Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն

October 28, 2016

«…Նրանց ուրախություններն ու ցավերը կամուրջների պես անցնում էին անստույգ վիճակների վրայից: Ուրախանում էին իրապես հենց նրա համար, որովհետև ցավերն էլ իրական էին: Նրանց ծիծաղը տեսա, բայց ժպտալը՝ հազվադեպ»:
Վ. Ոսկանյան, «Շշուկների մատյանը» գրքից

«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» կոնֆերանսի մասնակիցների թիվն ավելի քան 250 էր: Տարբեր երկրներից Հայաստան ժամանած բանախոսները պատմաբաններ, սոցիոլոգներ, մարդաբաններ, հոգեբաններ ու իրավաբաններ էին: Նրանց բոլորին միավորել էին Հայկական Բարերգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ)՝ «Women in War» կազմակերպության, ԳԱԱ հնագիտությանև ազգագրության ինստիտուտի, «ԴՎՎ Ինթերնեյշնլ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ գործակցությամբ.
«Էթնոգրաֆիայի ինստիտուտն ու «Women in War»-ը մեզ ներկայացրեցին խոսնակների, հյուրերի, մոդերատորների ցանկը, որը բավականին ներկայացուցչական էր, մենք սիրով համաձայնեցինք: Տրամադրեցինք տեղը, նաև խորհրդատվություն, օժանդակեցինք բազմաթիվ կազմակերպչական հարցերում: Այդպես կայացավ մի գիտաժողով, որը նոր դուռ բացեց մեզ համար. գիտականորեն սկսել արծարծել ցեղասպանության տարիներին և դրանից հետո կանանց դերի, վերքերի ու ապրումնմների մասին»,- ասում է ՀԲԸՄ Հայաստան-ի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը:
Ինչո՞ւ հենց ՀԲԸՄ-ն
Տարին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության համար հոբելյանական է: Սփյուռքի ամենահին ու խոշոր կազմակերպությունը նշում է հիմնադրման 110-ամյակը: Այդ առիթով անցկացվող միջոցառումներից թերևս ամենակարևորներից էր «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» համաժողովը. ցեղասպանության տարիներին և հետո ՀԲԸՄ-ն առաջիններից էր, որ բացեց որբանոցներ, աշխատատեղեր, ատելիեներ հայ աղջիկների ու կանանց համար: ՀԲԸՄ-ն հետցեղասպանական տարիների ընթացքում ոչ միայն հոգացել է ցեղասպանությունը վերապրած հայ կանաց, աղջիկների մասին, խնամել նրանց, նաև հնարավորություններ է ստեղծել, որպեսզի նրանք ինքնուրույն կայանան, դառնան անկախ անձինք, որպեսզի նորից ընտանիք կազմեն, շարունակեն ապրել:
«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ» խորագիրը, որ ուներ այդ գիտաժողովը, խոսում է հենց ՀԲԸՄ գործունեության ու առաքելության մասին»,- նշում է ՀԲԸՄ Հայաստան-ի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը:
Կիսելով ցավը, խոսելով վերքերի մասին. մարդկային պատմություններ
Բեատա Մերես Ումուբային (Beata Mairesse Umubyeyi) Ռուանդայից էր: Ինչ ասել է ցեղասպանություն՝ նա գիտեր բոլորից լավ: Վերապրել էր ռուանդական արհավիրքը, բայց թե ինչպես ու ինչ գնով, նա իր պատմությունը երկար ժամանակ ոչ ոքի հետ չէր կիսում: Ասում է՝ ոչ թե ինքը չէր կարողանում ներկայացնել, այլ մարդիկ չէին կարողանում լսել դաժանությունների մասին: Եվ Բեատան գտավ ակամա, թե որն է պարտադրված լռության տաբուն կոտրելու լավագույն ձևը: Նա գիրք հրատարակեց: Ռուանդացի 11 տուտսի կանանց մասին գեղարվեստավավերագրական պատմվածքների գիրքը լույս տեսավ ֆրանսերեն: Թալար Կազանջյանն ընդգծում է. «Նա այդ գրքով ոչ միայն խոսեց իր վերքերի մասին, նաև կոտրեց Արևմուտքում տարածված թյուր կարծրատիպերը աֆրիկացի կնոջ մասին՝ ցույց տալով, որ աֆրիկուհին բազմապիսի է, բազմերանգ ու յուրահատուկ»:
Ամերիկահայ Դիանա Խաչոյանը ծնվել ու մեծացել էր Նյու Յորքում: Նա երեք տարի է՝ ուսանում և դասավանդում է Ստամբուլի համալսարանում: Բենգի Գուլդողանը թուրք է, մասնագիտությամբ՝ Ճարտարապետ: Աղջիկները հանդիպել են համալսարանական միևնույն դասընթացի ընթացքում: Ծանոթացել, մտերմացել ու պարզել պատմական անհավանական առնչությունը: Երկուսի նախահայրերն էլ թուրքական Չունգուշ գյուղից են եղել: Խաչոյանների տոհմը ցեղասպանության ժամանակ կոտորվել է: Դիանայի նախապապը փրկվել ու հաստատվել է ԱՄՆ-ում: Բենգիի նախահայրը Դիանայի գերդաստանի շատ անդամներին կոտորողներից մեկն է եղել: Առերեսվելով անցյալին բացեիբաց ու ճշգրիտ փաստերով՝ աղջիկները հաղթահարեցին հետցեղասպանական սինդրոմը. մեկը՝ ոճրագործի, մյուսը՝ զոհի հոգեբանական տրավման:
ՀԲԸՄ Հայաստանում անցկացված միջազգային կոնֆերանսը կոտրեց լռության շատ տաբուներ, ու ո´չ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այլ նաև Հոլոքոստի, ամերիկյան հնդկացիների, աֆրոամերիկացիների, Ավստրալիայի բնիկների, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի և Մյանմարում Ռոհինգիայի ցեղասպանության:
Քարտեզագրելով ինքնությունը. կերպարներ, սահմաններ և ազգություններ
ՀԲԸՄ Հայաստանի նախասրահով անհնար է անցնել ու աչք չգցել պատերին կախված կտավներին: Ձեզ կդիմավորի Հայաստանի «գեղեցկուհի քարտեզը»: Ինքնատիպ կերպարանքներով ՀՀ սահմանները կոլաժավորել է հայտնի արվեստագետ, մարդաբան Դանա Ուոլրաթը: Նա ամերիկաբնակ հայուհի է մայրական գծով: Սակայն այնքան ուժգին է զգում իր հայկական ինքնությունը, որ դեռ 1970-ականներին համարձակվեց ճանապարհորդել ռազմական խունտայի խիստ պայմաններում ապրող Թուրքիա:
Արևմտյան Հայաստանում Դանան փնտրում էր իր նախնիներին, որոնք կենդանացան Ուոլրաթի աբստրակցիոնիզմում: Բացի կոլաժներից ու հայկական թեմաներով կտավներից՝ Դանան կոնֆերանսի շըրջանակներում ներկայացնում էր նաև մետաֆիզիկ մի ցուցադրություն: Ուոլրաթը, գցելով «Հայացք բարձունքից», պարզաբանում է, թե այդ երբ է մարդու մեջ մեռնում մարդը, որպեսզի նա սպանի մարդուն: Նա գտել է, որ դա պատահում է, երբ մարդը սկսում է ինքն իրեն համոզել, որ դիմացինը կենդանի է, և սպանելը նորմալ է:
Արձանագրելով արդյունքը, նախանշելով անելիքները
«Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածընունդ. գենդերային տեսանկյուն» գիտական համաժողովը ունեցավ միջազգային արձագանք ևս: Հատկապես ուշագրավ էր թուրք-քրդական արձագանքը: Քուրդ և թուրք մասնակցիների թիվը պատկառելի էր: Քուրդ երիտասարդ գիտնականները, մտավորականները երևանյան բեմից խոսում էին այն մասին, թե ինչ է կատարվում ներկայիս Թուրքիայում, ինչպես է թուրքական պետությունը ճնշում և ոտնահարում քրդերին, իսկ տեղական մեդիան բացառապես լուռ է: «Ստացվեց այնպես, որ Երևանը եղավ այն ամբիոնը, որտեղից բարձրաձայնվեցին համամարդկային խնդիրներ»,- նշում է ՀԲԸՄ Հայաստան–ի գործադիր տնօրենը:
Գիտաժողովի մասնակիցները Երևանից հեռացան վերադառնալու պայմանով: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մտադիր է շարունակել գործակցությունը նրանց հետ, համաժողովների շարքը դարձնել շարունակական:Մայիսին ՀԲԸՄ-ն կհյուրընկալի մեկ այլ մեծամասշտաբ համաժողով՝ նվիրված փախստականների խնդրին՝ կրկին գենդերային տեսանկյունից: