2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել. Կայացել է Newmag-ի գալա երեկոն

December 21, 2023 News.am

Newmag հրատարակչությունն ամփոփել է  2023  թվականն ու  ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզնեսի աստղեր ու ինֆյլուենսեր, բոլոր նրանք, որոնց միավորում է սերը գիտելիքի և գրքի նկատմամբ։

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի.  «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում ավելիք ան 140 անունգիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական գրքերը, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»,- երեկոյի ընթացքում նշեց Նալբանդյանը:

Խմբագրի խոսքով որպեսզի ընթերցողները պատկերացում կազմեն գրքերի մասին և ճիշտ կողմնորոշվեն այսօր հրատարակվող հսկայական քանակությամբ գրքերի շուկայում,  հրատարակչությունը փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ընթերցողին հասցնելու այն կարևոր հատկանիշները, որոնք ունեն հրատարակված գրքերը: Պատրաստվում են տեսանյութեր, կազմակերպվում են արշավներ և հեռուստաշնորհանդեսներ, հայհեղինակները ներկայացվում են առանձին շարքերով:

«Մենք աշխատում ենք պահպանել ժամանակակից ստանդարտները և նույնիսկ մեր ստանդարտներն ենք թելադրում մանուկների համար ստեղծված հատուկ գրականության մեջ»,-ասացՆալբանդյանը:

5 տարվա գործունեության ընթացքում հրատարակչությունն այս տարի առաջին անգամ ներկայացավ մանկական մատենաշարով: «Երազ» մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը տեղեկացրեց, որ տարվա ընթաքում ներկայացվել են հայ և արտասահմանյան մանկագիրների  գրքերը. «Ինչպես ցանկացած կայացած ընտանիքում, Newmag-ում էլ հասկացանք, որ ժամանակն է մտածել երեխաների մասին։ Մեզ հաստատ «Երազ» էր պետք, որը «ծնվեց» մայիսին։ Մատենաշարով տպագրվել է 6 մանկական գիրք,  «Երազը» մասնակցել է 3 տարբեր փառատոնների։ Տարվա ընթացքում այն կունենա 2 փառատոն. մեկը՝ դպրոցական արձակուրդներից առաջ, մյուսը՝ ուսումնական տարվա սկզբին»:

Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփելուց առաջ ասաց. «2023-ը մենք չենք հիշի 40 տպագրված գրքերով, ու դժվար հիշենք կատարված որևէ աշխատանքով, բոլորիս համար 2023-ը կհիշվի մի բանով՝ մենք կորցրինք մեր 1500-ամյա քաղաքակրթական բնօրրանը: Կան մարդիկ, որոնք սթրեսից ուտում են, մյուսները՝  չեն ուտում։ Մենք սթրեսից աշխատում ենք: Մեր ամբողջ ահռելի աշխատանքը պայմանավորված է դրանով՝ աշխատում էինք, որ չխելագարվենք ու ստեղծենք մի բան, որը օգտակար կլինի նոր սերնդին։ 2023-ը մեզ համար այն էր, ինչ հնարավոր էր անել, տեկտոնական, բարդ, գերէմոցիոնալ տարում, երբ ռացիոնալ միտքը պարտվում էր դառը իրականությանը»:

Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց 2024-ի գլխավոր նորությունների մասին։ Նրա խոսքով  հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր՝ հրատարակելու 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։ 2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր: Newmag 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։

Եվ հավելվածում և կայքում Newmag-ը պատրաստելու է նաև պոդքասթներ։ Արդեն կան առաջին 5 հեղինակները։

Եվ վերջապես հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։ Դասընթացները լինելու են սահմանափակ մասնակիցներով, որոնց դասավանդելու են հայ և արտասահմանցի դասախոսներ։

Եզրափակելով իր ելույթը Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Newmag-ը դառնում է ավելին, քան ուղղակի գիրք հրատարակող.  «Մեր բազմաթիվ պրոդուկտներով, փառատոնների կազմակերպմամբ, պոդքասթների թողարկմամբ և վերապատրաստման դասընթացներով, Newmag-ը դառնում է վայր, որտեղ գալիս են սովորելու և սովորեցնելու, ոգեշնչելու և ոգեշնչվելու, խոսելու և բանավիճելու համար։ Մի խոսքով, եթե դուք մտածում եք, ուրեմն Newmag-ը ձեր հանգրվանն է»։