Ռեյչլ Հոլիս
Իմացեք այս մեկ մեծ ճշմարտությունը. դուք վերահսկում եք ձեր սեփական կյանքը:
Հեղինակի մասին
Ռեյչլ Հոլիսը ծնվել է 1983թ. հունվարի 9-ին: Ամերիկյան գրող է, մոտիվացնող բանախոս: The ChicSite կայքի հիմնադիրն է: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հանդիպել է իր ամուսնուն և հիմնել միջոցառումների կազմակերպման Chic Events ընկերությունը, որն անհավանական հաջողությունների է հասել:
Սոցիալական ցանցերում նրա համար շրջադարձային է եղել 2015-ի մարտը: Ինստագրամում տեղադրված նրա՝ հետծննդաբերական բծերը ցուցադրող լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում:
Նրա «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը 2018թ. փետրվարին լույս տեսնելուց հետո 7 ամիս եղել է ԱՄՆ բեսթսելլերների 10-յակում և վաճառվել է ավելի քան 880000 օրինակ: Այն Amazon.com-ում դարձել է 2018թ. 2-րդ ամենահայտնի գիրքը:
Դուք, և միայն դուք, ի վերջո պատասխանատու եք այն բանի համար, թե ով եք դառնում և որքան երջանիկ եք
Ռեյչլ Հոլիս
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի և այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել:
Ռեյչլը դառը ճշմարտությամբ և խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Մեր խոսքերը զորություն ունեն, բայց մեր գործողությունները ձևավորում են մեր կյանքը