Գունային թերապիա. Ներդաշնակության համար կանաչ զգեստ կրեք

October 15, 2016

Հնում գույնը մարդու առողջության համար մեծ նշանակություն ուներ: Գույնը լույս է, առանց որի կենդանի աշխարհը կվերանա: Մեր օրգանիզմի բջիջները զգայուն են թե' գույնի առկայության, թե' բացակայության դեպքում: Գույնն ազդում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգեբանական վիճակի վրա: Մեր նախնիները գույներին բուժիչ հատկություններ էին վերագրում, ու դրա վառ օրինակն այն է, որ մարդիկ քնում էին բաց երկնքի տակ, որպեսզի երկնքի կապույտը (ինդիգո) թարմ ուժեր հաղորդի առավոտյան:
Կանաչ գույնն աղեստամոքսային տրակտի հիվանդությունները բուժելու համար էին նախատեսում և հավաքում էին միայն կանաչ գույնի բույսեր ու պտուղներ: Մեր նախնիները նաև իրենց մարմիններն էին ներկում բազմաթիվ հանքանյութերից պատրաստված բնական ներկերով և հավատում էին գույնի բուժիչ հատկություններին:
Գունաբուժիչ երևույթների մասին գրել են հայտնի Իբն Սինան, Պարացելսը, Հիպոկրատոսը: Նրանք մշակել են գունաբուժության տեսությունն ու գործնական կիրառման մեթոդները: Ժամանակակից բժշկությունն արդեն երկար ժամանակ օգտագործում է գունային սպեկտրի այն գույները, որոնք աչքին անտեսանելի են՝ ինֆրակարմիրը և ուլտրամանուշակագույնը, սակայն սպեկտրի տեսանելի մասին նոր են ուշադրություն դարձնում:
Պարզվում է բաց երկնագույնն, օրինակ, դրական ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում, ներառյալ քաղցկեղը, մարսողության համակարգի խախտումները և վնասակար սովորությունները: Պաշտոնական բժշկության ներկայացուցիչները հասկացել են, որ գույնը մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում և խորհուրդ են տալիս ներդաշնակության համար կրել կանաչ համազգեստ, իսկ հանգստության ու սառնասրտության համար` բաց կապույտը:
Բանտերում, օրինակ, նորմալ բանտապահները հրահանգում են պատերը բաց վարդագույն ներկել, որպեսզի բանտարկյալների ագրեսիան ու զայրույթի աստիճանը նվազեն: Դպրոցներում պատերը ներկում են դեղին գույնով` ուսումնառությունը խթանելու համար: Սակայն դեղին գույնը խստորեն արգելված է մտավոր հետամնացների ու դեպրեսիայով տառապող մարդկանց համար, որովհետև այն կարող է գերլարվածության հանգեցնել:
Բժիշկներն արհեստական լույսն անվանում են գրասենյակային աշխատողների թշնամի և խորհուրդ են տալիս դեն նետել բոլոր ֆլյուորեսցենտային լամպերը, որովհետև դրանք չունեն կապույտ գույնի որևէ երանգ, անդադար թարթելուց առաջացնում են գլխացավ ու նյարդերի լարում, սթրես:
Թեո Հիմբելն իր հերթին մանրակրկիտ ուսումնասիրել է փողոցների նատրիումային լապտերների լույսը և պարզել, որ այն կարող է հանգեցնել դեպրեսիվ ու ագրեսիվ վիճակների: Նա մեծ Բրիտանիայի բազմաթիվ քաղաքներում կարողացավ քաղաքապետարանների աշխատակիցներին համոզել ու պարտադրել, որ լույսերը փոխվեն ու գույնով մոտ լինեն բաց կապույտին` նվազեցնելով դեպրեսիայի և ագրեսիայի վտանգը:
Գույնի մասին խոսելիս անհնար է շրջանցել Մաքս կուշերին, որը հայտնի թեստային համակարգի հեղինակն է: Ըստ նրա, մեր բնավորության ու հոգեվիճակի մասին շատ բան կարող է պատմել այն հանգամանքը, թե մարդը տվյալ պահին ո՞ր գույնն է նախընտրում: Ըստ այդմ էլ հնարավոր է առաջարկել գույներով բուժման տարբերակներ: