Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն

newmag-ի «Իրականում` ոչ» սյունակում Զոհրաբ Հարոյանը վերլուծում է Գագիկ Ծառուկյանի «քամ բեքը»: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրությանը:

Այս շաբաթ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի կյանքի բարեգործական շրջափուլն ու սկսվեց մեկ այլ` նոր, ուրիշ` քաղաքական շրջափուլը: ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքականություն վերադարձավ նախկին կուսակիցների թախանձագին խնդրանքներից, Առինջի իր ապարանքի դիմաց մի քանի տասնյակ մարդկանց զանգվածային պահանջներից, իր իսկ հեռուստաալիքով 4-մասանոց իմիջային ֆիլմի հեռարձակումից հետո` նույն ալիքով հեռարձակված հեռուստաուղերձի միջոցով:

3 րոպե 43 վայրկյան տևած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը հասցրեց ասել, որ երբեք չի ձգտել իշխանության, քաղաքականության էջը փակել էր հայտնի դեպքերից հետո: Իր իսկ գնահատմամբ՝ շատ էլ ճիշտ էր արել: Հիմա կրկին բացում է այդ էջը, որովհետեւ սուրբ տեղը դատարկ է մնացել. իր հեռանալուց հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ չի կարողացել լրացնել, երկիրը ճիշտ ճանապարհով չի գնում, լիքը քաղաքական գործիչներ հորդորում են վերադառնալ:

Գագիկ Ծառուկյանը փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ քաղաքական «որոշ գործիչների» վարքագծի գնահատականը թողեց «հանրության ու Աստծո» դատին: Իսկ ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին ԲՀԿ նախկին ղեկավարը լակոնիկ հայտարարություն արեց. Կգնա՝ «ձեւավորելով լայն դաշինք»: Դռները բաց են բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների առջեւ:  

Եվ այսպես` Գագիկ Ծառուկյանը կրկին հարազատ տարերքում է: Վերադառնում է մեծ քաղաքականություն: Բայց ավելի զորեղ թիմով: Ավելի ֆունդամենտալ հավակնություններով: Այս անգամ նա կգլխավորի ոչ միայն իր նախկին կուսակցությունը, այլեւ, ինչպես պարզվում է հայտարարությունից` դաշինքով: Ճիշտ ժամանակն է: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է ընդամենը 1.5 տարի:

Կուլիսային քննարկումները կավարտվեն փետրվարին, երբ պարզ կդառնան կուսակցական ցուցակները, ձեւաչափը, թիմերը: Այդ ժամանակ կավարտվեն «ով՝ ում հետ, քանի հոգով» պոլիտսեքսուալ հարցադրումները, եւ կսկսվի համազգային նոր փսիխոզ` «ով, ումից հետո, մինչև երբ»: Այդ ընթացքում «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը» կայցելի ծերերին, երեխաներին, մանկատներ, սահմանամերձ գյուղեր, ինչն ի դեպ` ոչ մի կապ չի ունենա Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հետ:  Եվ քաղաքականություն վերադարձած ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքական նոր ռեյտինգներ կնվաճի:

Բայց` Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է  քաղաքականություն

Իրականում` ոչ: Գագիկ Ծառուկյանը չի վերադառնում քաղաքականություն, որովհետեւ նա երբեք էլ չի զբաղվել քաղաքականությամբ: Կոնյունկտուրային կուսակցություն հիմնելը, բիզնես-սպասումներով ապրող մարդկանց թիմ հավաքելը եւ ընտրակաշառք բաժանելու շնորհիվ խորհրդարան մտնելը դեռեւս քաղաքականություն չէ: Քաղաքականությունը գաղափարակիրների միասնական գործընթաց է, բայց փետրվարյան, այսպես կոչված՝ հայտնի իրադարձությունները ցույց տվեցին, որ խմբային` թիմային որոշում չկար ԲՀԿ-ում: Առաջնորդը որոշեց, թիմը լռեց, առաջնորդը հեռացավ, թիմը պառակտվեց:

Ամերիկյան քաղաքագիտական դպրոցի գրեթե բոլոր ներկայացուցիչները քաղաքականությունը բնորոշում են որպես իշխանության ձգտում և իշխանության իրականացում։ Գագիկ Ծառուկյանի նոր հայտարարության առաջին իսկ նախադասությունը հենց այդ մասին է` երբեք չի ձգտել իշխանության: Բայց չես կարող չձգտել իշխանության ու զբաղվել քաղաքականությամբ: Նույնն է` վախենաս արյան տեսքից, բայց վիրաբույժ աշխատես:

Գագիկ Ծառուկյանը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ քաղաքականությունը հռետորական, զինվորական, դատական արվեստների ամբողջությունն է: «Բոլոր քաղաքացիներին պահպանելու և նրանց հնարավորին չափ լավը դարձնելու կարողությունը» (Պլատոն), «ճիշտ և հմուտ կառավարման արվեստ, գիտելիք » (Մաքիավելի), «պետական ապարատի առաջնորդություն կամ ազդեցություն այդ առաջնորդության վրա» (Մաքս Վեբեր), «դասակարգային շահերի բախում» (Կարլ Մարքս)։

Իսկ եթե իջեցնենք քաղաքականության մասին պատկերացումների արևմտյան նշաձողը եւ համարենք, թե քաղաքականությունն այն է, ինչով զբաղվում են ՀՀ կուսակացական բոսսերը, ապա Գագիկ Ծառուկյանը չի վերադարձել քաղաքականություն, որովհետեւ չի էլ հեռացել այնտեղից: Այն գործունեությունը, որը նա ծավալում էր մինչեւ «փետրվարյան հայտնի դեպքերը»` բարեգործությունը, նա շարունակում էր նաեւ Սերժ Սարգսյանի թելադրմամբ «ծալված էջի» պայմաններում: Այսինքն` Ծառուկյանը ոչ մի կերպ չի վերադարձել քաղաքականություն, որովհետեւ կամ չի եղել այնտեղ, կամ չի հեռացել այնտեղից:

Հիմա` Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է  քաղաքականություն

Կրկին` ոչ: Ոչ, որովհետեւ քաղաքականությունը զարգացած տնտեսության և զարգացած հասարակության մենաշնորհն է: Թերզարգացած երկրներում քաղաքականություն չկա, կա ներկուսակցական և միջկուսակցական մանրախնդիր գզվռտոց, կա կուսակցական ֆունկցիոներների ռոտացիոն մրցավազք:

Իրականում կուսակցություններ էլ չկան Հայաստանում: Կա երկու կուսակցություն` ձախ կենտրոնամետ ՀՅԴ եւ աջ պահպանողական ՀՀԿ: Մնացածը ֆրակցիաներ են` իրենց ֆրակցիոն ղեկավարներով: Երկու պրագմատիկ կուսակցությունները կոալիցիա են կազմել և դեռ չճանաչված ընդհանրական՝ լիբերալ ուժի պարտիական ֆրակցիաների ղեկավարներին արտամղել են միջկուսակցական պայքարի լուսանցք: Տարօրինակ է, այո: Բայց չէ՞ որ  Հայաստանում ոչ աջն է` աջ, ոչ ձախը` ձախ:

Հիմա, եթե քեզ համարում ես քաղաքական ուժ, որի գաղափարախոսությունը աջակողմյան է, եթե աջակողմյան իշխող ուժի հետ տարաձայնություն չունես աշխարհաքաղաքական միավորումների ընտրության հարցում, եթե դիրքորոշումդ չի տարբերվում Ղարաբաղի հարցում, ո՞ւր ես վերադառնում: Եվ ինչպե՞ս կարող ես վերադառնալ մի քաղաքականություն, որը երբեք էլ չի եղել:

Գրել կարծիք