ՉԵՄՊԻՈՆ. Անդրե Աղասի. Պատմության ամենահեղափոխական թենիսիստը

September 14, 2015

2006-ի սեպտեմբերի 4-ին US Open-ի երրորդ մրցափուլն էր ընթանում: Կորտում էին Անդրե Աղասին ու Բենջամին Բեքերը: ԱՄՆ «Արթուր Էյշ» կորտում «Մեծ սաղավարտի» 8-ակի հաղթողն ու ATP-ի աղյուսակով 112-րդ ցուցանիշն ունեցող թենիսիստներն էին: Մրցավեճից տարիներ անց միայն Բեքերը կխոստովաներ. «Աղասին իմ իդեալն է եղել»:
Դանդաղում էր, հուզմունքից կնճռոտում դեմքը, հաճախ կռանում ու նայում էր Բեքերի հարվածից ցանցը կորագծով հատող թենիսի գնդակին: Համոզվում, որ դիպել է գետնին, ապա ուղղվում, պատասխանում հարվածին:
Անդրե Աղասիի մարզիչը` Գիլ Ռեյսը, սանին այդ վիճակում տեսնելով, մտքում կրկնում էր. «Մի՞թե վերջն էր: 21 տարիներն ինչպե՞ս էին անցել մեր կողքով: Մի՞թե իրոք վերջին խաղն էր»:
ԱՄՆ բաց առաջնության երրորդ մրցափուլի Աղասի - Բեքեր մրցախաղն ավարտվեց 25-ամյա երիտասարդ թենիսիստի հաղթանակով: 2006-ի սեպտեմբերի 4-ին Անդրե Աղասին ուժ չուներ արցունքները զսպելու համար: Եվ պարտությունից չէր, որ կոկորդում խեղդուկ էր կուտակվել: Խոստովանությունը հենց կորտում հնչեց հարյուրավոր երկրպագուների ներկայությամբ. «Ցուցանակն ասում է, որ ես պարտվել եմ այսօր: Բայց կա մի բան, որ թվատախտակը ցույց չի տալիս` այսօրվա իմ գտածը: Վերջին 21 տարիների ընթացքում ես գտել եմ անձնվեր հավատարմություն: Դուք ինձ ոգևորել եք կորտում և կյանքում: Ես ձեզնից ոգևորություն եմ ստացել: Հաղթելու համար ամենավատ պահերին դուք եք ինձ կամքի ուժ տվել: Ես գտել եմ մեծահոգություն: Դուք ինձ ձեր ուսն եք դեմ տվել, որպեսզի ձեր օգնությամբ հասնեմ իմ երազանքների իրականացմանը: Երազանքներ, որոնք առանց ձեզ պարզապես չէին կարող լինել: Վերջին 21 տարիների ընթացքում գտել եմ ձեզ: Եվ ես ձեզ ու ձեր մասին հիշողություններս կպահեմ մինչև կյանքիս վերջ: Շնորհակալ եմ»:
Անդրե Աղասին պատմության ամենահեղափոխական թենիսիստն է: Նա կորտ մտավ ռոքերի կերպարանքով ու կոտրեց թենիսի մասին բոլոր կարծրատիպերը: Անդրե Աղասիի պատմությունը հայկական ողբերգության ու ամերիկյան երազանքի մասին է. «Ես իմ ճակատագիրը կերտողն եմ, ես եմ իմ հոգու կապիտանը»:
Ժոզե Մոուրինիո. Եվրոպայի ֆուտբոլի ամենակատաղած մարզիչն` այլ մոլորակից





Ուժ էին տալիս կողքից լսվող հիացական խոսքերը` վունդերկինդ, վունդերկինդ: Բայց վունդերկինդը սիրողական թենիսիստ էր միայն: Մրցաշարից նրան փորձն էր մնում ու հարվածների դիպուկությունը, և դրանից ստամոքսի ձայները չէին լռում. «Թենիսի աշխարհը պետք է նվաճեմ. այդ մտքով էի միայն սնվում»:
1986-ի գարնանից ամբողջ Ֆլորիդան ծայրից ծայր կտրեց-անցավ, մի քանի մրցաշարեր հաղթեց: Տարվա վերջին` 5-րդ մրցաշարում եզրափակիչ դուրս եկավ. «Եզրափակիչում պարտվեցի, բայց ֆինալիստ էի. ինձ 1100 դոլարի չեկ էր հասնում: Ֆիլի հետ այնքա՜ն շատ ուտելիք կառնեինք այդ գումարով: Ամբողջ տարվա քաղցը կհագեցնեինք: Բայց չեկը վերցնելը նշանակելու էր, որ դառնում էի պրոֆեսիոնալ թենիսիստ ամբողջ կյանքում: Դրանից հետո հետդարձի տեղ չէր լինելու: Զանգեցի Վեգաս՝ հայրիկին՝ խորհրդի համար: Հարցնում եմ. «Ի՞նչ անեմ, պա՛պ»: Մայք Աղասիի բղավոցը լսվեց խոսափողի մյուս ծայրից. «Ի՞նչ ես խոսում, իսկ դու, բացի թենիս խաղալուց, այլ բան կարողանո՞ւմ ես անել: Դու թողել ես դպրոցը, ընդամենը 8-ամյա կրթություն ունես և դեռ կարծում ես, թե ընտրության հնարավորությո՞ւն ունես: Գուցե ուզում ես բժի՞շկ դառնալ, գրողը տանի»:
1986-ի ապրիլի 29-ին դարձավ 16 տարեկան: Որպես նվեր՝ հայրը Ֆիլին թույլատրեց մնալ կրտսեր եղբոր հետ: Այդպես Անդրեն ավելի շատ ժամանակ կունենար թենիսի համար: Եղբայրը դարձավ Աղասիի գործակալը: Շուտով Ֆիլի ջանքերը արդյունք տվեցին: Աղասի եղբայրները զանգ ստացան «Nike»-ից: «Ռեստորանում ես ու Ֆիլը գործնական հանդպում ունեցանք «Nike»-ի ներկայացուցչի հետ: Համիլտոն անունով մեկն էր: Անընդհատ նայում էր աչքերիս ու կրկնում` դու մեծ մարդ ես դառնալու, ա՛յ, կտեսնես: Նյարդայնացնում էր: 2 տարվա պայմանագիր էին առաջարկում, այդ ընթացքում էլ ապահովելու էին մարզահագուստով ու մարզապարագաներով: Ասաց` 20 հազար դոլար են տալու մեզ: Աչքերս կլորացան, ասում եմ` երկո՞ւ տարվա համար: Համիլտոնն ուղղեց. տարեկան 20 հազար դոլար են տալու: Ես «Nike»-ի համազգեստով ընդամենը պետք է հաղթեի»:
Հաջորդ տարի` 1987-ին, Անդրե Աղասին արդեն աշխարհի ուժեղագույնների ցանկում էր: 25-րդը: Երիտասարդ աստղը թենիսային երկնակամարում երևաց 17 տարեկանում: Անդրե Աղասիի թենիսային հեղափոխությունը սկսված էր: