Newmag-ը եւ «Թովմասյան» հիմնադրամը կնքել են հուշագիր, որով աջակցելու են արցախցի գրողներին (ֆոտո)

February 12, 2024 News.am

Newmag հրատարակչությունը եւ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կնքել են հուշագիր, որով պատրաստվում են օգնել արցախցի գրողներին: Արցախցի հեղինակները պետք է ստեղծագործեն՝ նպաստելով արցախյան ժառանգության շարունակությանը, եւ հավատան, որ մի օր վերադառնալու են, ասում է Newmag  հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։ 

««Թովմասյան» հիմնադրամի հետ Newmag-ը ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ հուշագիր է ստորագրել, որով մենք կնպաստենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ստեղագործական ակտիվությանը: Այսինքն՝ նրանք, ովքեր ստեղծագործում են, ովքեր գրում են վեպ, վիպակ, պատմվածք, գրական գործեր, նրանք կարող են Newmag-ի եւ «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել իրենց ստեղծագործությունները: Նրանք կարող են գտնել իրենց հրատարկչին, եւ Newmag-ը պատրաստ է  օգտակար լինել այդ առումով, օգնել նրանց կառուցել իրենց գեղարվեստական խոսքը՝ ժամանակակից կանոնների համաձայն, փաթեթավորել նրանց ստեղծագործությունները, որպեսզի նրանք կարողանան վաճառել իրենց գրքերը հայաստանյան շուկայում»,-մանրամասնեց Գնել Նալբանդյանը։Նա հավելեց, որ կարեւորում են արցախցի ստեղծագործողների ակտիվությունը հայաստանյան հասարակության մեջ․ «Բայց նաեւ կարեւոր է, որ նրանք չտարրալուծվեն այդ հասարակության ներսում, պահպանեն իրենց արցախյան ինքնուրույն համայնքային դիմագիծը, որպեսզի Արցախ վերադառնալուց հետո (մենք հավատում ենք, որ վերադառնալու ենք), նրանք շարունակեն ապրել եւ ստեղծագործել այնտեղ»:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իննա Հովհաննիսյանը նշեց, որ արցախցի հեղինակների համար կկազմակերպվի մրցույթ, որի հաղթողի գիրքը արդեն հասանելի կլինի մյուս տարի։

«Մրցույթի հաղթող հեղինակները հնարավորություն կունենան տպագրել իրենց ստեղծագործությունները։ Հաղթողի անունը կհայտարարվի Newmag-ի ամառային փառատոնին, որը կկայանա հուլիսին, իսկ գիրքը լույս կտեսնի եւ կներկայացվի 2025 թ-ին՝ Newmag Winter Fest-ին։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, որն իր ամբողջ ներուժը կենտրոնացնում է մշակույթի, արվեստի ու սպորտի աջակցմանը՝ հասարակությանն ու պետությանը զարգացման ավելի բարձր փուլ տեղափոխելու նպատակով, ունի կարգախոս՝ «Միասին մենք կարող ենք», որը Արտակ Թովմասյանի՝ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքն է։ Այս տոնով ու մեր ապագա գրական մրցույթով մենք եւ Newmag-ը, մեր գործընկերների հետ միասին, հույս ունենք բարձրացնել գրականության մակարդակը, ծանոթանալ մեծ արվեստին եւ աջակցել Հայաստանի եւ Արցախի մշակութային ժառանգության ծավալմանը»։

Newmag Winter Fest 2024-ը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Dvin Music Hall-ում։ Այն ներկայացնում էր ոչ միայն գրական, այլեւ մշակութային ծրագիր, որը տեւեց կեսօրից մինչու ուշ երեկո։ Փառատոնի շրջանակում կայացան թատերական ներկայացումներ, ցուցահանդես, տեղի ոնեցավ պոեզիայի երեկո, ինչպես նաեւ՝ միանգամից 4 գրքի շնորհանդես: Բոլոր  գրքերը վաճառվեցին  40% զեղչով, նույնիսկ նոր գործերը: Վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար: