FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 20] Շամշադինի Փառքը, որի համար հ

[Զինվորի օրագիր - 20] Շամշադինի Փառքը, որի համար հարևանները գլխագին են սահմանել

_ Խմենք Շամշադինի հող ու ջրի կենացը: Մի ընկեր ունեմ, ականջը կանչի:
_ Առավոտ գիշերո՞վ, ժամը 8անց է: Ես փաս, անուշ լինի:
_ Թարգի այ տղա: Էս ձեր քաղաքի պեչատնիներից չի, էսի դեղա: Խոսքս մոռացա, հաա, ուշադրություն, խմում ենք ընկերոջս համար:
_ Ընկերդ ո՞վ է:
_ Փառքը:
_ Փա՞ռքը, (ժպտում եմ, հետո կարմրում, բարկանում: Ինձ մոտ տպավորություն է, իբր փոստ են անում)
_ Հա, Սլավան, մեր ընկերն է, բայց ավելի շատ թուրքերն են իրեն տեսնում, քան մենք: Վարդան Մամիկոնյանից հետո, երկրորդ մարդն է:
_ Ինչի՞:
_ Իրեն կհարցնես կասի, եթե ասի:
Երեք ընկերով օղի են թորում, մոտակայքում էի նկարահանումներով, այնտեղ հայտնվեցի պատահմամբ ու իրենց պնդմամբ: Առաջին 50 գրամը նվիրում են ինձ համար անհայտ, իրենց համար անփոխարինելի ու հարգված «զեմլյակին»: Խմում են իրարից գոհ, այդ մարդուց շնորհակալ լինում: Համոզեցին: Ես խմում եմ փորձնական, տեսնեմ սերկևիլից ինչ դուրս կգա: Գինովցած զրույցներն ամենատպավորիչն են, մանավանդ ինձ բաժին հասած: Պատմում են անծանոթ հերոսի մասին: Երրորդ բաժակին չհասա, միանգամից հարցուփորձ արի, տեղն իմացա, շարժվեցի:
Թմբի վրա մի կարմիր տուֆից տուն կա, ասում են գյուղի պատշարինն է, իր ձեռքով, քրտինքով ու արհեստով է կառուցել, երկու հարկը գցել, ընտանիք կազմել: Անունը Սլավիկ է, ազգանունը հրապարակման ենթակա չէ: Սա այն պատճառով, որ փնտրողը չգտնի, հակառակորդը նրա համար նույնիսկ գլխագին է սահմանել, միլիոններ խոստացել, սակայն արդյունքը չեն տեսել: Տավուշի հնաբնակն է, մինչդեռ Շամշադինում ու նույնիսկ հարազատ գյուղում նրա կենսագրությունն էլ, բանուգործությունն էլ ոչ բոլորին է հայտնի: Բոլորի համար մեր հերոսը՝ սովորական մահկանացու է, ադրբեջանցիների համար չավարտվող մղձավանջ:
Պապիկ է, արդեն 70-ին է մոտենում, տարիքը չեմ հարցրել, բայց թոռներն իմ հասակին են: Կարճահասակ է ու ծանրաքաշ: Հումորը տեղն է, սակայն իր անեկդոտների վերջում ինքը չի ծիծաղում, ժպտում է ու դրանով էլ ստիպում ծիծաղել ամենալսված պատմությունից հետո: Գյուղամեջ դուրս է գալիս սև լայն ջինսով, մի քիչ թեփոտած, քորքոտած սվիտրով, հնաոճ սև կոշիկով, որի ծայրերը վաղուց քարերից ճաքճքել, վնասվել են, կաշվե մուգ շագանակագույն վերարկուն հագին, հավանաբար գնել է 10-15 տարի առաջ ու պահել խնամքով, մաշեցրել անկախ իր հոգատարությունից:
Ծերերը, հատկապես գյուղում իրար շատ են նման, բարբառով, զրույցով, խաղով ու նույնիսկ գաղափարներով: Սլավիկն էլ, բոլորի հետ նստում, զառ է գցում, ճաշին՝ տուն դառնում: Հասակակիցների կողքին ընդհամնեը մեկ կետ կա, որ աչք է ծակում՝ դեմքը: Նա միշտ սափրված է, մյուսները բեղով, մորուքով կամ պարզապես դեմքի մազերին ազատություն տված շվշվացնում են: Սլավիկի համար՝ նիստուկացը գյուղական է, հիգիենան՝ զինվորական:  
Վերջին տարիներին մեկնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան, բայց ոչ հոգով-սրտով, ոչ էլ ժամանակացույցով խոպանչի չէ: Աշխղեկ լինելը նրա հիմնական մասնագիտությունն է՝ ընդհամենն արտաքին աշխարհի համար: Նրան ճանաչում են, դուռը թակում՝ որպես լավ շողուլ բռնող, քար ընտրող, տան հիմքը գցող: Ընդ որում խոպանչիներն իրենց տարվա ժամանակացույցն ունեն՝ փետրվարին մեկնել, դեկտեմբերի վերջին վերադառնալ: Այդ ընթացքում ակտիվ աշխատում են, գործը կընդհատեն, կգան միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հարսանիքի, թաղման, դատուդատաստանի դեպքում: Ընդ որում՝ ծնելիության միակ ամիսն էլ դարձել է սեպտեմբերը՝ դեկտեմբերից 9 ամիս անց: Սլավիկն այս մարդկանց ցանկում չէ, նա երբ ցանկանում գնում է, երբ հատուկ համարից կապ են հաստատում` վերադառնում:
Սլավիկը նաև այգեպան է, լավ հասկանում է թե ինչու ծիրանենին այս տարի ծաղիկ չտվեց, ինչու թուզը հյութեղ չէ, միջատները որ կողմից են գալիս: Ծերուկը հրաշալի խադավիկ էլ է, ժիգուլիների ամենագետը, քանդակագործ է, մի խոսքով ունիվերսալ գյուղացի, որի իսկական հերոսությունները սրանցով չեն սկսվում ու ավարտվում: Իրականում Սլավիկի առաջին երեք մասնագիտությունները հայտնի են խիստ սահմանափակ խմբի:
Պրոֆեսիոնալ հետախույզ է, կարելի է ասել նաև գաղտնի գործակալ: Սա հեքիաթ չէ:  Ոչ էլ օրինական է, երբ թոշակառուն մարտական խնդիր է ստանում, կատարում, զեկուցում և ավելին, փաստերը շատ են, ադրբեջանցի միամիտները կվկայեն: Իր ջոկատն ունի, 6 հոգանոց՝ Դերոն, Սուրոն, Եղիշը, Պարգևը, Ակոպը, ինքը: Սուրոն իր հարազատ որդին է, զինակիցը, ուղեկիցը (Լսեցի ու նոր հասկացա, ինչու էին նրան համարում երկրորդը՝ Վարդան Մամիկոնյանից հետո): Տղերքն իրար տեսնում են ահազանգերի դեպքում, մնացած ժամանակ տուն են պահում, անասուն են մորթում, գյուղազբաղ են ինչպես բոլորը: Սա համարեք նախաբան, կամ հակառակը, ավելի շուտ, եկեք հետգրություն համարենք: Պատմությունը նոր է սկսվում:



ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳՐՈՒՄ` ՆԱԽՈՐԴԻՎ





Սլավիկը՝ հմուտ զինվորական է՝ առանց կոչումների, պաշտոնների, հեղինակության: Երբ սահմանին անհանգիստ է, հակառակորդը նույնիսկ պատերազմի կանոններն է խախտում, խաղաղ բնակչությանը գնդակոծում, գյուղի գվարդիան սկսում է օպերացիան: Երկու տարի առաջ երբ Ադրբեջանը ավանդական խախտումներին գումարեց մասշտաբային հարվածը՝ հարևան գյուղի երկու տները փլվեցին, երկու բնակիչ զոհվեց, դպրոցը ճաքեց, տրակտորը մնաց ճամփեքին, տրակտորիստը բաց երկնքի ու չդադարող կրակահերթի տակ, Սլավիկը ոտքի ելավ: Հոգեհարազատ տղաների ու հարազատ որդու հետ ժողով արեցին, շարժվեցին:
_ Թաղում եմ գնում, կնիկ, էրեխին գազից հեռու կպահեք:
_ Ու՞մ թաղումնա:
_ Չես ճանաչի…խնամու կողմից բարեկամ են…
_ Ողորմի:
Ու իսկապես թաղում էր գնում, պարզապես ինքը գիտեր, հանգուցյալը չգիտեր այդ մասին: Ժամեր անց հակառակորդը լռեց, դադարեցրեց մետաղե կարկուտը: Բոլորը գոհ էին, շնորհակալ, հանգիստ, մինչդեռ հիմնական մասն այդպես էլ, մինչև այսօր էլ չիմացավ` ինչ և ինչպես եղավ:
Ուղիղ կեսօրին՝ 13.00-ին պայթեց հակառակորդի առաջին հենակետը, մեկ ժամ անց՝ երկրորդը: Եթե տեղյակ չեք, ասեմ: Չլսված բան է, դիվերսիոն խումբը հարձակվի օրը ցերեկով՝ ինքնասպանությանը հավասար քայլ է: Գործից չհասկացողները մեկ էլ ամենապրոֆեսիոնալները կասեն՝ գլուխները տնկել գնացել են, մի հատ թեորեա սովորեն: Դրա կարիքը չկա, թեորեան կարևոր է, բայց ավելորդ, գոնե այս դեպքում: Եվ երկրորդ: Վարպետը որոշել էր այս անգամ խայտառակել արկածախնդիրներին ու բացեբաց հաշվեհարդար տեսնել:
Սլավիկն իր ուժերի վրա վստահ էր, տղերքի՝ նույնպես: Առաջին գործողությունը չէր, վերջինն էլ չի լինի, բայց այսպիսի սցենարով հազվադեպ են հարձակվում: Ընդ որում հարձակում էլ չէր, այց էր՝ առանց հրավերի: Չեն թաքնվել, սողեսող չեն կտրել չեզոք գոտին, գաղտագողի մտել ադրբեջանական խրամատ: Շարժվել են ուղիղ գծով, քայլելով, աչքունքով մտքեր փոխանակելով: Դիտորդին սատկացրել է դեմ դիմաց կանգնած, դուելի հեռավորությամբ, բայց ավելի արագ, քան ադրբեջանցին կհասցներ հասկանալ, որ սեփական հողի վրա՝ օտար մարդ է կանգնած: Րոպեների ընթացքում գործն արել էին տարածքը մաքրել ողջերից, քնածներին էլ պայթեցրել՝ տեղում, անկողնում:
Առաջին սերիան անցել էր խաղաղ ու առանց լարվածության: Ավելի բարդ էր երկրորդ հենակետի ոչնչացումը: Լուրն արդեն հասել էր, կրակոցների ու պայթյունի ձայնը նույնպես, հակառակորդը սպասում էր՝ վախեցած, բայց զինված, օգնությունն էլ` ուր որ էր կհասներ: Անհրաժեշտ էր հեռվից գործել: Սլավիկն անցել էր թիկունք, նռնակը նետել ու սպասել զարգացումներին: Խուճապահար զինվորներին թվացել էր հայերն իրենց շրջափակել են, բոլոր կողմերից ափի մեջ առել: Մերոնք հենակետի աջուձախ կողմերից ճնշել էին անկանոն կրակը: Ադրբեջանցիներն այդ ընթացքում սարսափահար աջուձախ կրակել էին, պահեստատուփերը դատարկել ու սկսել արտասվել: Այդ ժամանակ էլ դիմացից Սլավիկի որդին էր կրակ բացել, մեկ առ մեկ բոլորին գետնին փռել, հեռացել: Սլավիկի տղերքից միայն Եղիշը տուժեց, գնդակը ոտքին էր դիպել: Հիմա լավ է, առաջվա պես:
_ Ինչու՞ կեսօրին, ինչու՞ ուղիղ գծով, ճեմելո՞վ…ականապատ չե՞ն միջդիրքային դաշտերը:
Սլավիկը պատմեց, որ մինչև կեսօր անձրև էր եկել, խոտը թաց էր, պիտի սպասեին մի քիչ չորանար, որ հեշտությամբ գնային, գային: Ականներից կարողացան խուսափել, որովհետև լավ գիտի ականների մոտ խոտն ինչպես և ինչ չափով է բուսնում, մաքուր տարածքներում` ինչպես: Այդպես էլ չէր վրիպել: Կեսօրին էին հարձակվել, ճաշից հետո: Երբ ադրբեջանցի տղաները կերել էին, փքվել, մի մասը գնացել քնելու, մյուսները ծառայելու՝ կիսափակ աչքով: Դիրքում հակառակորդը նաև շներ ունի: Սլավիկն այդ մասին նույնպես մտածել է, եթե ճաշել էին զինվորները, ուրեմն շներին էլ կկերակրեն, բայց իրենց ճաշից հետո, ոսկորները հավաքել, լցրել էին հենակետի ետևի մասը, չորքոտանիներն էլ կշտանան: Այնպես որ, որևէ խոչընդոտ չկար:
Օրն ավարտեցինք, ինչպես սկսել էինք, 50 գրամ լցրեց, սեփական, տնական արտադրության հոնի օղիով, որ միայն հատուկ հյուրերին է առաջարկում, խմեց խաղաղության կենացը, խոսեց երազանքների մասին, որ կցանկանար, որ երբեք կրակոց չհնչեր, խաղաղ ապրեին, բայց զենքը գոտկատեղին ամրացրած, պապական աֆորիզմով «թուրքը՝ թուրք է, էրեկ, էսօր, վաղը: Նա միայն շորերն է փոխում»:  

Տարածել