JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ newmagxted ] Ո՞րն է լավ կյանքի գրավականը. երջանկ

[ newmagxted ] Ո՞րն է լավ կյանքի գրավականը. երջանկության 75 տարվա հետազոտության եզրակացությունը

Ի՞նչն է մեզ առողջ ու երջանիկ պահում: Եթե հիմա ներդրում անեիր քո ապագա «ես»-ի համար, ինչի՞ մեջ կներդնեիր քո ժամանակն ու էներգիան: Ըստ հետազոտության՝ հարցված երիտասարդների 80 տոկոսն ասել է, որ իրենց գլխավոր նպատակը հարուստ դառնալն է: Այդ նույն երիտասարդների 50 տոկոսն ասել է, որ կյանքի մյուս նպատակը հայտնի դառնալն է:
Մեզ պարբերաբար ասում են, որ պետք է շատ աշխատել ու հասնել ավելիին: Այնպիսի տպավորություն է, որ սրանք են լավ կյանքի նախապայմանները: Այն, ինչ գիտենք մարդու կյանքի մասին, նրա հիշողություններն են: Իսկ հետադարձ հայացքը 100-տոկոսանոց պատկեր չէ:

Մենք չափազանց շատ բան ենք մոռանում մեզ հետ կատարվածից, և հիշողությունը հաճախ աղավաղում է անցյալը:

Բայց պատկերացրեք, որ կարող եք մարդկանց հետևել փոքր տարիքից և տեսնել, թե ինչն է նրանց երջանկացնում և առողջ պահում:
Մենք դա արել ենք: Հարվարդի ուսումնասիրությունը պատմության մեջ ամենաերկարատևն է: 75 տարի մենք հետևել ենք 724 տղամարդու՝ տեղեկանալով նրանց  աշխատանքի, անձնական կյանքի, առողջության մասին: Նրանցից 60-ը դեռ ողջ են, շատերն արդեն բոլորել են 90-ը: Հիմա մենք սկսում ենք ուսումնասիրել նրանց 2000-ից ավելի երեխաներին: Ես այս ուսումնասիրության 4-րդ ղեկավարն եմ:
1938-ից սկսած մենք հետևում ենք տղամարդկանց երկու խմբի: Առաջինում Հարվարդի ուսանողներ էին, որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ավարտեցին քոլեջը և մեկնեցին պատերազմ: Երկրորդ խմբում Բոստոնի ամենաղքատ թաղամասերի տղաներ էին, որոնք հատուկ ընտրվել էին՝ սովորելու համար: Նրանցից շատերը վարձով էին ապրում և չունեին մշտական հոսող տաք և սառը ջուր:
Հետազոտության մասնակից բոլոր այդ դեռահասները նախ՝ հարցազրույց են անցել: Մենք այցելել ենք նրանց տներ և խոսել ծնողների հետ: Հետո այս դեռահասները դարձան չափահաս մարդիկ, դարձան գործարանի աշխատողներ և իրավաբաններ, պատշարներ և բժիշկներ, մեկն էլ՝ ԱՄՆ նախագահ: Ոմանք տարվեցին ալկոհոլով, ոմանց մոտ շիզոֆրենիա սկսվեց: Ոմանք բարձրացան սոցիալական սանդուղքով, ոմանք էլ հակառակ ուղղությունը բռնեցին:
Այս ուսումնասիրությունը սկսողները չէին էլ երազի, որ 75 տարի հետո ես այստեղ կանգնած կլինեմ ու կասեմ, որ այն դեռ շարունակվում է:

Մեր համբերատար ու նվիրյալ աշխատողները երկու տարին մեկ հրավիրում են ուսումնասիրության մասնակիցներին և հարցնում՝ կարո՞ղ են նրանց կյանքից մանրամասներ իմանալ: Շատ բոստոնցիներ հարցնում են. «Ինչո՞ւ եք շարունակում հետաքրքրվել մեզնով: Իմ կյանքն այդքան էլ հետաքրքիր չէ»: Հարվարդցիները երբեք այդ հարցը չեն տալիս:
Կյանքի հստակ պատկերը ստանալու համար պարզապես հարցաթերթիկ չէինք ուղարկում նրանց: Մենք գնում և զրուցում էինք նրանց հետ իրենց իսկ տներում, ուսումնասիրում էինք  նրանց բժշկական թղթերը, նկարում արյունը, ուղեղը, խոսում նրանց երեխաների հետ: Նկարահանում էինք, թե նրանք ինչպես էին ամենալուրջ խնդիրների մասին խոսում իրենց կանանց հետ:
Ի վերջո, ի՞նչ պարզեցինք: Բացահայտումն ամենևին էլ հարստությանն ու հանրաճանաչությանը կամ տքնաջան աշխատանքին չէր վերաբերում:
Հստակ ուղերձը, որ ստացանք 75 տարվա հետազոտությունից, հետևյալն էր. լավ հարաբերություններն են մեզ երջանիկ ու առողջ պահում:

Մենք 3 կարևորագույն դաս յուրացրինք հարաբերությունների մասին: Առաջինը, որ սոցիալական կապերը լավ են մեզ համար, միայնությունը սպանում է: Պարզվեց, որ ընտանիքի, ընկերների ու համայնքի հետ կապված մարդիկ ավելի երջանիկ են և ֆիզիկապես առողջ, նրանք ավելի երկար են ապրում: Միայնությունը թունավոր է: Մարդիկ, որոնք ավելի շատ են մեկուսացած, քան կցանկանային, դժբախտ են զգում, նրանց առողջությունն ավելի շուտ է սկսում վատանալ, ուղեղն ավելի շուտ է շարքից դուրս գալիս, ու նրանք ավելի կարճ են ապրում:


[ newmagxted ]



Մենք գիտենք, որ մարդ կարող է միայնակ լինել նաև հասարակության մեջ կամ ընտանիքում: Երկրորդ դասը, որ սովորեցինք հարաբերությունների մասին, հետևյալն է.
Կարևորն ընկերների քանակը չէ կամ մշտական զուգընկերոջ գոյությունը, այլ մտերմիկ հարաբերությունների որակը:

Օդում մշտապես կախված կոնֆլիկտը վնասակար է առողջության համար: Մարդիկ իրենց ընտանիքում սիրո և ջերմության պակասն առավել ծանր են տանում, քան ամուսնալուծությունը: Սիրո ու ջերմության մեջ ապրելը պաշտպանում է:
Երբ հետ նայեցինք, տեսանք, որ մեր հետազոտության այն մասնակիցները, որոնք 50 տարեկանում բավարարված էին իրենց հարաբերություններով, ամենաառողջն էին 80 տարեկանում:
Մեր սովորած երրորդ դասը սա էր. լավ հարաբերությունները` մեր մարմինը պաշտպանելուց բացի, պաշտպանում են նաև մեր ուղեղը: Ավելի սուր հիշողություն ունեն այն մարդիկ, որոնք գիտեն, որ 80 տարեկանում էլ կարող են հույս դնել իրենց մտերիմ ու սիրելի մարդկանց վրա:
Լավ հարաբերություն՝ չի նշանակում խնդիրների բացակայություն, ոմանք նույնիսկ 80-ում են շարունակում վիճել: Բայց դա ոչինչ է, երբ գիտես, որ նա, իրոք, քո կողքին է՝ ինչ էլ լինի:

Այսպիսով, լավ ու մտերիմ հարաբերությունները առողջարար են: Այս իմաստությունն այնքան հին է, որքան աշխարհը: Ինչո՞ւ է այդքան դժվար սա հասկանալ և ինչո՞ւ է այդքան հեշտ` այն արհամարհելը: Ի՞նչ արած, մարդ ենք: Մենք արագ լուծումներ ենք ուզում, մի բան, որը մեր կյանքը միանգամից կդարձնի ավելի լավը: Հարաբերություններում երաշխիք չկա, դրանք բարդ են, և անընդհատ պետք է աշխատել դրանց վրա, անընդհատ ընդառաջ գնալ ընկերներին և ընտանիքին: Ու սա վերջ չունի:
75 տարվա մեր հետզոտության մեջ ամենաերջանիկ մարդիկ նրանք էին, որոնք իրենց գործընկերներին ակտիվորեն փոխարինել էին «խաղընկերներով»: Ոչ փայլը, ոչ փողը, ոչ ճանաչումը, ոչ էլ մեծ ձեռքբերումները, ինչին այդքան ձգտում են երիտասարդները, մեզ համար չեն ապահովում լավ կյանք: Դա անում են ընտանիքը, ընկերները, մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք: Լավ հարաբերություններն են կառուցում լավ կյանք:
http://www.ted.com/talks/robert_waldinger_what_makes_a_good_life_lessons_from_the_longest_study_on_happiness?language=en

Տարածել