Զարուհի Բաթոյան. Նախ ինքս եմ հավատացել ինձ, հետո ստիպել եմ, որ ուրիշները հավատան

Զարուհի Բաթոյան. Նախ ինքս եմ հավատացել ինձ, հետո ստիպել եմ, որ ուրիշները հավատան

disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի մոնոլոգը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, սիրո, ուշադրության և Երևանի մասին:

բարեկեցություն
Մենք բարեկեցությունը հաճախ շփոթում ենք հարստության կամ փողի հետ, այնինչ դա ավելի շատ կապված է ունեցածը ճիշտ տնօրինելու հետ: Ամբողջ խնդիրը կարիքներին առաջնահերթություն տալու կարողությունն է: Նույնիսկ ամենածանր տարիներին մեր ընտանիքն ավելի լավ էր ապրում, քան շատերը, որովհետև մայրս կարողանում էր մեր ունեցած փոքրիկ գումարն այնպես տնօրինել, որ կարողանար ապահովել երեք անչափահաս երեխաների բարեկեցությունը:
Գուցե տարօրինակ թվա, բայց ես սովորաբար փողի պակաս չեմ ունենում: Ոչ այն պատճառով, որ հարուստ եմ կամ երևակայություն չունեմ, պարզապես ես կարողանում եմ ինձ լավ զգալ իմ ունեցածով: Չգիտեմ, գուցե դաստիարակության արդյունք է, որ ես միշտ բավարարվում եմ եղածով, և դա ինձ երբեք չի ճնշում կամ նեղում: Ես հավատում եմ, որ մարդը միշտ կարող է ունենալ ամենը, ինչ ցանկանա: Եթե ոչ, կարող է փոխել պահանջմունքները: Ի վերջո, արտաքին հնարավորությունները պետք է նպաստեն մեր ներաշխարհի հարստացմանն ու ներդաշնակությանը, այլապես դրանք անիմաստ են և աննպատակ:

իմ քաղաքը
Դժվար է ապրել մի քաղաքում, որտեղ դու «անտեսանելի» ես: Դժվար է ամեն քայլափոխի զգալ, որ քո մասին չեն մտածել, ասես դու չկաս: Բայց դա չի կարող ինձ ստիպել, որ ես քիչ սիրեմ իմ քաղաքը:
Մեկ տարի առաջ մոտորասայլակ նվեր ստացա, որով կարճ տարածություն անցնելու համար անպայման որևէ մեկը պետք էր, որպեսզի օգներ ինձ անցնել նույնիսկ այն թեքահարաթակներով, որոնք կառուցված են իբր միջավայրը մատչելի դարձնելու համար: Բայց այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ես ինձ համար մի շատ կարևոր բացահայտում արեցի. նորովի ճանաչեցի երևանցիներին:
Հենց դրսում մի խոչընդոտի էի հանդիպում, չէի էլ հասցնում նկատել, թե ինչպես է օգնողների բանակը հայտնվում՝ կանայք, երիտասարդներ, տղամարդիկ, մեծահասակներ… Մի անգամ, երբ ուզում էի խանութ մտնել գնումների, մի զույգ օգնեց հաղթահարել մուտքի առջևի աստիճանները: Գնումներս կատարելուց հետո դուրս եկա, տեսնեմ՝ զույգը դեռ կանգնած սպասում է, որ դուրս գամ` օգնեն իջնել: Մարդկային ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում ու ջերմացնում է՝ անկախ նրանից, թե ով է այն մեզ նվիրում: Ես նմանատիպ վերաբերմունքի արժանացել եմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Բրիտանիայում, և՛Թուրքիայում, բայց բոլորովին այլ է, երբ քո հանդեպ հոգատար են քո տանը՝ Երևանում: Հիմա միայնակ՝ առանց ուղեկցության, դուրս եմ գալիս Երևանում զբոսնելու, գնումներ անելու, որովհետև վստահ եմ՝ եթե օգնության կարիք ունենամ, երևանցիները կողքիս են…


ՄՈՆՈԼԳՆԵՐ


zara-batoyanմիայնակ չես
Պետք չէ մտածել, թե մենակ ես կամ ոչ մեկին պետք չես: Այդպես մենք ցավ ենք պատճառում նրանց, ովքեր սիրում են մեզ: Նույնիսկ եթե նման մտքեր են գալիս, ես սկսում եմ մտածել նրանց մասին, ում սիրում եմ: Երբ ինքնասպանությունների մասին եմ լսում, մտածում եմ, որ մարդը ոչ թե սիրված չլինելու պատճառով է դա արել, այլ այն պատճառով, որ ինքը չի սիրել: Չգիտեմ, գուցե խիստ եմ դատում, բայց մեր կյանքը միայն սիրո շնորհիվ է լցվում և իմաստավորվում, այն սիրո, որը մեր մեջ է ապրում:

կատարելություն
Ինձ համար մարդուց հետաքրքիր, գեղեցիկ ու կատարյալ էակ չկա աշխարհում: Ես կարող եմ անվերջ բացահայտել, հիանալ և զարմանալ մարդկանցով: Անկախ նրանից, թե ինչպիսին են նրանք ծնվել, որտեղ և ինչ պայմաններում, նրանք միշտ կատարելագործվելու հնարավորություն ունեն:
Երբ ինձ ասում էին, որ ուժեղ մարդ եմ, չէի համաձայնում, մտածում էի, որ բոլորն էլ նույնն են. եթե կարիք լինի, յուրաքանչյուրն էլ ուժեղ կհամարվի: Հետո սկսեցի մտածել, որ կա մարդու տեսակ, որ տարբերվում է իր պոտենցիալով: Հիմա ինձ համար քարացած ոչինչ չկա. չկան ուժեղներ և թույլեր, կատարյալներ և թերիներ: Ես հավատում եմ, որ ամեն ինչ սկսվում և ավարտվում է մարդու մտքում: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք կերտում մեզ: Կար ժամանակ, երբ ես իմ աչքին ամենատգեղ ու անհրապույր աղջիկն էի աշխարհում, ամենաանհամարձակն և հարմարվողը: Հիմա ես բոլորովին այլ կարծիքի եմ իմ մասին. նախ ինքս եմ հավատացել ինձ, հետո ստիպել եմ, որ ուրիշները հավատան:

խոստովանություն
Չգիտեմ՝ ինչպես է դա պատահել, բայց չեմ հիշում դեպք, որ մարդիկ մտածված ցանկանան վատություն անել ինձ: Չեմ հավատում նաև, որ վատությանը լավությամբ պատասխանելը կփոխի մարդկանց: Զարմանում եմ, երբ մարդիկ իրենց ցավ պատճառողներին շնորհակալություն են հայտնում: Ես դրա մեջ կեղծավորություն եմ տեսնում: Դա չի կարող ուժեղացնել մարդուն: Ինձ համար ավելի հեշտ է խոստովանել, որ ես ցավ եմ զգում, որ խաբված եմ կամ վիրավորված, քան ձևացնել, թե խոցելի չեմ: Ի վերջո, դրանից ոչ ոք ապահովագրված չէ:

 

Գրել կարծիք