Սրբազանի կոչը մասնակցությո՞ւն էր քաղաքականությանը

Սրբազանի կոչը մասնակցությո՞ւն էր քաղաքականությանը

Սուրբ ծննդյան պատարագին Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն Էդմոն Մարուքյանին ու Վանաձորի ավագանու նիստը բոյկոտող «Լուսավոր Հայաստանին» կոչ էր արել «խռովկանությունը» մի կողմ դնել, միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում:

Բանն այն է, որ Վանաձորում տեղի ունեցած ընտրությունից հետո ավագանու ընդդիմադիր հատվածը ամիսներ շարունակ բոյկոտում է ավագանու նիստերը: Ընդդիմադիրները մտադիր են այնքան ժամանակ չմասնակցել ավագանու նիստերին, մինչեւ գործող քաղաքապետը հրաժարական տա, կամ ավագանին լուծարվի, կամ նոր ընտրություններ նշանակվեն:

Ավագանու նիստերին «Լուսավոր Հայաստանի» եւ մյուսների չմասնակցելը քաղաքական գործընթաց է՝ իր քաղաքական հետեւանքներով: Հետեւաբար սրբազանի քրիստոնեական անմեղ կոչն ու հորդորը  («միավորվել եւ մասնակցել ավագանու նիստերին») ստացվում է միջամտություն քաղաքական գործընթացին: Սրբազանը միայն մեկ կողմին` ընդդիմությանը, կոչ է անում վայր դնել քաղաքական գործիքն ու ընդունել սեփական պարտությունը: Որքան էլ քրիստոնեահունչ լինի միաբանության հորդորը, այն միակողմանի է, քանի որ չի հնչել քաղաքապետի՛ն ուղղված քարոզ՝ ինքնակամ հրաժարվել մունիցիպալ գահից և իր քաղաքական հակառակորդների հետ եղբայրաբար լծվել նոր ընտրությունների քարոզարշավի:

Ստացվում է, որ Առաքելական եկեղեցու սպասավորը՝ օգտնվելով կրոնական շուկայում իր մոնոպոլ դիրքից, խաղարկելով դյուրահավատ լոռեցիների՝ աստվածապաշտ լինելո ւհանգամանքը, չարաշահելով պաշտոնը (նա դա արել է եկեղեցում՝ պատարագից հետո) քարոզել է լոկալ իշխանության օգտին: Եվ դա արել է՝ հայրաբար նայելով Մարուքյանի ըմբոստ աչքերի մեջ:

Բայց` սրբազանի կոչը միջամտությո՞ւն էր քաղաքականությանը

Հայ Առաքելական եկեղեցին վերջին 17 դարում վարում է ի՛ր քաղաքականությունը, եւ հոգեւորականներն այդ կառույցի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը հավատավոր հոտին հասցնողներն են: Հոգեւոր իշխանության գլխավոր քարոզը սերն է ո ւհանդուրժողականությունը, միաբանությունն ու հաշտությունը: Սրբազանին, արդարեւ, առաջնորդել է ավագանու ներքին պառակտման վախն ու ընդդիմադիրների հանցավոր անգործության ամոթը: Մի՞թե վատ է:

Սրբազանը կատարել է հոգեւոր հովվի իր պարտքը. նա մոլորված ոչխարներին ցույց է տվել դեպի հայրենի փարախ տանող ճանապարհը, հորդորել է ժամանակ չվատնել եւ գործադրել ստանձնած առաքելությունը: Նա փաստորեն ասել է՝ ձեր համերկրացիները ձեզ ընտրել են, որ իրե՛նց հոգսերը հոգաք, ոչ թե ձեր, որ հանրօգուտ աշխատանքի՜ լծվեք, այլ ոչ՝ ծուլանաք դիմադրաբար: Մի՞թե կառուցողական չէ:

Բացի այդ, սրբազանը դա ասել է այս աշխարհիկ իշխանության եւ տարաշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչների առջև, եկեղեցու ներսում, սրբազան ծեսի ամենահետաքրքիր հատվածում: Չէ՞ որ եկեղեցի մտած ամեն ոք դադարում է լինել պաշտոնյա կամ առաջնորդ եւ դառնում է մեղավոր թշվառական՝  երկնային Թագավորի պատկերի առջև:

Եթե մտել ես եկեղեցի, ուրեմն արդեն իսկ ընդունել ես կղերականի գերակայությունը քո հանդեպ: Ուրեմն պիտի խոնարհ լինես, կանգնես գլխահակ ու անհավակն, լինես իմաստուն հոր խրատները անհակաճառ լսողորդի: Քանիդեռեկեղեցուցդուրսես՝բոյկոտդքաղաքականություն է, բայց եկեղեցու ներսում բոյկոտդ բունտ է: Եթե գնացել ես պատարագին մասնակցելու, ուրեմ նայդ կրոնական համայնքի անդամ ես, ուրեմն պետք է պատրատ լինես լսել քո հոգեւոր հովվին, քո հոգեւոր հորը եւ անսալ խորանից հնչած կոչին:

Սրբազանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ իրավունք ունի իր կարծիքը հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ: Ու ի՞նչ է նշանակում, թե սրբազանը օբյեկտիվ չէ, միակողմանի է: Ի՞նչ է՝եկեղեցին օբյեկտի՞վ կառույց է, որ սրբազանն էլ օբյեկտիվ լինի: Եկեղեցին ի սկզբանե սուբյեկտիվ է` եկեղեցում դեմոկրատիա չկա: Եկեղեցում ոչ-ոք չի ասում՝ «Պարոնա՜յք, մենք լսեցինք աստծո խոսքը, իսկ հիմա լսենք սատանայի կարծիքը»: Ասում են՝ Նա բարի է, իսկ այս տականքը՝ չար: Ու վե՛րջ: Հետեւաբար միամտություն է Աստծո ծառայից ՄԻԵԴ-ի  որոշում ակնկալելը:

Հիմա` սրբազանի կոչը նշանկո՞ւմ էր ներքաշվել քաղաքականությանը

Բանն այն է, որ քաղաքականությունը հնարավոր է միայն քաղաքներում: Գյուղում քաղաքականություն չի լինում: Գյուղում պետք է լինեն ավանդապաշտ գյուղացիներ, որոնց գործը ոչ թե հրապարակներում ճառելը կամ գաղափարներ վաճառելն է կամգործադուլ անելը, այլ աշխատելը՝ հողը մշակելը: Քաղաքներում էլ պետք է լինեն քաղաքային բնակիչներ՝ քաղաքացիներ: Պարզապես քաղաքային բնակչության ձևավորման համար հարյուրամյակներ են պետք: Մինչդեռ ՀՀ  քաղաքներում, որոնք 100 տարեկան էլ չկան, գյուղական բնակչությունն ավելի շատ է, քան գյուղերում: Նույնիսկ Երևանը դեռ քաղաք չի դարձել, ուր մնաց՝ Գյումրին կամ Վանաձորը: Գյուղական պահպանողական համայնքը վերջին 1700 տարում եղել է եկեղեցո ւարբանյակը: Հենց եկեղեցին է դարեր շարունակ ձեւակերպել եւ գործադրել համայնքային արդարադատությունը: Գյուղում, նույնիսկ մեծ գյուղում, նույնիսկ շատ մեծ գյուղում եկեղեցին ե՛ւ օրենսդիր իշխանություն է, ե՛ւ գործադիր, ե՛ւ դատական: Այս դեպքում սրբազանի կոչը ընդամենը միջնադարյան ավանդույթը վերականգնել ու հայտ է:

Բայց եթե այդ հայտին հակադրվում են իրենց քաղաքացի համարող անձինք, ուրեմն Վանաձորում ձեւավորվում է քաղաքային բնակչություն՝ տեղական բուրժուազիա, բյուրգերներ, որոնք փոփոխությունների են կարոտ: Ի տարբերություն ավանդապահ գյուղի պահպանողական գյուղացիների, որոնք 20-30 տարի նույն գյուղապետին են ընտրում եւ շատ գոհ են, քաղաքում փոփոխությունների կուլտ է, ավանդույթները կոտրելու ձգտում, ռեֆորմացվելու մղում, արմատակալած իշխանությանն ընդդիմանալու մարմաջ:

Այնպես որ՝ սրբազանի կոչը եւ դրա դեմ ըմբոստացումը խորհրդանշում են համայնքի կառավարման մոդելի մասին միջնադարյան պատկերացումների եւ ժամանակակից ընկալումների բախումը, որի հանգուցալուծումից է կախված՝ Վանաձորը երբևէ քաղաք կդառա՞, թե՞ կմնա նահապետական վարք ու բարքով, կրիմինալ եւ աստվածավախ գյուղաքաղաք:

Գրել կարծիք