Մարդիկ, որոնք չեն կարող չմագլցել. հայ ալպինիստները` աշխարհի ամենաբարձր գագաթներին

December 17, 2016

2013 թվականից սկսած Հայաստանն էլ ունի լեռների ու լեռնագնացների օր:  Այն տոնում են հոկտեմբերի 9-ին: 1829 թվականին հենց այդ օրը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանը բարձրացավ Արարատի գագաթ: Երկու դար հետո էլ Արարատը հայ լեռնագնացների համար «must do» է: Շատերի համար այն խորհրդանշական վերելք է: Հետո գալիս են տեխնիկապես ավելի բարդ ու բարձր գագաթները: Ամեն կիլոմետրը հաղթահարելուց հետո լեռնագնացները նոր նշաձող են սահմանում: Սա յուրօրինակ հիվանդություն է, որը ձգում է:
Լեռնագնացությունը կախվածություն է, փիլիսոփայություն: Ալպինիստները մարդիկ են, որոնց համար սար բարձրանալը մասնագիտություն է, սիրած զբաղմունք, ապրելակերպ: