Վեպը լավագույններից էր, որ երբևէ կարդացել եմ
Լաուրա Հարությունյան
Ոչ մի տարածություն ի զորու չէ մեղմել հոգու ցավը։ Կան բաներ, որոնք հեշտ չէ թողնել անցյալում: Երբևէ դավաճանվե՞լ ես, իսկ դավաճանե՞լ.. Եկե՞լ է պահ, երբ մեռնելու չափ լռել ես ցավդ ատամներիդ տակ սեղմելով. հոգուդ ցավը, սրտիդ... Խելագարվե՞լ ես, երբ մտքերիդ չորսբոլորը միայն պատեր ես տեսել` անդուռ, անպատուհան, անճեղք. գործելու հույսի ոչ մի շող... ու տրվել ես... տրվել ես ցավին, վախին, վրեժին, խելագարությանը... Երբևէ վախեցե՞լ ես չապրվելուց, վախեցե՞լ ես այդպես էլ չգնահատված ու չվերծանված լինելուց, իսկ սեր՞ը... Սիրո ու ջերմության պակասից աղիներդ գալարվե՞լ են։ Հորդ ապտակներից ու անխնա, անհիմն ծեծերից մռայլվե՞լ ես, դու քեզ ավելորդ զգացե՞լ ես... Իսկ ո՞վ ես դու, արժանի՞ ես սիրո ու հարգանքի, կոչման ու պատվի, լավ կնոջ, լավ ամուսնու, ինչ-որ ոլորտում առաջատար լինելուն։ Դու խելագա՞ր ես... Ինչպես պնդում է վեպի հերոս, հոգեթերապևտ Թեո Ֆաբերը` «... բոլորս էլ խելագար ենք, պարզապես յուրաքանչյուրս յուրովի...»...
Վեպը բրիտանացի գրող, սցենարիստ Ալեքս Մայքլիդիսի գլուխգործոցներից է։ Հեղինակը, ով ուսանել է հոգեթերապիայի ոլորտում, իր ողջ ներուժն ու գիտելիքները կենտրոնացրել է սկզբից շատ հասարակ թվացող այս վեպում։ Սկզբում թվում է սովորական պատմություն է. կինը սպանում է սիրելի ամուսնուն, ապա որպես հոգեկան շեղումներ ունեցող անձ, ուղարկվում հոգեբուժարան` Գրոուվ, պատիժն այնտեղ կրելու։ Դե իհարկե, եթե հոգեկան շեղումներ չունենար, հո չէ՞ր կարող հինգ անգամ կրակել աթոռին կապված ամուսնուն ու դեպքից հետո լռել, համրանալ, միայն նկարել մի նկար ու կարծես դադարել ապրելուց... Ի՞նչը կարող էր պատճառ լինել առաջին հայացքից իդեալական այս զույգի գժտման և, ի վերջո, սպանության։ Ինչո՞ւ Ալիսիա Բերենսոնը, այս սիրված ու հաջողակ կինը, ամուսնուն այսպես դաժանորեն սպանելուց հետո ստեղծած իր նկարին անվանեց «Ալկեստա»։ Մի՞թե տողատակում հունական ողբերգությունն էր` ինքնազոհ Եվրիպիդեսը... Մի՞թե սպանությունն այնքան գրավիչ էր, որ հոգեթերապևտ Թեոն հանձն առավ ուսումնասիրել դրա հեղինակին` Ալիսիային, ներխուժել նրա հոգին ու ստիպել, որ խոսի, արդարացնի կամ մեղադրի իրեն։ Ինչո՞ւ Թեոն, ունենալով լուրջ անձնական - ընտանեկան խնդիրներ, դրանցով զբաղվելու փոխարեն որոշեց իր ողջ ուժն ու ժամանակը ներդնել փորփրելու Ալիսիայի անցյալն ու գտնելու առեղծվածային սպանության մանրամասները... գուցե դրդապատճառնե՞րը, կամ մեղավորի՞ն... Ասել տպավորված եմ, նույնն է թե ոչինչ չասել։ Գիրքը ձգում է առաջին իսկ բառից, առաջին իսկ դրվագից, ու զգում ես, որ հեշտ չի տրվելու, որ պիտի տակնուվրա անի հոգիդ, որ պիտի հերոսներին ապրումակցես ու ինչ-որ տեղ գժվես, որ հասկանաս։
Վեպը լավագույններից էր, որ երբևէ կարդացել եմ։ Գրավիչ էին Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններին անդրադարձները, հոգեբանական ոլորտից մեջբերումները, նկարների արվեստոտ մեկնաբանություններն ու առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող հերոսների տրամաբանական մերձեցումները։ Վերջում պարզապես ապշել էի, մտածում էի ինչ-որ դրվագ եմ բաց թողել, որ ոչինչ չեմ նկատել, իսկ գուցե հեղինակը կատակո՞ւմ է։ Լավ, մի՞թե աչքիս առաջ ոչինչ չեմ նկատել։ Բայց չէ, հենց սա էր հեղինակի կատարելությունը, վեպի կուլմինացիան. սա հենց այն էր, որի շնորհիվ գիրքը պիտի սիրվեր ու ընդունվեր... Վեպը պայթեցնող էր... Շնորհակալ եմ
Ալեքս Մայքլիդիս
6800 ֏
Նկարագրություն
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: