Ռոբերտ Գալոյան. Այն, ինչ փողով չես գնի

Ռոբերտ Գալոյան. Այն, ինչ փողով չես գնի

Ֆիննախ օպերատիվ հետախուզության վարչության պետի մոնոլոգը 50 տարիների և մանկության հերոսի մասին:

ոչինչ չի փոխվում

Երբ տղամարդը բոլորում է իր 50-րդ տարին, առանձնապես ոչինչ չի կատարվում նրա ներսում: Շատ են խոսում տարատեսակ տարբերությունների մասին, բայց ես ոչ մի տարբերություն չեմ զգացել 49 տարեկանում և հետո՝ 50 տարեկանում: Ուղղակի ևս մի տարի է, ուրիշ ոչինչ: Իհարկե, կան հարցեր, որոնց սկսում ես այլ տեսանկյունից նայել, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Կարևորը՝ ես ինձ 21 տարեկան եմ զգում:

աններելի

Երբեք չի կարելի դավաճանել: Սա միակ բանն է, որը ես չեմ ներում: Խոսքը, իհարկե, ոչ միայն կնոջը դավաճանելու մասին է, այլև ավելի իրական, ավելի աններելի դավաճանության: Եվ որքան մտերիմ է քեզ դավաճանողը, այնքան դավաճանությունն աններելի է: Շատ կան բացասական արարքներ, որոնք կարելի է ինչ-որ չափով հանդուժել: Սակայն կան մարդկային նման կերպարներ՝ դավաճան մարդիկ, որոնց հետ ես նույնիսկ շփվել չեմ կարող:

սահման

Մարդու կյանքում սահմանագիծ կա՞, թե՞ չկա: Եթե խոսքը տարիքայինի մասին է, ո՛չ: Համենայն դեպս, մինչև հիմա չեմ հանդիպել որևէ սահմանի, որից հետո իմ մեջ ինչ-որ փոփոխություն զգացած լինեմ: Գուցե հետագայում լինի, չգիտեմ:

ուսումնառություն

Կրթություն ստանալ նշանակում է գիտելիք ստանալ: Այժմ կրթություն-գիտելիք կապը կարծես թե խզվել է: Պետք է փորձել հենց այդ կապը սերմանել երեխաների մեջ, որ իրենք ինքնություն հասկանան, պատկերացնեն, թե ինչ կարևոր բան է գիտելիքը: Իսկ գիտելիք ստանալու ցանկություն երեխան ունենում է իր ընտրած մասնագիտության դեպքում: Իհարկե, որպես հայր՝ փորձել եմ անել ամեն ինչ, պատասխանատվության զգացում սերմանել, խորհուրդներ տալ, բայց ոչ ավելին: Կյանքն իրենցն է, այդ ընտրությունը՝ նույնպես:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


Galoyanգինը

Փողով հնարավոր է անել շատ բան՝ գրեթե ամեն ինչ: Բարեկեցիկ ապրել, լիարժեք ապրել: Այսինքն՝ փողը պետք է դարձնել միջոց, ոչ թե նպատակ: Շատ կարևոր է նաև գումար ծախսելու մշակույթ ունենալ, հակառակ դեպքում փողն ուղղակի անպետքություն է: Ավելի հեշտ է ասել, թե ինչ հնարավոր չէ անել փողով: Ցուցակն ավելի փոքր է: Մեզ միշտ ասում են, որ դրանցից մեկը սերն է: Եվ, իրոք, այդպես է. կյանքն է դա ապացուցում: Չգնվողների ցուցակում են շատ այլ նվիրական զգացումներ: Եվ, իհարկե, շատ դեպքերում հնարավոր չէ գնել նաև առողջությունը:

կուզեի նմանվել

Դպրոցական էի, երբ կարդացի Մխիթար Սպարապետի մասին և ոգեշնչվեցի: Իմ այդ տարիքի համար նա իսկական հերոս էր՝ ատլետիկ կազմվածքով: Շատ ուժեղ անձնավորություն էր, որը պայքարում էր արդարության համար: Թերություններ ուղղակի չկային… Արի, արդար, առաքինի, ուժեղ, նվիրված: Շատ էի երազում նրան նմանվել: Բայց ֆիլմն ամեն ինչ փոխեց, նույնիսկ ոգեշնչումս նվազեց:

ավելի սահուն

Տարիքի առաջանալու հետ մարդ դառնում է ավելի զգուշավոր: Այլևս խենթություններ չի անում: Որոշումներ կայացնելիս էլ սկսում է հաշվի նստել որոշ գործոնների հետ, որոնց վրա նախկինում ուշադրություն չէր դարձնի: Իհարկե, կարիերայի աստիճանով բարձրանալն էլ է իրենն անում: Այդ ընթացքում անընդհատ ավելանում է ուսերիդ դրված պատասխանատվությունը, և ակամա դառնում ես ավելի կոպիտ: Դա պետք է փորձել վերահսկել, կարգավորել, դարձնել ավելի սահուն: Հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնես:

Գրել կարծիք