Ահաբեկչության ահը Կաննի կուլիսներում, ժամերով հերթերն ու օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մաստեր կլասը` Հարրի Փոթերի մասին

May 25, 2017

Բունուել դահլիճը գտնվում է Palais de Festivals-ի հինգերորդ հարկի գողտրիկ ձախ անկյունում։ Ի տարբերություն մյուս հարկերի` այստեղ չկան ջրի և սուրճի ապարատներ, իսկ դահլիճի մուտքի դիմաց գտնվող միջանցքը բաժանված է մի քանի գծերի՝ առանձին հերթ լրագրողների համար, առանձին` կինոսերների համար և մյուսների։
Ունենալով Քլինթ Իսթվուդի հանդիպում-վարպետության դասին ներկա չգտնվելու դառը փորձն` այս անգամ բոլոր լրագրողներն եկել էին 2 ժամ շուտ։ Եվ ի զուր. լրագրողական հերթը կարճ էր, սակայն փոխարենը շատ էին մյուս ցանկացողները՝ սինեֆիլները, այլ փառատոների ներկայացուցիչները։ Բոլորը գրեթե երկու ժամ սպասեցին ոտքի վրա՝ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս նստել գետնին. միջանցքը նեղ է, մարդիկ շատ, իսկ հնարավոր ահաբեկչության վախը զգոն է պահում ֆրանսիացիներին 24/7 ժամ։