Արեգ Նազարյան. Հեղափոխությունները միայն փողով են արվում

Արեգ Նազարյան. Հեղափոխությունները միայն փողով են արվում

«Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը կուռքերի, սեփական տարիքի ու ահեղ դատաստանի մասին:

այլ իրականություն

Երբ տղամարդը բոլորում է 50 տարին, հասկանում է, որ կյանքը դրանով չի ավարտվում, ընդամենը սկսվում է մի նոր էտապ: Ինձ համար վճռորոշ է եղել ոչ թե 50-ը բոլորելը, այլ, օրինակ, 1988 – 1989 թվականները. ես ծնվել ու մեծացել էի մի երկրում, բայց այդ տարիներին հայտնվեցի մեկ այլ երկրում, մեկ այլ իրականության մեջ: Ես ա՛յն ժամանակ եմ կյանքս կիսել, ոչ թե 50 տարեկանում:

պատվիրաններ

Երբեք չի կարելի դավաճանել: Ցանկալի է չստել: Ավետարաններում գրված է, թե ինչ չի կարելի անել կյանքում. ես փորձում եմ ըստ այդ պատվիրանների ապրել:

սահմանագիծ

Շատ պայմանական են այն «գծերը», որ քաշել ենք մեզ համար: Իրականում դրանք սահմանագծեր են, որոնք մենք ինքներս ենք գծում. դրանք ոչինչ չեն նշանակում: Այսօր 49 եմ, վաղը՝ 50: Ի՞նչ է փոխվելու: Առավոտյան արթնանալու եմ, և մի բան փոխվելո՞ւ է: Իհարկե, ո՛չ: Դրանք պայմանականություններ են, որոնք ինքներս ենք ստեղծում: Նաև ստիմուլ են: Ինչ-որ կետեր են, որոնք ստիպում են, որ ինքդ քո առաջ հաշվետու լինես:

ուսում

Երեխաներին հավանաբար պետք է ստիպես սովորել: Բայց պետք է հետաքրքրել: Ինչ-որ նոր բան իմանալը բնական պահանջ է: Նույնիսկ կենդանիները, երբ մեծանում են, սկսում են ճանաչողական կետից:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


քսակ

Փողով հնարավոր է անել ամեն ինչ և ոչինչ: Բաներ կան, որ փողով չես կարող անել: Եվ փա՜ռք Աստծո, որ չես կարող: Փողով միայն զզվելի բաներն են արվում: Օրինակ` հեղափոխությունները միայն փողով են արվում:

Aregիմ հերոսը

Երբ 8-ից 11 տարեկան էի, իմ սիրելի գրական հերոսը Դ’Արտանյանն էր: Հետո նրան փոխարինեց իշխան Միշկինը: Ես ապուշ չեմ իհարկե, բայց իշխան Միշկինի կյանքով ինչ-որ մի ժամանակ տարված էի: Իսկ առհասարակ ես շատ շուտ եմ կորցրել կուռք ունենալու պահանջը:


հանդարտություն

Տարիքի հետ մարդու բնավորության գծերն էլ են փոխվում: Ես մինչև 40 տարեկան շատ բռնկվող էի, շուտ տաքացող: Մեծապես հանդարտվեցի վերջին տասը տարում:

Աստծո հետ

«Դուք» դիմելաոճը եկել է ռուսերենից: Հայերենում «Դուք» չի եղել: Թագավորներին են «դու»-ով դիմել, Աստծուն: «Դուք»-ով շարունակում ենք դիմել պարզապես լեզվական իներցիայի ուժով:

փոփոխություն

Հայաստանում պետք է փոխել ապրելակերպը, բարոյականությունը: Օրենքները ամեն տեղ էլ նույնն են: Օրենքների կատարման կամ չկատարման միջավայրն է պետք փոխել: Մարդկային մտածելակերպն է պետք փոխել: Կրթությունը մեր կյանքում փոփոխություններ անելու համար է պետք:

ահեղ դատաստան

Երբ կանգնեմ Աստծո առաջ, կասեմ. «Եկել եմ: Կողմնորոշի՛ր ինձ՝ ուր գնամ»:

 

Գրել կարծիք