BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կաննի փառատոնի 5 գլխավոր ֆիլմերը, որ պետք է դիտել

Կաննի փառատոնի 5 գլխավոր ֆիլմերը, որ պետք է դիտել

ՌՈՒԲԵՆ ՕՍԹԼՈՒՆԴ. «Քառակուսի»


Դուրս գալ շրջանակներից, սովորական դարձած հարմարավետությունից, բարենպաստ պայմաններից։ Օսթլունդի ֆիլմը, որը և ստացավ այս տարվա Կաննի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենին, ժամանակակից եվրոպացու պոլիտկորեկտության, արժեհամակարգի, ինքնապաշտպանության և վստահության մասին է։
http://www.youtube.com/watch?v=_bPMQ8omnTs
Ապրում է իր իդեալական բնակարանում մի իդեալական տղամարդ և ամեն ինչ իր կյանքում լավ է լինում։ Մի օր աշխատանքի գնալիս փողոցում օգնություն խնդրող մի կին բախվում է տղամարդու հետ։ Տղամարդն, իհարկե, օգնում է, չնայած այդ պահին չի հասկանում հստակ, թե ինչ պետք է անի և ինչ է առհասարակ կատարվում։ Իսկ րոպեներ անց պարզվում է, որ ոչ ոք օգնություն էլ չէր խնդրում, և սա ուղղակի բեմադրված ակտ էր, որի արդյունքում տղամարդը կորցրեց իր բջջայինն ու դրամապանակը։
Օսթլունդի ֆիլմը հոգեբանական և փիլիսոփայական առակ է, ժամանակակից արվեստի, սոցցանցերի, ինտիմ հարաբերությունների և մարդկային շփման ծուռ հայելի՝ արատները մեր դիմաց են։


ՄԻԽԱՅԵԼ ՀԱՆԵՔԵ. «Երջանիկ ավարտ»


Հանեքեն ծանր դրամաների, կոտրված սրտերի և մարդկային ճակատագրերի պոետ է։ Այս անգամ կենդանի դասականը հանդես է եկել երգիծական ժանրում՝ չխնայելով ոչ փոքրերին, ոչ մեծերին, ոչ էլ հավերժական ֆրանսիական ընտանեկան ավանդույթները։ Պատմության կենտրոնում հարուստ ընտանիք է, որի գլուխը՝ կինը (Իզաբել Յուպեր), կառուցում է անձնական երջանկությունը, փորձում է փրկել ընտանեկան բիզնեսը, մի քիչ ուշացումով արձագանքում է հոր, որդու և եղբոր խնդիրներին։
http://www.youtube.com/watch?v=XqCoLY6NN0I
Տեղ-տեղ, կատարողական առումով Հանեքեն հեռվանում է իր սիրած կլասիցիզմից, և կառուցում է կադրը, օրինակ՝ բջջային հեռախոսի տեսախցիկով, չնայած այստեղ ևս աշխատել է ռեժիսորի մշտական բեմադրող օպերատորը՝ Քրիսթիան Բերգերը, և ստացել է խորություն ունեցող զանգավածային կադրեր։
Անզգացմունքայնությունն այստեղ շարժառիթ է, որն ավելի ցավեցնող և վախեցնող է, քան տոտալ անտարբերությունը։ Բոլորը փորձում են լուծել սեփական խնդիրները և ընթրիքի ժամից առաջ ու հետո մոռանում են մյուսների գոյության մասին, մինչև շուրջբոլորը պոտենցիալ ինքնասպաններ են և եսասեր էգոցենտրիկներ։ Սակայն դա էլ ամբողջությամբ ճիշտ չէ. ընտանիքի որդին, ում փայլուն դերակատարել է Մատյո Կասովիցը, փորձում է նրբանկատ կերպով վերացնել իր դեռահաս աղջկա ընկճախտային տրամադրությունը, բայց միևնույն ժամանակ չի նկատում սեփական հոր խնդիրը։
Հանեքեն ստեղծել է զվարճալի տեսարաններով և մի քանի ուժեղ կատակ-երկխոսությամբ դրամատիկ էտյուդ, որտեղ, ինչպես կասեր մեկ այլ դասական՝ ոչ երջանիկ ընտանիքը դժբախտ է յուրովի։

ԱՆԴՐԵՅ ԶՎՅԱԳԻՆՑԵՎ. «Չսեր»


Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» կինոն հենց իրենց՝ ռուսների կողմից այսօր պիտակավորվել է. «չեռնուխա»: Խոսքն, իհարկե վերաբրեժնևաների մասնակցությամբ հիմար կատակերգությունների մասին չէ, այլ արտ կինոյի։ Զվյագինցևն այդ «չեռնուխայի» լիդերն է։ Մի քիչ Բալաբանով, մի քիչ Տարկովսկի, երբեմն Գոգոլ, Դոստոևսկի։ Ռուսաստանում երկու խնդիր կա՝ ճանապարհներն ու հիմարները։ Զվյագինցևը ռոուդ-մուվիներից հեռու է, մնում են՝ հիմարները։
30 քանի տարեկան Ժենյան և 40-ի կարգի Բորիսն ամուսնալուծվում են։ Սեր չկա։ Երբեք չի էլ եղել։ Սակայն կա 12 ամյա խնդիր՝ Ալյոշա անունով, ում ոչ ոք չի ուզում վերցնել իր հետ. ամեն մեկն արդեն գտել է իր նոր կողակցին, երեխան միայն կխանգարի։ Եվ ահա, ամուսնալուծության և բնակարանի վաճառքի արանքում տղան կորում է։ Հասկանալի չէ, թե երբ, որտեղ և ում հետ, պարզապես այլևս չի վերադառնում տուն։ Այստեղ վերջանում է ընտանեկան տուրուդմփոցը և սկսում ռուսական իրականության մետաֆորիկ և միաժամանակ ուղիղ նկարագիր-նարատիվը։ Ոստիկանությունը չի օգնում, հարազատներ, կարծես թե չկան, միայն Ժենյայի մայրը, որը չի հավատում իրանառակ աղջկան և ուղարկում է բոլորին գրողի ծոցը։ Միայն կամավոր փրկարարական ջոկատը՝ կազմակերպված և մտահոգ անցնում է գործի։ Ֆիլմի գրեթե ավարտին Ալյոշայի միակ ընկերը պատմում է տղայի ծնողներին իրենց գաղտնի ապաստանի մասին, որտեղ տղաները բոլորից թաքուն հավաքվում էին։
http://www.youtube.com/watch?v=R_Ne8nrpcKk
Այստեղ Զվյագինցևը և օպերատոր Միխայիլ Կրիչմանը մասամբ վերարտադրում են Տարկովսկու «Զոնան» կամ մեկ այլ ֆիլմ երեխաների անհետացման մասին՝ Պիտեր Ուիրի «Կախովի ժայռի պիկնիկը»։ Զվյագինցևի դեպքում ոչ թե անհետացման վայրն է կարևոր, այլ ամբողջ տեղայնքը՝ Ռուսաստանը։ Նրա ընտանեկան կյանքի տեսարանները բերգմանական չեն. այստեղ հատուկ ճնշող մթնոլորտ է, թեկուզ շքեղ ռեստորանում կամ հարուստ բնակարանում հանդիսատեսին չի թողնում հնարավոր ողբերգության կատաստրոֆիկ զգացողությունը։


ՅՈՐԳՈՍ ԼԱՆՏԻՄՈՍ. «Սուրբ եղջերուի սպանությունը»


Ի տարբերություն Զվյագինցևի, Լանտիմոսի մետաֆորներն ավելի մասշտաբային են. ռեժիսորը չի ծախսվում միանշանակ զուգահեռների վրա, սիրում է թաքցնել մեսիջները, օգտվում է հունական դիցաբանությունից։
Ֆիլմը սկսվում է սրտի բաց վիրահատության տեսարանով. վիրահատում է հարգված բժիշկ, սիրված ամուսին և հայր Սթիվենը (Քոլին Ֆարել)։ Նրա գեղեցկուհի կին-օֆտոլմոլոգը (Նիկոլ Կիդման) ոչ միայն օրինակելի մայր է (զբաղվում է երկու երեխայի դաստիարակությամբ), այլ յուրաքանչյուր բժիշկի իդեալական սիրուհի. «Ընդհանուր անզգայացո՞ւմ»՝ հարցնում է կինը և անշարժ փռվում ամուսնական մահճին։
Սակայն մեր կարդիոլոգի կյանքում, բացի հեղինակավոր աշխատանքից և գծած ընտանիքից, կա գաղտնիք՝ Մարտին անունով։ Մարտինի հայրը մահացել է Սթիվենի վիրահատական սեղանին, սակայն նրանք ընկերություն են անում (եթե դա կարելի է այդպես անվանել). միասին ճաշում են, նվերներ անում միմյանց։ Մի օր Սթիվենը հրավիրում է տղային իր տուն՝ թույլ է տալիս մտնել իր իդեալական կյանք՝ ամբողջությամբ։
http://www.youtube.com/watch?v=gHScRWhv4WI
Հենց այստեղ էլ Լանտիմոսը մի կողմ է դնում խաղը, որով գաղթակղում և շփոթեցնում էր հանդիսատեսին, և դնում է «սեղանի կենտրոնում հիմնական կերակուրը»՝ տղայի ուլտիմատումը բժշկին և նրա ընտանիքին։
Լանտիմոսը Լանտիմոս չէր լինի, եթե հրաժարվեր անհարմար և ճնշող միզանսցեններից, տարօրինակ թվացող մտքերից, որոնք գրեթե ամեն տեսարանում արտահայտում են հերոսները, աբսուրդիստական հիմնասյունից։ Ֆիլմում կան նաև կատակներ, որոնք հեշտությամբ կառաջացնեն ժանրի սիրահարների նյարդային ծիծաղը, իսկ շատերն, իհարկե, հետ կքաշվեն. նման բաներ չեն ուտում։


ՖԱԹԻՖ ԱՔԻՆ. «Ոչ մի տեղից»


Համբուրգ, մեր օրեր։ Գերմանուհի Կատյան (Դայան Կրյուգեր) ամուսնանում է Թուրքիայի քուրդի հետ, որդի է ունենում, երջանիկ ապրում է, մինչև մի օր նեոնացիստները չեն պայթեցնում քաղաքի մուսուլմանական թաղամասը։ Հետո կլինեն և ոստիկանական հարցումներ, և ծանոթից գնված թմրանյութեր ցավն ու վիշտը մի ձև անզգայացնելու համար և դատարան. պայթյունի կազմակերպիչներին գտել են։
Սակայն Կատյայի ամուսինը ժամանակին թմրավաճառ էր, նստած էր բանտում, իսկ միջադեպից հետո կնոջ տանը խուզարկում անցկացնող ոստիկանական ջոկատը գտնու մ է ողբերգության ցավի դեմ գնված թմրամիջոցները։ Այս ամենն օգտագործվում է Կատյայի դեմ. դատարանը չի ճանաչում նեոնացիստական զույգի մեղավորությունը. նրանց պարզապես բաց են թողնում։ Ֆաթիհ Աքինը շուռ է տվել եվրոպական իրականության ամենահիվանդագին նյարդերից մեկը:
http://www.youtube.com/watch?v=HzMZT1FhtwY
Պատմությունը չափազանց պարզ է, առանց ծակուծուկերի և անհարթությունների, և դրա շնորհիվ էլ շահում է։ Մի կնոջ պատմությունը սկսվում է առաջին իսկ կադրից՝ բանտում տեղի ունեցող հարսանիքից և բաց չի թողնում մինչև վերջ։ Մթնոլորտային դրաման ներքաշում է, պահում է մինչև վերջ և չի թողնում անգամ շունչ քաշել։ Իսկ այս դերը, հավանաբար, Կրյուգերի ֆիլմագրության մեջ կմնա որպես լավագույններից մեկը։