Մենք` ձեր ծառերը, դուք` մեր անտառը

November 4, 2015

Անցել են ժամանակները, երբ տղամարդը աշխարհը նվաճում էր ֆիզիկական ուժով ու կամային հատկանիշներով: 21-րդ դարում պահանջվում են ավելի շատ ճկունություն և կրեատիվ հայացք խնդիրներին: Ուղղամիտ ու միայն առաջ նայող տղամարդիկ սկսել են առաջխաղացման դափնիները զիջել կանանց: Սակայն մի՞թե կանայք ավելի լավ աշխատակիցներ կամ ղեկավարներ են, քան տղամարդիկ:
Պնդումը, թե կանայք ավելի դիմացկուն են և ուշ են հոգնում, հերքել են իսրայելցի գիտնականները. նրանց ուսումնասիրությունը պարզել է, որ կանայք աշխատանքից տուն են վերադառնում ավելի հոգնած, քան տղամարդիկ, թերևս նաև այն պատճառով, որ ավելի պատասխանատու և բծախնդիր են իրականացնում հանձնարարությունը, քանի որ տղամարդկանցից ավելի շատ են վախենում աշխատանքը կորցնել:

Տղամարդկանց աշխարհն արդեն հաստատել է իր կանոնները նաև աշխատավարձի հարցում: Կանայք քիչ են վարձատրվում, որքան էլ փորձում են պահանջել ֆինանսական հավասարություն:

Մեկ գավաթ գարեջրի շուրջ փողի մասին զրուցելը միշտ ավելի հեշտ է 2 տղամարդկանց համար: Սա ամենևին էլ ասիական մտածելակերպով ու մութ բարքերով թելադրված առանձնահատկություն չէ. նույնիսկ զարգացած երկրներում հավասար վարձատրությունը մեծ խնդիր է:
Շատ տնօրեններ կին աշխատակիցներին ցածր աշխատավարձ տալը հիմնավորում են նրանց շատախոսությամբ. աշխատավարձը կոմերցիոն գաղտնիք է, իսկ կանայք, համենայնդեպս կանանց հիմնական մասը, գաղտնիք պահել չեն կարողանում: Պատրիարխալ հարաբերությունները, այդուհանդերձ, աշխատավայրում էլ են դրսևորվում: Ցածր ինքնա-գնահատականի և խիստ ինքնաքննդատության պատճառով կանայք տղամարդկանցից քիչ են ձգտում պաշտոնների. նրանց համար կարևոր են ոչ թե պաշտոնն ու դիրքը, այլ ինքնադրսևորվելու հնարավորությունը: Կնոջ համար հեշտ է լինել ենթակա ընտանիքում և աշխատավայրում, իսկ տղամարդն ավելի սովոր է ընտանիքի ղեկավարի, պաշտպանի ու կերակրողի ստատուսին:
Վարձատրության խթանն էլ կանանց ու տղամարդկանց համար տարբեր է: Կանայք բնույթով պարտաճանաչ են և կայունության կողմնակից. նրանք նախընտրում են ֆիքսված վարձատրությունը, իսկ տղամարդիկ ուզում են վաստակել ավելին. նրանց վարձատրությունը պետք է համեմատական լինի կատարած աշխատանքին:

21-րդ դարում կանայք պատրաստ են անել ցանկացած գործ: «Սա կնոջ գործ չէ» արտահայտությունն այլևս ակտուալ չէ: Այսուհանդերձ, աշխատանքի ներհիմնարկային բաժանումներ կան` ըստ սեռական առանձնահատկությունների: Աշխատանքի մաքսիմալ արդյունավետության համար մենեջերները փորձում են շահեկանորեն օգտագործել կանանց և տղամարդկանց` միմյանցից խիստ տարբերվող մտածելակերպը: Պատկերավոր ներկայացնելու դեպքում կարելի է այդ տարբերությունը բնութագրել մեկ նախադասությամբ. կանայք տեսնում են ծառերը, իսկ տղամարդիկ` անտառը:
Կանայք անտարբեր չեն մանրուքների նկատմամաբ, նրանք նրբանկատ են և ավելի լավ են վերլուծում դետալները: Տղամարդիկ, հակառակը, ընկալում են իրադարձությունն ամբողջությամբ և գնահատում են ռազմավարական զարգացումը` ամեն ինչ բերելով ռացիոնալ սխեմայի: Կանայք օժտված են կառուցողական երկխոսության մղումով, խոսակցությունը պահելու ձիրքով, իսկ տղամարդկանց համար հեշտ է սկսել այդ խոսակցությունն ու հանգել որոշման:
Տղամարդիկ համառ են, հաստատուն, համբերատար ու նպատակասլաց, իսկ կանաք շփվող են, զգացմունքային, ուրիշի դրության մեջ մտնող: Այդ պատճառով էլ ղեկավար պաշտոններում տղամարդիկ են, բայց կանայք էլ անփոխարինելի կառավարիչներ են, HR մասնագետներ ու փոխտնօրեններ, քանի որ նրանց համար շատ կարևոր են միջանձնային հարաբերությունները և կոլեկտվի` իրենց երկրորդ ընտանիքի միկրոկլիման: Որևէ գրված պայմանավորվածություն այս մասին, բնականաբար, չկա: Կանայք և տղամարդիկ ունեն կրթություն ստանալու, աշխատավայրում առաջխաղացման և պաշտոններ զբաղեցնելու նույն իրավունքները, բայց շուկան թելադրում է ռացիոնալ լուծումներ, և տղամարդ ղեկավարները ինչ-որ առումով այդ շուկայում բնական ընտրության արդյունք են:
Մենք միմյանց լրացնում ենք ոչ միայն ընտանիքում, այլև աշխատավայրում: Տարասեռ կոլեկտիվներում աշխատանքն ավելի արդյունավետ է:

Խառը խմբերում մարդիկ ավելի ուշադիր են, ավելի զուսպ, միշտ մտածում են, թե ինչ տպավորություն կթողնեն դիմացինի վրա: Եվ այդ ներքին ինքնատիրապետումը անդրադառնում է աշխատանքային ընդհանուր կարգ ու կանոնի վրա:
Կոնֆլիկտները ևս խառը կոլեկտիվներում ավելի հեշտ են հաղթահարվում: Կանայք իրենց իմպուլսիվ խառնվածքով առաջինն են նկատում անարդարությունն ու խոսում այդ մասին: Խնդիրը լուծվում է. տղամարդիկ այլևս չեն անդրադառնում դրան, իսկ կանայք հաստատ թեմային կանդրադառնային ևս մի քանի անգամ, եթե տղամարդկանց ներկայությունը նրանց չտեղափոխի ռացիոնալ ներկայի դաշտ: