Տիգրան Հայրապետյանի ամենասպասված հատորը վերջապես լույս է տեսել

December 14, 2023 Lragir.am

Newmag-ը հրատարակել է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորը։ Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, 19:00, Common Ground Books & Spirits գրախանութ-սրճարանում։ Մուտքն ազատ է։

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Տիգրան Հայրապետյանը (1964-1999) քաղաքագետ էր և հրապարակախոս։ 1990-ականներին եղել է ՀՀ Ազգային անվտան-գության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերա-կանների խմբագիր։ Հիմնադրել ու ղեկավարել է «Հայաստան-Միջին Արևելք» քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, ղեկավարել ՌԱՀՀԿ-ն։

Ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը։ Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են հայաստանյան և միջազգային մամուլում։ Հայտնի էր «Արթուր Օվի» գրական ծածկանունով։ Գրեթե 400 հրապարա-կումների հեղինակ է։ 35 տարեկանում վրաերթի է ենթարկվել և մահացել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը նրա անունով է։

ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն:

Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։

Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:

«Անապատի հազար տարի» գիրքը հրատարակվել է Հայաստանի արևելագետների միության աջակցությամբ։ Շնորհանդես-քննարկմանը նոր հատորը կներկայացնեն գրքի խմբագիր Նազենի Ղարիբյանը, արևելագետ ընկերներ Արսեն Գասպարյանը և Արտակ Ապիտոնյանը։