Ժիրայր Դադասյան.  Ինձ հուզում է ինքնասպանությունների խնդիրը

Ժիրայր Դադասյան. Ինձ հուզում է ինքնասպանությունների խնդիրը

Երևանի մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի մոնոլոգը ինքնասպանությունների, տղամարդկանց իրավունքների, լռելու մասին:

հարևան
Պետք է փորձենք նվազագույն կորուստներով հաշտության եզր գտնել մեր հարևան երկրի հետ: Պետք է մոռանալ, որ մեր հարևանը կարող է հոլանդացին կամ բելգիացին լինել: Պետք է լուծում գտնել. ես չեմ ուզում մեր երեխաների վրա թողնել այս պատմությունը: Մի բան պետք է մտածենք` աչքի առաջ ունենալով մեր թոռնիկներին: Բայց քանի որ մեր աչքի առաջ ինչ-որ պոպուլիստներ, կոմպլեքսավորված մարդիկ են, դժվար է: Ի դեպ, բարեկամը ավելի շուտ է ներողություն խնդրում, քան թշնամին: Եթե հաջողվի ի վերջո բարեկամանալ, այդքան ժամանակ պատերազմ չի լինի, մեր երեխաների ապագան ապահով կլինի: Ես ցանկացած պարագայում կողմնակից եմ նստել-մտածելուն և լուծում գտնելուն:

արվեստ
Արվեստը արվեստի համար է, այն ոչ մի այլ խնդիր չունի: Մեր արժեհամակարգը այնքան է խարխլվել, որ մենք ամեն ինչ դիտում ենք սպառողական տեսանկյունից: Մշակութային երկխոսություն, գենդերային խնդիրներներ… Այս ամենը մտածված է, որ շեղեն արվեստի բուն խնդիրը: Թատրոնը ունի միայն արվեստային խնդիր, այսինքն` մարդու ներքին և արտաքին աշխարհի ուսումնասիրություն: Սա է թատրոնը: Արվեստի ֆունկցիան է՝ ինքնաճանաչում, ինքնադրսևորում ու ինքնաորոնում: Արվեստն ու թատրոնը չպետք է հասցեով լինեն ու պատվեր կատարեն` քաղաքական, իշխանական կամ ոչ իշխանական: Այսօրվա իրականության մեջ ապրող մարդու ներքին խնդիրները, ապրումները, տագնապը կարող են դառնալ ներկայացման թեմա:

հատակ
Վերջին շրջանում ինձ հուզում է ինքնասպանությունների խնդիրը: Նույն խնդիրը հուզում էր նաև Օրհամ Փամուկի վեպի հերոսին. նա Ստամբուլից գնում է Կարս, որ հոդված գրի երիտասարդ աղջիկների ինքնասպանությունների մասին: Այստեղից սկսվում է վեպ, որը տանում է այլ ուղղությամբ: Հասկանում ենք, որ այդ հասարակության ներսում, մարդկանց ներքին կյանքում լուրջ պրոցեսներ են տեղի ունենում կյանքի ու անցյալի գնահատման հարցում: Հետաքրքիր թաքնված շետեր կան, որ մենք չենք էլ կարող գուշակել ու իմանալ: Այդ տեսանկյունից ինձ հետաքրքրում է ինքնասպանության խնդիրը մեր հասարակության ներսում: Ոչ թե ինչի՞ արդյունք է, այլ ի՞նչ է տեղի ունենում մարդու ներսում, որ նա որոշում է ինքնասպան լինել: Մարդիկ իրենց կյանքին վերջ են տալիս գրեթե ամեն օր: Սկսում ենք մտածել` ինչ է տեղի ունենում հասարակության մեջ, որը տանում է ինքնասպանության: Պետք է իջնել հատակը ու այնտեղից սկսել ուսումնասիրել, փորձել գնահատական տալ. դեղատոմս այս հարցում չկա, բայց չէ՞ որ դա պետք է մեզ մտահոգի:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


լռել
Եվրոպայում արվեստը դարձել է սնունդ` ուտելու համար: Դրա համար մեծ գրանտներ են տալիս: Ես էլ կարող եմ աշխարհի տարբեր տեղերից գրանտներ շահել, եթե կանանց իրավունքների մասին ներկայացում բեմադրեմ, եթե հիմնավորեմ, որ օրինակ, մեր երկրում կանանց իրավունքները ոտնահարված են, նրանց բռնաբարում են: Բայց ես համարում եմ, որ կանանց իրավունքների թեման մեր հասարակության համար ակտուալ չէ, տղամարդկանց իրավունքները ավելի լուրջ են: Խեղճուկրակ տղամարդիկ խաղատներում պարտվում են իրենց ունեցածը և հետո կամրջից նետվում: Սոցիալական խնդրի պատճառով չէ, որ մարդը նետվում է կամրջից. սա այն վիճակն է, երբ մարդը սայթաքում է ինքն իրենից: Մարդը կորցնում է ժամանակի զգացումը: Մարդը պետք է կարողանա ելք գտնել այդ իրավիճակից: Մեզ շրջապատում են զուտ հոգեբանական խնդիրներ: Մեր ժողովրդին մեծ հոգեբան է պետք, բայց երբեմն հոգեբույժ էլ է պետք լինում: Դեֆորմացված հասարակություն կա, արժեհամակարգն այն վիճակում է, որ լռելը հիմա ավելի ձեռնտու է: Ես երբեք չեմ փորձում իմ կարծիքը փաթաթել որևէ մեկի վզին: Առաջ պնդում էի, նունիսկ ասում էի` դուք հիմար եք: Հիմա՝ չէ՛. ասում եմ` դուք խելացի եք: Բայց իմ տեսակետից հրաժարվել չեմ կարող:

ջութակը
Գերմանացու, իտալացու, լեհի, ֆրանսիացու` ցանկացած եվրոպացու համար ջութակն իր ազգային գործիքն է, այդ պատճառով էլ իրենք տալիս են Շոպեն, Բեթհովեն: Մի պահ եղավ, որ մենք էլ մտածեցինք. «Գուցե մեր ազգային գործիքն է՞լ է ջութակը»: Ու Արամ Խաչատրյան ծնվեց: Հետո սկսեցինք ասել, որ մեր ազգային գործիքը դուդուկն է. ունեցանք Ջիվան Գասպարյան: Արամ Խաչատրյանին փոխեցինք Ջիվան Գասպարյանով: Ասում են` եկավ համալրելու, բայց ես ասում եմ` ո՛չ, փոխեցինք: Ջիվան Գասպարյանը Արամ Խաչատրյանի ժամանակ էլ ապրում էր, բայց այդ ժամանակ մեր ազգային գործիքը ջութակն էր: Ես ուզում եմ, որ մենք լինենք այն ազգը, որի ազգային գործիքը ջութակն է, բայց դուդուկն էլ կարող է լինել: Եվրոպացիներն էլ շատ ազգային գործիքներ ունեն, բայց, միևնույնն է, նրանց հիմնական գործիքը ջութակն է:

Dadasyanնոբելյան
Երիտասարդությունը Շիրվանզադեից ու Պարույր Սևակից այն կողմ բան չգիտի: Ո՛չ գրականություն է կարդացել, ո՛չ գիտի՝ աշխարհն ինչից է ստեղծված: Մի ճապոնացի հեղինակի անուն ես տալիս՝ չեն կարողանում արտաբերել ու դրանից ինֆարկտ են ստանում: 100 տարուց ավելի Նոբելյան մրցանակը կա, բայց ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացվում, որ բոլոր ժողովուրդների գրողները ստացել են այդ մրցանակը, մինչդեռ ոչ մի հայ հեղինակ չի ստացել: Ոչինչ, որ չի ստացել, դա չի նշանակում, որ մեր գրականությունը վատն է, չէ՛, մերն էլ է լավը: Բայց մի հատ չկարդա՞նք, տեսնենք, թե ինչի համար են այդ մարդուն մրցանակ տվել: Առնվազն 100 հեղինակ կարելի է կարդալ 100 տարվա մեջ:


ազգային

Հիմա մենք կռիվ ենք տալիս դուդուկի, գորգի ու հարսիայի համար, որ ապացուցենք` մերն է, իսկ ի՞նչ կլինի, եթե մեր ազգային ուտեստը համարենք սթեյքը: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ես սիրում եմ սթեյք: Ազնիվ խոսենք, մեր կերակրատեսակները շատ չեն: Ես ցանկանում եմ, որ լավագույնը մերը դարձնենք: Աշխարհը ավելի լավ է, քան մենք կարծում ենք ու ճանաչում:

շինարար հայերի կենացը
Պլանի գլխից Մոնումենտ տանող ճանապարհի սևքար պատը, Հաղթանակի կամուրջը կառուցել են գերմանացի գերիները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Այսքան տարիների ընթացում դրանց ոչինչ չի եղել: Կարո՞ղ է՝ գերմանացին վատ աշխատող է: Չէ՛, բայց իրենք իրենց աշխատավոր ազգի կենացը չեն խմում, իսկ մենք խմում ենք: Մեր խնդիրը շենք կառուցելիս քառակուսի մետրից բացի դրա արտաքին գեղեցկության մասին մտածելն է: Գեղեցիկ կառույցներն են ստեղծում նաև քաղաքային մշակույթ: Իսկ մենք կաթսայատունը քանդում ենք ու տեղը տասը հարկանի շենք կառուցում հենց բակի մեջտեղում: Քառակուսի մետրը ափսոս է: Գեղեցիկ շենք կառուցենք` տարածություն կկորցնենք, ինչո՞ւ կորցնենք…

Գրել կարծիք