Մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը

January 19, 2024 Armenpress

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործընկեր հրատարակիչների՝ «էդիթ պրինտ»-ի,  «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ։

Մրցույթը բաղկացած է մի քանի փուլից: Մեկ ամիս «Արմենպրես»-ի «Ֆեյսբուք»-ի էջում լինելու են տարբեր առաջադրանքներ ու գլուխկոտրուկներ, ճիշտ պատասխանողները կստանան նվերներ՝ գրքերի տեսքով։

Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում կհրապարակվի մրցույթի առաջադրանքը: Առաջին առաջադրանքը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։ Վերջինը նախատեսված է հրապարակել փետրվարի 2-ին՝ նույն ժամին։ Համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրի մի քանիսը:  Արդյունքներն ամբողջությամբ կամփոփվեն փետրվարի կեսին։  Մրցույթի հետ համատեղ կամփոփվեն նաև «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները:

Այս նախաձեռնությունը միտված է գրքի հանրահռչակմանը՝ կարևորելով գիրքն ու ընթերցանությունը: Նման միջոցառումները նպաստում են գրքի նկատմամբ սիրո ամրապնդմանը, հրատարակիչների, նոր գրքերի վերաբերյալ ընթերցողներին ավելի շատ ինֆորմացիայի փոխանցմանը։