Եթե կա «Նիվա», պետք է ցույց տաս այն. Անդրեյ Բեդնյակովը` «Орел и решка»-ի երևանյան թողարկման մասին
Անդրեյ Բեդնյակովը հետսովետական տարածաշրջանի ամենահայտնի թրևլ հեռուստահաղորդավարն է՝ կոմիկ, շոումեն, բնույթով և «մասնագիտությամբ» ՈՒՀԱ-իստ (КВН-щик): Իր հմայքի, իմպրովիզ կատակների և տիպիկ նմանակությունների շնորհիվ շատ արագ գրավել է հեռուստադիտողների սիրտը։ Սակայն ինչպես բոլոր կոմիկները, Բեդնյակովը նույնպես տառապում է «ծաղրածուների հիվանդությամբ». երբ կա երկու (ուրախ և տխուր) ծաղրածուների ֆակտորը, որից մեկը դարձել է քո հանրային կերպարը, ուրեմն երկրորդն ավելի ստույգ է բնորոշում քո առօրյան, կենցաղայինն ու ներքինը։
Կոմիկ, սակայն չդերասան
Նա նկարահանվել է մեկ-երկու կինոէպիզոդում, սակայն իրեն դերասան չի համարում. հուրախություն կամ ի տխրություն իր երկրպագուների՝ կինոյում նկարահանվել առանձնապես չի ցանկանում։ «Մանկական և դեռահասային հասակում եղել են ճամբարներ, խմբակներ, ընտանեկան և ընկերական մթնոլորտում ներկայացված հանդերձանքով ու կրկնօրինակումներով ելույթներ, բեմում կատակելու բազում փորձեր»։ Շատ է սիրում սովետական ֆիլմերը, առանձնահատուկ հաճելի է դիտել այդ ֆիլմերը հեռուստացույցով, ոչ թե համացանցում. « «Ծառայողական սիրավեպը», «Միմինոն»։ Առհասարակ սիրում եմ բոլոր այն ֆիլմերը, որոնք կարող են հոգիդ տակնուվրա անել։ Ոչ միայն ամերիկյանը (ինչպես նշված է հին հարցազրույցներից մեկում - ծան. հեղ.). դանիականը, իսլանդականը, ֆրանսիականը... Կապ չունի»։
Մտորումներ մեդիաշուկայի շուրջ
«Կան հումորիստներ, որոնց ոչ թե նմանվել ես ցանկանում, այլ նայում ես և հասկանում, թե ինչին կարելի է ձգտել. օրինակ՝ ետխսհմականներ Իվան Ուրգանտը և Գարիկ Մարտիրոսյանը։ Իհարկե, ինձ նախ և առաջ դուր են գալիս ամերիկյան նայթ շոուները. անզեն աչքով երևում է, որ ռուսական այդ ժանրի հաղորդավարների համար ամերիկյաններն օրինակ են ծառայում։ Դա երևում է հաղորդումների խորագրերից և կատակներից։ Այնպես որ, այո՛, ինձ դուր են գալիս ամերիկյան հաղորդավարները (Քոնան Օ’Բրայանը և մյուսները), նրանք շատ տաղանդավոր են և զվարճալի»։
Երևանում շատ...
«Համեղ է, մարդիկ ջերմ են... Բոլոր-բոլոր քաղաքներն ու երկրները տարբեր են։ Բոլո՛ր։ Հայաստանն ունի հրաշալի բնություն։ Ձեր Արարատը, ձեր տաճարները, հրաշալի երաժշտությունը, դուդուկը. դուք ունեք ձեր երգերը, ձեր մշակույթը։ Կարելի է հպարտանալ այն երկրով, որն ունի իր մշակույթը։ Հայաստանը, այո՛, ուրիշ է։ Կան նմանություններ մեր Խարկովի հետ։ Դրա շնորհիվ Հայաստանը տարբերվում է, օրինակ, Վրաստանից։ Դա չի նշանակում, որ լավ է կամ վատ, ուղղակի յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն հմայքը։ Այստեղ հարմարավետ է»։
Ես հաղորդավար եմ, և ինձ տալիս են տեքստ...
«Ինձնից շատ էր նեղացել նաև Տաջիկստանը։ Ես շատ լավ եմ վերաբերվում այդ երկրին, հրաշալի մարդիկ են, մեզ այնքան լավ էին ընդունել... Սակայն մարդիկ, որոնք ապրում են այդ երկրում, պետք է ադեկվատ ընդունեն երկրի մինուսներն ու պլյուսները։ Դրանք ուղղակի մինուսներ չեն, այլ այն, ինչ կա՝ իրականությունը, և դրանից չես փախչի։ Եթե կա «Նիվա»՝ պետք է ցույց տաս «Նիվա» (խոսքը «Орел и решка»-ի երևանյան թողարկման մասին է – ծան. հեղ.)։ Խնդիրն այն է՝ երբ թողարկումը դուր է գալիս, գովում են միայն հաղորդավարին՝ մոռանալով սցենարիստների, օպերատորների, ռեժիսորի մասին, իսկ երբ դուր չի գալիս, կրկին ամեն ինչ ուղղվում է հաղորդավարին՝ մոռանալով սցենարիստներին, օպերատորներին և ռեժիսորներին»:
P.S. Ես ուզում եմ դիմել այն բոլոր մարդկանց, որոնք նեղացել էին որևէ կերպ, և ասել՝ պետք չէ նեղանալ։ Ես եկա կրկին և հերթական անգամ գալով՝ նկատում եմ ուրիշ նյուանսներ և անում հետևություններ։ Երևանը հրաշալի քաղաք է, ժամանակակից չէ. այստեղ չկան սուպերթանկ շենքեր, երկնաքերներ, դուք չունեք ապակու պես հարթ ճանապարհներ, բայց քաղաքը «քոնն է»։ Դու հասկանում ես, որ այն ոչ երեք և ոչ էլ չորս տարեկան է՝ արհեստական ձևով սարքած։ Այլ սա պատմություն է. քայլում ես Երևանով և հասկանում ես՝ սա է պատմությունը։
Լուսանկարները` Աղվան Ասոյանի