Հայաստանը կարո՞ղ էր խոչընդոտել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը

February 9, 2017

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Մինսկը Բաքվին է արտահանձնել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին, Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով: Բլոգերին ներկայացված քրեական գործով նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Բլոգերի փաստաբանները բողոքարկել էին բելառուս իրավապահների մեղադրանքը, սակայն  Գերագույն դատարանը մերժել էր բողոքը: Գործին խառնվել էին Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական ծառայությունները, սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակային ցուցում տվեց, որ բլոգերին արտահանձնեն: Բլոգերի ձերբակալությունն ու արտահանձնումը տեղի ունեցավ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո:
Բլոգերը մեղադրվում է տարիներ առաջ երկու անգամ Ղարաբաղ այցելելու եւ այն անկախ պետություն ճանաչելու համար: Բացի այդ` Ալեքսանդր Լապշինը մի քանի ամիս առաջ քննադատել էր Իլհամ Ալիևին: Նա ռուսական անձնագրով այցելել էր Արցախ, հայտնվել Բաքվի սեւ ցուցակում, այնուհետեւ իսրայելական անձնագրով մտել Ադրբեջան: Այդ երկրի սահմանապահները չէին նկատել, որ սեւ ցուցակում հայտնված մարդ է այցելել իրենց երկիր: Այս դեպքերից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:
Լապշինի ձերբակալության հենց սկզբից՝ իսրայելական ու ռուսական իրավաբանական, դիվանագիտական խմբերին զուգահեռ, հայկական կողմն անուղղակի օգություն ցուցաբերեց Լապշինին: Փաստաբանների խումբ կազմվեց, որնք իր օգնությունն առաջարկեց բլոգերին: Ու վե՞րջ:

Հայաստանը կարող էր խոչընդոտել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, եթե պաշտոնական մակարդակով Արտգործնախարարություն կանչեր Բելառուսի դեսպանին՝ «Թագավորանիստ» Առինջի իր կեցավայրից, եւ հստակ պահանջ ներկայացներ չարտահանձնել բլոգերին: Բացատրեր, որ Լապշինին արտահանձնումը նախ եւ առաջ քաղաքական խնդիր է, որ այդ արտահանձնումը ուղղակի հարված է Հայաստանին, որ դա իրավական խնդիր չէ:  
Արտգործնախարարությունը կարող էր սպառնալ, որ այդ քայլով վերջ կդրվեր հայ-բելառուսական հարաբերություններին: Հայկական կողմը կարող էր սպառնալ տնտեսական պատժամիջոցներ կիրառել` հրաժարվելով բելառուսական տրակտորներից, որոնք առանց այդ էլ միայն Հայաստանն է գնում: հայաստանը կարող էր նոտա հղել Բելառուսի դեսպանին:
Հայաստանը կարող էր սպառնալիքներով հասնել միջազգային ասպարեզ: ՀԱՊԿ հարթություն: Դաշնակցի հանդեպ թշնամական վերաբերմունքի համար կառույցից հեռացնելու հարց բարձրացներ: Ի վերջո՝ դիվանագիտական խողովակներով հասներ նրան, որ Ռուսաստանն ու Իսրայելը առավելագույնն անեին իրենց քաղաքացուն չարտահանձնելու համար: Իրենք կարող էին առավելագույնը չանել, որովհետեւ իրականում Բելառուսը Լապշինին ձերբակալել էր ոչ թե այն պատճառով, որ Իսրայելի, կամ Ռուսաստանի քաղաքացի էր, այլ այն պատճառով, որ այցելել էր Ղարաբաղ: Հայաստանը չէր կարող առավելագույնը չանել:   

Բայց` Հայաստանը կարո՞ղ էր խոչընդոտել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը


Իրականում` ոչ: Ոչ, որովհետեւ Բելառուսի դեսպանին կանչել եւ ինչ որ բան բացատրելը հարցի լուծում չէ: Մի՞թե դեսպանը տեղյակ չէր, որ Լապշինին արտահանձնելը քաղաքական հարց է: Լուկաշենկոն էլ էր հասկանում, որ դա քաղաքական հարց է, եւ արտահանձնելու հրապարակային հրաման է իջեցրեց դատախազությանը:  Նա դա արեց առանց քաշվելու, ամաչելու, թե կմտածեն՝ բռնապետ է: Վաղուց էր հայտարարել, որ ինքը Եվրոպայի վերջին դիկտատորն է: Հետևաբար ի՜նչ պետք է աներ Բելառուսի խեղճ դեսպանը, եթե իր երկրի նախագահն է կարգադրում արտահանձնել:

Մնում է ազդեցություն գործել հենց Լուկաշենկոյի վրա: Ի՞նչ պետք է աներ Հայաստանը: Տնտեսական պատժամիջոցնե՞ր կիրառեր: Ինչպե՞ս: Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ երկրներ են գրեթե միասնական սահմաններով, այդ ինչպե՞ս պետք է կարողանար արգելել բելառուսական ապրանքի ներմուծումը Հայաստան, կամ հակառակը: Եվ եթե նույնիսկ հնարավոր լիներ արգելել, ի՞նչ մի սպառնալիք է դա:  


[Իրականում` ոչ]



Բելառուսի հետ ՀՀ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 40 միլիոն դոլար: Ադրբեջանի հետ Բելառուսի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 330 միլիոն դոլար:  Հայաստանը Բելառուսից ներմուծում է մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասե իրեր, անվադողեր, փայտե շինանյութ, գործվածք, ուժային շարժիչներ, պոմպեր, խողովակներ և մալուխ: Արտահանում` Թունդ ոգելից խմիչք, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրատեխնիկական սարքեր, տրանսֆորմատորներ: Ադրբեջանը նույնպես գնում է այս ամենը: Ավելին` 2014 թվականից վաճառում է էժան նավթ: Բելառուսի վրա Հայաստանի տնտեսական ազդեցությունը չնչին է: Ոչ էլ հայկական համայնք ու լոբբի կա Մինսկում:
Մնում է ՀԱՊԿ-ն: Բայց ՀԱՊԿ կանոնադրության ո՞ր հոդվածում է գրված, որ Հայաստանը կարող է խառնվել գործընկեր երկրի ներքին գործերին:  Ֆորմալ առումով` որոշումը կայացրելէ  Բելառուսի անկախ դատարանը, որոշումը բողոքարկվել է, եւ Բելառուսի Գերագույն դատարանը վճիռն անփոփոխ է թողել:  ՀԱՊԿ-ում այս տեսակի հարցերը չեն կարող քննարկվել, ոչ էլ կարող ես սրա համար անդամությունից հանելու հարց բարձրացնել:

Հիմա` Հայաստանը կարո՞ղ էր խոչընդոտել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը


Եվս մեկ անգամ ոչ: Բայց, Հայաստանը կարող է իրադրությունը փոխել իր օգտին: Ի՞նչ էր հետապնդում Ադրբեջանը՝ բլոգերին ստանալով: Նախ՝ Ալիևը պատժում է իրեն քննադատած բլոգերին: Բռնապետի համար սա ավելի կարևոր խնդիր է, քան Ադրբեջանի հեղինակազրկումը կամ Արևմուտքի անբարյացակամությունը: Ալիևը նաև ցանկանում էր նախադեպ ստեղծել, որ մարդիկ խուսափեն ԼՂՀ գնալ: Եթե հիմա հայկական կողմը նախաձեռնողականություն չդրսեւորի, հենց այդպես էլ կլինի: Հայկական կողմի գործողություններից է կախված՝ ոչ հայերն այժմ կխուսափե՞ն Ղարաբաղ այցելելուց: Հայաստանը պետք է շատ արագ կազմակերպի աշխարհի ամենահայտնի բլոգերների կոնֆերանս, և հենց Ղարաբաղում: Ընդանրապես Ղարաբաղը կարող է հայտարարվել աշխարհում բլոգերների պաշտպանության գոտի` ի պատիվ Լապշինի: Նրա անունով փողոց կարելիէ  անվակոչել Ստեփանակերտում: Եվ կարելի է Լապշինի համար կազմակերպել բլոգերության և ժուռնալիստիկայի առցանց դասախոսական կուրսեր՝ ԼՂՀ բուհերի ժուռնալիստական կուրսերի ուսանողների համար: Նրա անունից այդ հեռուսուցումը կարող են վարել նրա գործընկերները՝ տարբեր երկրներից: Ու վճարները կարող են փոխանցվել Լապշինի հաշվեհամարին: Եթե արտահանձնումին խոչընդոտել չկարողացանք, գոնե նրա մեծարմանը կարո՞ղ ենք հասնել: