newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

December 2, 2019

«Իմ հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր այսօր զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել իմ մասնագիտությամբ». Ազնավուրն այսպես է սկսում իր գիրքն ու թվարկում բոլոր նրանց, ում համար գրել է այն: «Մեղմ շշուկով» գիրքը դերասանների, երգիչների, երգերի տեքստերի հեղինակների, երգահանների և այսօրվա երիտասարդ սերնդի համար է: 
2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ 
Սա «կինոլեզվով» գրված վավերագրական վեպ է: Նախ ընթերցողները տեսնում են փոքրիկ Շառլին՝ Լատինական թաղամասի նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ: Հետո Ազնավուրը պատմում է առաջին դերի, թատերական հյուրախաղերի մասին։ Հենց այս գրքում է Ազնավուրը խոսել իր մասին գրված առաջին հոդվածների մասին, որոնք նրան ներկայացրել են որպես «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի:
 
Ազնավուրը գրքում բացատրում է, թե հետո ինչպես եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները:  «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է: 



Կարդացեք նաև.



 «Մեղմ շշուկով» գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը: Նա Ազնավուրին հանդիպել է 90-ականներին՝ երկրաշարժից հետո: Օդակայանում կարճատև զրույցն օգնել է, որ Սամվել Գասպարյանը հասկանա Ազնավուրին՝ նրա ոճը, էությունը, և թե բանստեղծություն գրելով ինչ է ուզում ասել երգիչը: 
Այս գրքի հրատարակությանն աջակցել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը: Գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի խոսքով, Շառլ Ազնավուրն իր երկու հայրենիքների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև յուրօրինակ կամուրջ էր:
Սա մեծագույն հաջողության հասած մարդու կյանքի պատմություն է, որտեղ ներկայացված է, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Շառլ Ազնավուրն ընթերցողներին պատմում է իր ամենանվիրական երազանքի մասին: Նա 20 տարի երազել է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին, որից, սակայն, հրաժարվել է. երբ առաջարկել են։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի և, իհարկե, սիրո մասին։
[embed]https://www.youtube.com/watch?v=h5Q65lV4Spc[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում