Ինչո՞ւ ենք հորանջում և ինչո՞վ է այն օգտակար. Հորանջողները

October 7, 2015

Մերիլենդի համալսարանի հոգեբան Ռոբերտ Պրովինն է փորձել մեկնաբանել անմեկնելին: Գիտնականը փորձերն անում է հենց իր ուսանողների վրա: Հորանջողներից չի նեղանում, պարզապես ցուցումներ է տալիս՝ ինչպես հորանջել:
«Շրթունքները հավաքե´ք կամ օդը նե´րս քաշեք սեղմած ատամների արանքից կամ հորանջե´ք՝ քիթը պահած»,- ուղղորդում է հոգեբանը:
Այս ամենը՝ միայն գաղտնիքը բացահայտելու համար. ինչո՞ւ ենք հորանջում, ինչո՞վ է այն օգտակար: Այսպիսի ուսումնասիրությունները սկսվում են Հիպոկրատի ժամանակներից՝ 2500 տարի առաջ: Հույն բժիշկն ասում էր, որ հորանջելն օգնում է օրգանիզմին ազատվել վնասակար օդից հատկապես բարձր ջերմության դեպքում:
19-րդ դարի Եվրոպայում էլ կարծում էին, թե հորանջելն օգնում է շնչառությանը, թթվածին է ուղարկում արյունատար համակարգ՝ խթանելով ածխաթթու գազի ելքն այնտեղից:
Հոգեբան Ռոբերտ Պրովինն օգտվեց կասկածելու իր իրավունքից և կամավորներին գազերի խառնուրդ տվեց, որ շնչեն: Բայց սա ոչ մի կերպ չազդեց նրանց հորանջելու հաճախականության վրա:
Մենք հորանջում ենք ոչ միայն այն ժամանակ, երբ հոգնած ենք կամ քնել ենք ուզում: Մենք հորանջում ենք նաև սթրեսի ժամանակ: Մարզիկները հանկարծ սկսում են հորանջել վազքից առաջ, իսկ երաժիշտները՝ բեմ դուրս գալուց առաջ: Ահա թե ինչու որոշ հետազոտողներ, նաև Պրովինը, կարծում են, որ հորանջելու ընթացքում ծնոտի մկանները լարող շարժումները կարող են նպաստել ուղեղի վերաբեռնավորմանը: Երբ ուզում եք քնել, այդ շարժումները Ձեզ թարմացնում են, իսկ երբ ինչ-որ բան շեղում է Ձեզ, օգնում են կենտրոնանալ: