոմբը սերում է Բելգիայի Էտեերբեկ քաղաքի ազնվական ընտանիքից: Մանկության տարիներին շատ է ճամփորդել, որովհետև հայրը դիվանագետ էր:
Բրյուսելի համալսարանի ռոմանական լեզուների բաժնում ուսանելուց հետո երազանքներով լի մեկնեց Տոկիո: Սակայն տեղ հասնելով՝ հասկացավ, որ նոր աշխատանքն իր երազածը չէ, և սկսեց գրել: Նոտոմբը 26 տարեկանում հրատարակում է առաջին՝ «Հիգիենան և մարդասպանը» վեպը, որից հետո ամեն տարի լույս է տեսնում նրա մի նոր գիրք: Բելգիայի պետական մրցանակի դափնեկիր է: Բելգիայի թագավոր Ֆիլիպը նրան շնորհել է բարոնուհու տիտղոս:
Նախորդ Ֆրանկոֆեստին newmag-ը հայերեն էր հրատարակել ֆրանսիական ժամանակակից գրականության ամենահոգեթով գրողի գիրքը։ Հայ ընթերցողը «Երջանիկները ընթերցում են և սրճում» գործով ծանոթացավ Անյես Մարտեն-Լյուգանին։ Վեպը հրատարակվել է դեռ 2013-ին, այն գրողի դեբյուտային գործն էր, որն անսպասելի հաջողություն ունեցավ ֆրանսալեզու գրական աշխարհում։
Անյեսն ամեն տարի գրում է նոր բեսթսելլեր: Հոգեբան գրողը հայտնի է իր զգացմունքային վեպերով, որոնքներկայացնում են անձնական աճի, ինքնության և մարդկանց հարաբերությունների թեմաները: Նա եղել է կլինիկականհոգեբան, և մասնագիտական փորձն օգնում և խորություն է հաղորդում նաև նրա գրական ստեղծագործություններին:
Այս անգամ newmag-ը հրատարակել է «Թելից կախված երջանկություն» գործը, որը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը:
Հաջորդ գրողը, որի գիրքը թարգմել ու փառատոնին ներկայացնելու ենք, Սենեգալցի հեղինակ Մոհամեդ Մբուգար Սառն է։ Ծնվել է Դաքարում՝ բժշկի ընտանիքում: Ազգությամբ սերեր է: Ավարտել է Սեն Լուի զինվորականդպրոցը: 2009-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Գրականություն և փիլիսոփայություն է սովորել Փարիզի Հասարակական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցում։
Սառը Սահարյան Աֆրիկայի առաջին գրողն է, որը 2021-ին ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը. նրան «Գոնկուր» է շնորհվել «Հիշողության թաքստոցում» գրքի համար։ Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Հեղինակի սահուն ձեռագիրն ու սյուժեի աստիճանական բացահայտումները ստիպում են շունչը պահած գործն ընթերցել մինչև վերջ:
Ֆրանկոֆեստին newmag-ը կներկայացնի Ֆրանսահայ գործիչ Մելինե Մանուշյանի գիրքը։ Հեղինակը Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կինն էր ու մարտական ընկերը: Ցեղասպանությունից փրկված Մելինեն ու Միսաքը հանդիպեցին Փարիզում և սիրահարվեցին միմյանց:
Անհոգությունը շատ կարճ տևեց. սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, և Ֆրանսիան օկուպացվեց։ Մելինեն դարձավ Դիմադրության շարժման մարտիկների անփոխարինելի օգնականը և ընդհատակյա պայքարի լիարժեք մասնակիցը։ Ամուսնու մահից 30 տարի անց Մելինեն հավաքեց իր բոլոր հուշերը, իր ամբողջ տխրությունը և ամենը հանձնեց գրքին։
Եվս մի բացառիկ հրատարակություն, որն ընթերցողին newmag-ը կներկայացնի Ֆրանկոֆեստին։ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, խնամքով հավաքել ու կազմել է հոր փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով:
Հինգ գիրք, որտեղ կհանդիպեք կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր։ Ֆրանկոֆոն բովանդակությամբ փառատոնին հրատարակչության բոլոր գրքերն ընթերցողները կարող են գնել մինչև 40 % զեղչով։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
Փառատոնի գործընկերներ
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն,
- Ֆրանսիական ինստիտուտ,
- Հայաստանում ֆրանսիական համալսարան,
- Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր հովանավոր
Մեդիա գործընկերներ
Կարդացեք նաև
- Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովանդակությամբ աննախադեպ փառատոն / Francofest-2024
- FrancoFest 2024 / GONCOURT մրցանակը ազգային ժյուրի է ստեղծում Հայաստանում
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
