Լիլիթ Դավթյան. Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա

Լիլիթ Դավթյան. Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա

Հեռուստամեկնաբան Լիլիթ Դավթյանը ամենամեծ վախի, միայնակ մնալու, դավաճանության և կնոջ երջանկության մասին:

ընկերներս

Բաց անձնավորություն չեմ: Ընկեր ընտրելիս շատ բծախնդիր եմ: Մարդկանց շատ մոտ չեմ թողնում: Ունեմ իմ գծած սահմանը, որից այն կողմ հատուկենտ մարդիկ են անցնում: Երևի պաշտպանական ռեակցիա է աշխարհից, մարդկանցից ու հարաբերություններից: Ունեմ մանկության ըներներ, որոնք կյանքիս մի մասն են դարձել, բայց հիմնական ու մշտական ընկերս, որը հետս է ու կողքիս ցանկացած պայմաններում, մայրս է: Այն, ինչ նրան եմ պատմում, փակ է բոլոր-բոլորի համար:

փող

Պարզապես մի բան, որը պետք է լինի: Այն ինձ համար է, ես նրա համար չեմ: Լինում են պահեր, որ կցանկանայի ունենալ ավելին, գնել այն, ինչ ցանկանում եմ այդ պահին, ինչի կարիքն ունեմ: Բայց եթե չկա, ի՜նչ արած, կա´մ կվաստակեմ, հետո կգնեմ, կա´մ չեմ գնի: Չեմ եղել փողի գերին ու չեմ դառնա, կարծում եմ:

կնոջ երջանկություն

Լինել մայր: Ինձ համար դա է իմ երջանկությունը: Ես դրա համար եմ եկել Երկիր մոլորակ: Ես մայր եմ:

սեղանիս գիրքը

«Փոքրիկ իշխանը»: Երբ ցանկանում եմ արտասվել (այդպես լինում է երկու-երեք ամիսը մեկ անգամ), ես պարզապես վերցնում եմ այդ գիրքն ու վերընթերցում եմ: Այնտեղ գրված է ընկերության ու հարաբերությունների մասին: Այդ գրքում ես խեղդում եմ իմ ամենամեծ վախը, որ չցանկացա բացահայտել: Միայնակ մնալու վախը: Ես վախենում եմ մնալ մենակ, իսկ այդ գիրքն ընթերցելիս գիտակցում եմ, որ կան իսկական ընկերներ, պետք է միայն գտնել նրանց:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


սեր

Սիրում եմ… բոլորին: Ուզում եմ սիրել բոլորին: Անընդհատ ուզում եմ տալ իմ սերը, տալ շրջապատիս ամեն մի անձի: Ես անընդհատ ասում եմ. «Սիրում եմ քեզ»: Ասում եմ մայրիկիս, աղջկաս եմ ամեն րոպե ասում: Հայրիկիս չեմ ասում. նրա հետ մի փոքր փակ եմ, չգիտեմ էլ՝ ինչու (երբեք չէի մտածել, որ հայրիկիս այդ բառերը չեմ ասել), բայց ցույց եմ տալիս, չնայած հայրիկս հաճախ է ինձ ասում. «Սիրում եմ քեզ»:

newmag53_printդավաճանություն

Եղել է, որ դավաճանել են: Երևի շատ մեղմ եմ, հիշաչար չեմ, մոռանում եմ, ուզում եմ մոռանալ: Ինձ համար կեղծիքն է ամենամեծ դավաճանությունը: Երբ դեմքին ուրիշ բան են ասում, մեջքից հարվածում են: Ամենակարևորն այն է, որ փորձում եմ ինքս չդավաճանել: Եթե ինքդ քեզ դավաճանեցիր, էլ չես ների ու չես մոռանա:

վախ

Վախենում եմ… լինել չգնահատված ու չհասկացված: Վախենում եմ, որ դուստրս չի լինի այն, ինչ ակնկալում եմ, որ չեմ ստանա այն պտուղները, որոնք հիմա ներդնում եմ նրա մեջ. խոսքը դաստիարակության ու լավ ապագայի մասին է: Շատ բաներից եմ վախենում: Վախերից էլ եմ վախենում, վախենում եմ մտածել դրանց մասին, գիտակցել ու հասկանալ: Չեմ ուզում խորասուզվել իմ վախերի մեջ: Դա ինձ դուր չի գալիս:

ինչպես են հեռանում

Այնպես, որ չայրվեն բոլոր կամուրջները: Այնպես, որ հոգում քար չմնա. կլինի ցավ, բայց չպետք է լինի հիասթափություն ու ափսոսանք` ապրածի համար: Դա շատ ծանր է: Պետք է հեռանալ՝ մի պատուհան բաց թողնելով: Չնայած դժվար է հստակ ասելը: Կարևոր է, թե ինչ պատճառով են հեռանում: Ամեն դեպքում, կարծում եմ, չարժե ամենը հիմնովին քանդել, պետք է մի ճանապարհ մնա ետ դառնալու համար:

իմ երազը

Ես եմ… Երևի լուսնի վրա: Ինձ թվում է`լուսինն էր: Չորս կողմը ժայռաբեկորներ են ու դեղին-դեղին փոշի: Ու չկա սահման, եզր չի երևում: Ես միայնակ կանգնած եմ: Ինչ որ արմագեդոնի շունչ կա այդ ամենում: Մի ամբողջ մոլորակի վրա ես եմ, միայն ես: Շունչ չկա, հոգի չկա: Միայն լուսինն ու ես մեն-մենակ:

 

Գրել կարծիք