Ռուզան Խաչատրյան. Կյանքում ամենակարևորը մահվան մասին չմոռանալն է

February 9, 2016

ընկերներս
Միայն ընկերներիս հետ եմ կարող ցույց տալ, թե այս աշխարհում ամեն ինչ կարգին է, և ուրախանալու համար նախատեսված պահերին պարզապես ուրախանալ: Ասես, հայ չլինեն: Ավելի շուտ՝ հայի տարտամ տեսակը չեն: Երբ խնդիր է ծագում, տրտնջալու, փնթփնթալու, վույ-վույ անելու փոխարեն արագ միջանկյալ լուծում ենք գտնում ու նորից ցույց տալիս, թե ամեն ինչ կարգին է: Այս շարքում են նաև ամուսինս ու զավակներս:
հայրս
Հայրս հայրս է, ընկերս չէ. սիրում է դժգոհել, բողոքել, ավելին, շատ համառն է արդարության համար պայքարելիս: Դեռ սովետի ժամանակներից եկած մի խնդիր լուծելու համար պայքարեց 25 տարի, երբ բոլորիս զահլան գնացել էր, ու համակերպվել էինք…

Փոքր էի. մի օր դպրոց գնալուց առաջ տատս տանը չէր, ստիպված հայրս պետք է հյուսեր երկար մազերս: Հալումաշ արեց, դասից ուշացա, ինքն էլ քրտինքի մեջ կորել էր իր անվարժության պատճառով: Ամերիկայում հայրերի տոն կա. մենք ինչո՞ւ չունենք այդ օրը:

Կարինե Դանիելյան. Իմ տեսակը… անհետացող տեսակ է
  • Զարուհի Բաթոյան. Նախ ինքս եմ հավատացել ինձ, հետո ստիպել եմ, որ ուրիշները հավատան

  • Լիլիթ Դավթյան. Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա




  • ամենակարևորը կյանքում
    Տարօրինակ է, բայց կյանքում ամենակարևորը մահվան մասին չմոռանալն է: Դու կարող ես քեզ և նույնիսկ ուրիշներին «ճղելով» շքեղություն ու հարստություն դիզել, բայց, միևնույնն է, հետդ չես տանելու: Եվ մի բան էլ է շատ կարևոր. ինչ անում ես, հավեսով պիտի անես: Հավեսով սիրես, հավեսով պահես զավակներիդ, հավեսով ընկերություն անես, տուն մաքրես, ճաշ եփես, տորթ թխես, հավեսով անես քո մասնագիտական գործը: Մի խոսքով` հավեսով ապրես:
    պետք չէ հավատալ
    Լրագրողական կատեգորիա է. զրուցակցի՛դ պետք չէ հավատալ: Ով էլ լինի, ինչ էլ ասի, պիտի ազնվորեն չհավատաս, պիտի փորձես աջից, ձախից, վերևից, ներքևից եկող հարցերով բացել իսկությունը: Բայց միայն զրույցի ընթացքում:
    Հետևից ու հետին թվով չհավատալը շատ հեշտ, բայց բավական ստոր բան է:

    կարևորը աչքով չես տեսնի
    Հակալրագրողական, չնայած «փոքրիկիշխանական» կատեգորիա է: Պիտի աչքովդ տեսած լինես այն, ինչ հրապարակում ես: Իրադարձությունը չես տեսել` գոնե դրա անաչառ վկայություննե՛րը գտիր: Եվ մի բան էլ. լրագրողի աչքը միշտ պիտի տեսնի կարևորը: Եթե չի տեսնում, ուրեմն այդ մասնագիտությունն իր համար չէ:
    նոր սերունդը
    Բոլոր ժամանակներում տարիքով մեծերը դժգոհ են եղել եկող սերունդներից: Եթե իրավացի էին, աշխարհն առաջ չէր գնա, ու չէր լինի, օրինակ, անցյալ դարի վաթսունականների երիտասարդությունը, որն իր բերած թարմ օդով հիմնովին փոխեց աշխարհը:
    Բոլոր սերունդների մեջ էլ կան «արգելակներ», ու կան «շարժիչներ», մի սերնդի ներսում արգելակի բաժինն է շատ, մյուսում` շարժիչի:

    Լինում են նաև սերունդներ, որոնց «շարժիչները» խիստ որակյալ են: Հայաստանում, կարծում եմ, գալիս է 1980­ականների վերջին ծնված այդ սերունդը. որքան էլ խիստ որակյալ են այդ սերնդի կորուսյալ մասի` ջիպերի «արգելակները», նույնքան բարձրորակ են գիրք կարդացող մյուս մասի «շարժիչները»:

    newmag #43