«Անի» հյուրանոցի կառուցումից 50 տարի հետո կայացել է դրա նախագծողի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Ֆենիքս Դարբինյանը (1924-1996) հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից է: Նրա նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, կառուցվել՝ «Անի» հյուրանոցը, վերակառուցվել Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին՝ մեծ շատրվանով։

Գրքի հեղինակ Կարեն Բալյանն իր խոսքում նշեց, որ մենագրության մեջ ներկայացրել է Դարբինյանի ոգով ստեղծված բազմաթիվ կառույցներ, բացառիկ նյութեր, ուշագրավ գծագրեր և լուսանկարներ։

«Աշխատության մեջ մանրամասն անդրադարձ է կատարվում վաստակաշատ ճարտարապետի ամբողջ ստեղծագործական ժառանգությանը։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ»,- ասաց նա։

Ֆենիքս Դարբինյանի հարուստ ստեղծագործական ուղին սկիզբ է առել ցայտաղբյուրի՝ ուսանողական փոքր նախագծից և ավարտվել Երևանը գեղեցկացնող Մեծ շատրվանի կառուցմամբ։ Իսկ առաջին բարձրահարկը Անի հյուրանոցն է, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ Մետրո կառուցելու գաղափարը Գրիգոր Հասրաթյանինն էր, Դարբինյանը նախագծեց Բարեկամություն կայարանը: Այն կոչվեց Բարեկամություն, որովհետև այդպես էր այն ժամանակ կոչվում Բաղրամյան պողոտան։

1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս համարվող Կիևյանը մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Խոշոր նախագծի՝ Կիևյանի նախագծմանը՝ բնակելի շենքերով, մասնակցել է Ֆենիքս Դարբինյանը:

«Իր մասնագիտության մեջ շատ բազմակողմանի էր. տիրապետում էր քարից և բետոնիցկառուցելու հմտությանը, գերվարպետորեն էր գործածում մետաղի ճկունությունը, տիրապետում էր մոդեռնիզմի պարզ լեզվի պոետիկային։ Ֆենիքս Դարբինյանի տարածությունը Երևանն էր, և նա այն դարձրեց ավելի գեղեցիկ»,- նկատեց հեղինակը։

Հեղինակի խոսքով, մենագրության հերոսը մարդ է, որն առանձնանում է իր համեստությամբ։

«Նա մարդ է, ում անունը մեր տանը լսվել է մանկուց, հենց բարեկամական տոնով ու ջերմությամբ։ Ես տարիներ շարունակ ու մինչև հիմա Գրիգոր Հասրաթյան անունը լսելիս հասկանում եմ նույնը՝ մարդ, որ ունի մեծ եռանդ, զարմանալի ճաշակ և փայլուն, անսահման երևակայություն։ Եվ կարողանալ երևակայություններիդ կյանք տալ այլ մարդկանց օգնությամբ, աննկարագրելի է։ Ես Երևանի այդ ժամանակի նախագծման կոնցեպտը համարում եմ ազատ ձևերի ու տարածությունների ճարտարապետություն։ Քանի որ դրա հիմքում դրված էր ազատությունը, որը հասել էր մութ ու ցուրտ տարիներից հետո»,- ընդգծեց հեղինակը։

Այնուամենայնիվ, Կարեն Բալյանը ցավով նշեց, որ հասարակության մեծամասնությունը տեղյակ չէ Ֆենիքս Դարբինյան ճարտարապետի մասին, քանի որ նրա ժառանգությունից գրեթե ոչինչ չի պահպանվել։

«Վերջին 3 տասնամյակի ընթացքում մենք կարողացել ենք ոչնչացնել գրեթե այն ամենը, որը ստեղծել է նա»,- ասաց հեղինակը։

Գիրքը հրատարակել է Newmag-ը՝ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։