«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը». գիրք, որ առավել քան արդիական է մնում

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն հրատարակել են ամերիկացի վերլուծաբան եւ դիվանագետ Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն վերախմբագրված տարբերակը։ Առաջին անգամ գիրքը հայերեն փոքր տպաքանակով հրատարակվել էր 2008 թվականին եւ արագ սպառվել էր: Գիրքը շուկայում ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ Newmag & Friends ձեւաչափով: Հրատարակությանն աջակցել են Էստոնիայի արտաքին գործերի եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունները։    

Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Newmag-ի կայքում՝ անվճար առաքմամբ. https://newmag.am/book/opening-natos-door:  

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը ներկայացնում է «ներսից»: Ռոնալդ Ասմուսն իրադարձությունների մասին պատմում է թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես դրանց անմիջական մասնակից:

1990-ականների սկզբին նա առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, իսկ հետագայում, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը, զբաղվում էր դրա կյանքի կոչմամբ:  

«Ինձ համար պատիվ է, որ գիրքս հասու է դառնում հայ ընթերցողին: Այն փորձում է բացատրել՝ ինչպես ծնվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, եւ ինչպես այդ քաղաքականությունն իրագործվեց՝ չնայած ներքին ու արտաքին լուրջ ընդդիմության առկայությանը: Դա օրինակ է՝ ինչպես փոքրամասնության կարծիքը կարող է դառնալ այս կամ այն հարցի շուրջ հիմնական մտածողություն եւ ի վերջո հաղթել ցածր հավանականության պարագայում», - գրքի հայերեն առաջին հրատարակության նախաբանում գրել էր հեղինակը։

Վերահրատարակված գրքի շնորհանդեսին Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ գիրքը նորից տպագրելու միտքն առաջացել է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրադրությունում դրա արդիականությունը.  

«2022 թվականին, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Ռուսաստանում ասում էին, որ ստիպված էին գնալ այդ քայլին՝ կանխելու ՆԱՏՕ-ի մոտեցումը ՌԴ սահմաններին: Այդ ժամանակ մտածեցի, որ ճիշտ կլինի վերահրատարակել «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը, որում Ռոնալդ Ասմուսը մանրամասն ներկայացնում է ոչ միայն ընդլայնման ընթացքը, այլեւ այն, թե ինչպես էր այդ գործընթացը քննարկվում Մոսկվայի հետ: Գաղափարը ներկայացրեցի Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հենց նրա ջանքերի շնորհիվ այս գիրքն իրականություն դարձավ, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Տիկին դեսպանը նաեւ օգնեց ստանալ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը»։

«Գիրքը թարգմանել է Վիգեն Սարգսյանը: Մեզ համար սկզբունքային էր, որ թարգմանությունը կատարի մի մարդ, որը ոչ միայն լավ տիրապետում է անգլերենին եւ հայերենին, այլեւ միջազգային հարաբերությունների գիտակ է», - ասել է Արա Թադեւոսյանը։  

Նա հիշել է Ռոնալդ Ասմուսի հետ ծանոթությունը, որը տեղի է ունեցել 2004 թվականին, երբ վերլուծաբանը Երեւան էր եկել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի պատվիրակության կազմում.

«Գործնական կապեր հաստատեցինք, իսկ հետո ընկերներ դարձանք: Մեր ծանոթությունից ընդամենը մեկ տարի անց Ռոնն ինձ առաջարկեց դառնալ Սեւծովյան տարածաշրջանի համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որում պատիվ ունեցա գրեթե 1.5 տարի ներկայացնել Հայաստանը»։

Ցավոք, Ռոն Ասմուսն իր գրքի հայերեն երկրորդ հրատարակությունը չի տեսնի. նա մահացել է 2011 թվականին՝ ընդամենը 53 տարեկանում   Գրքի շնորհանդեսից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Newmag-ի հեղինակներ՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանն ու «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանը։ Քննարկումը վարել է Արա Թադեւոսյանը։    

Արա Թադեւոսյան  - Սկզբնական շրջանում Արեւմուտքում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, պատկառելի դիվանագիտական անցյալ ունեցող անձանց կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը չէր ողջունվում։ Արեւմուտքի համար կա՞ր դրան իրական այլընտրանք, թե ժամանակի խնդիր էր՝ երբ կհասունանա ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքական որոշումը։  

Սուրեն Սարգսյան - Պետք է հաշվի առնել, որ 90-ականների ժամանակահատվածը շատ տարբեր էր, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ էին։ Այս ընթացքում երկու երկրների հարաբերություններում մի փոքր փուլ կա, որը կոչվում է «honeymoon» (մեղրամիս)՝ հաշվի առնելով հարաբերությունների ջերմությունը։

Սառը պատերազմի ավարտից հետո լարվածությունը թուլացել էր ու ձեւավորվել էր նոր իրողություն։ Այդ ժամանակ, իհարկե, շատերն, այդ թվում՝ մարդիկ, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտում պատասխանատու էին ռուսական ուղղության համար, պնդում էին, որ «honeymoon»-ը չի կարող երկար տեւել ու դրանից պետք է քաղել առավելագույնը։ 90-ականներին բոլորը նոր տրամադրվածությամբ սկսեցին աշխատել փլուզված աշխարհը վերափոխելու տրամաբանության մեջ։

Դեռ շուտ է գնահատել՝ որքանով ստացվեց։ 30 տարին նման հարցերում փոքր ժամանակահատված է։ Կարծում եմ՝ մարդիկ այն ժամանակ էլ տեսնում էին՝ ինչի կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարն ու այսօր էլ տեսնում ենք՝ ինչի է հանգեցրել այդ գաղափարախոսությունը։

Գիտական շրջանակներում կա կարծիք, որ, այդուհանդերձ, այսօր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բացառապես սրա հետեւանք են։   Սամվել Ֆարմանյան - Իբրեւ պատմաբան կմեջբերեմ Չինաստանի վարչապետներից մեկի կարծիքը՝ աշխարհակարգի փոփոխության առումով նման ճակատագրական, նշանակալի որոշումների վերաբերյալ դեռ վաղ է կարծիք հայտնել: Խոսքը որոշումների մասին է, որոնք շարունակում են թելադրել աշխարհաքաղաքական զարգացումներ եւ նոր ճարտարապետության սաղմնավորում։

Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի այդ փուլի ընդլայնումն անխուսափելի հետեւանքն էր տեղի ունեցած մեկ այլ պատմական նշանակալի իրադարձության՝ Խորհրդային Միության փլուզման։  

Արա Թադեւոսյան - Անկախությունից ի վեր Հայաստանը ստիպված է եղել փորձել հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդիկ, քարտեզին նայելով, կհասկանան՝ Հայաստանն այլընտրանք չի ունեցել։ Այսօր՝ 2020թ. պատերազմից, դրանում մեր պարտությունից հետո եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո՝ կարո՞ղ է հավասարակշռության պահպանման քաղաքականությունը շարունակվել, թե՞ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել հօգուտ այս կամ այն ուժային կենտրոնի։  

Սուրեն Սարգսյան  - Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը լայն հնարավորություններ է ստանում այն ժամանակ, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները ջերմ են։ Օրինակ՝ 2001թ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, երբ աշխարհը փոխվեց ընդամենը ժամերի ընթացքում, Միացյալ Նահանգների նախագահին առաջինը զանգահարեց ու ցավակցություն հայտնեց ՌԴ նախագահը։ Այս շրջանում երկու պետությունները համատեղ շատ լավ աշխատում էին, այդ թվում՝ ռազմական, հակաահաբեկչական ուղղությամբ։ Սա հնարավորություն էր նաեւ մեզ համար։ Եթե հետեւենք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ռազմական փոխգործակցությանը, հենց այս ժամանակահատվածում էր ամենամեծ ակտիվությունը, որովհետեւ չկար խանդ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում։

Եվ հակառակը՝ երբ լարվել են երկու համակարգերի հարաբերությունները, Հայաստանը ստիպված է եղել աշխատել հակակշիռների կամ շահերի համընկնումների վրա՝ ինչ-որ կերպ խուսափելով ընտրություն կատարելուց։ Այս առումով Հայաստանն իսկապես բացառիկ է, որովհետեւ ՀԱՊԿ անդամ է եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բավականին ակտիվ շրջանակ ունի։ Այստեղ կարեւոր է, որ պետության ղեկավարությունը կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը։  

Սամվել Ֆարմանյան - Աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրը հայ ժողովրդին ուղեկցել է պետականության պատմության ամենավաղ շրջանից։ Շատերին կարող է թվալ, թե ուժային այս կամ այն կենտրոնին հակվելու երկընտրանքը բնորոշ է միայն ժամանակակից պատմությանը. բացարձակ այդպես չէ։ Ընդ որում, սա եղել է ոչ թե մեր ընտրությունն, այլ՝ աշխարհագրության պարտադրանքը։ Փոխվել են եւ փոխվում են աշխարհաքաղաքական իրողությունները, ուժային կենտրոնները, կիրառվող գործիքակազմը, միջազգային հարաբերությունների բնույթը, բայց աշխարհագրությունը մնում է նույնը։

Հարավային Կովկասն ու Մեծ Մերձավոր Արեւելքը պատմական ճակատագրի բերումով շարունակում են մնալ ուժային տարբեր կենտրոնների շահերի բախման եւ հարաբերությունները պարզելու ասպարեզ։ Այնպես որ, եթե Հայաստանի Հանրապետությունը պարտադրված չէ կատարել ընտրություն, ապա մեր շահերից չի բխում կատարել այն։ Պատմության մեջ չկան օրինակներ, երբ ուժային խոշոր կենտրոնների բախման կիզակետում հայտնված աշխարհաքաղաքական ավելի նվազ ազդեցություն ունեցող դերակատարները նման ընտրություն կատարեն ու հայտնվեն ավելի շահեկան վիճակում։  

Յանա Շախրամանյան   Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան