[ newmag x ted ] Լռության վտանգը. Ինչո՞ւ են մարդիկ անտարբեր բռնության և պատերազմի հանդեպ

June 7, 2016

Դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերը1968 -ին` քաղաքացիական իրավունքների շարժմանը նվիրված իր ելույթում ասել է. «Վերջում մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքը, այլ մեր ընկերների լռությունը»:
Ամեն օր մենք տեսնում ենք լռության հետևանքները՝ բռնություն, խտրականություն, ցեղասպանություն, պատերազմ: Ես իմ աշակերտներին միշտ հորդորում եմ պոեզիայի միջոցով ուսումնասիրել լռությունն իրենց կյանքում: Մենք աշխատում ենք ճանաչել հետևանքները, խոսել դրանց մասին: Ջանքեր եմ գործադրում, որպեսզի ստեղծեմ այդ մշակույթը, որ ուսանողներն ապահով զգան՝ իրենց լռության գաղտնիությունը խախտելու համար: Ես 4 հիմնական սկզբունք ունեմ, որոնք գրված են գրատախտակին` բոլորի աչքի առաջ: Ամեն տարեսկզբին յուրաքանչյուր ուսանող ստորագրում է դրանց տակ.

«Կարդա´ քննադատաբար, գրի´ր հասկանալով, խոսի´ր պարզ, ասա´ քո ճշմարտությունը»:

Հաճախ եմ այդ վերջին կետի մասին մտածում: Հասկացել եմ, որ եթե ես իմ ուսանողներին կոչ եմ անում ասել ճշմարտությունը, ես էլ պետք է ազնիվ լինեմ նրանց հետ: Պետք է խոստովանեմ, որ երբեմն չի հաջողվում լինել այդպիսին:
Ես նրանց պատմում եմ, որ մեծացել եմ Նյու Օռլեանի կաթոլիկ ընտանիքում: Մեծ պահքի ժամանակ ինձ միշտ ասել են, որ ամենաարժեքավոր բանը, որ կարելի է անել, հրաժարվելն է ինչ-որ բանից, որը հիմնականում չարաշահում ես: Ես հրաժարվեցի զովացուցիչ ըմպելիքից, մաքդոնալդսից, տապակած կարտոֆիլից, ֆրանսիական համբույրից և մնացած ամեն ինչից: Իսկ մի տարի պարզապես դադարեցի խոսել: Հասկացա, որ ամենաթանկարժեքը, որը կարելի է զոհել, ձայնն է: Բայց ես չէի հասկանում, որ վաղուց էի հրաժարվել դրանից:


[ newmag x ted ]



Այնքան երկար ժամանակ էի ծախսել՝ մարդկանց ասելով ոչ թե այն, ինչ պետք էր նրանց, այլ այն, ինչ նրանք ուզում էին լսել: Ես չէի ուզում ինչ-որ մեկի խիղճը դառնալ, որովհետև դեռ պետք է իմ խղճի առաջ մաքուր լինեի: Երբեմն պարզապես լռում էի՝ առանց հասկանալու, որ ապացույցը բառերի կարիք չունի: Երբ փողոցի անկյունում ծվարած անօթևանը փնտրող աչքերով նայում էր վրաս՝ կարծես ապացուցելու, որ արժանի է հայացքի, ինձ ավելի շատ իմ թաբլեթն էր հետաքրքրում, քան նրա սովը: Երբ բարեգործական երեկոյի ժամանակ մի կին ասաց, որ հպարտանում է ինձնով՝ նկատի ունենալով, թե հավանաբար շատ դժվար է կրթել աղքատ և անգրագետ երեխաներին, ես լեզուս կծեցի, քանի որ նրա փողերի կարիքն ավելի շատ ունեինք դպրոցում, քան իմ ուսանողներն՝ արժանապատվության:
Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ լսելով, թե ինչ են ասում մարդիկ, և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե ինչի մասին են նրանք լռում:

Լռությունը վախի հետևանք է: Դա այն է, ինչ զգում ես, երբ քո թերությունները ցավեցնելով կտրում են լեզուդ: Լռությունը Ռուանդայի ցեղասպանությունն է: Լռությունը «Կատրինա» փոթորիկն է, երբ պարկերը չեն բավարարում դիերի համար: Այն կաշկանդում է, այն առավելություն է ու ցավ: Անօգուտ է փորձել փոխել լռելու որոշումը, եթե արդեն կայացրել եք այն:
Ես թույլ չեմ տա, որ լռությունը ծածկի իմ չկողմնորոշվածությունը: Ես կհարցնեմ այն անօթևանին, թե ինչ է անունը, ինչպես է անցել օրը, որովհետև երբեմն մարդկանց ուզածը միայն մարդ լինելն է: Այս տարի Մեծ պահքին ինչ-որ բանից հրաժարվելու փոխարեն ամեն օրը կապրեմ այնպես, կարծես լեզվիս տակ բարձրախոս է դրված:
http://www.ted.com/talks/clint_smith_the_danger_of_silence#t-7995