Արտակ Հերիքյան. Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետո վերածնունդ լինի

Արտակ Հերիքյան. Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետո վերածնունդ լինի

Լրագրող, մեկնաբանը այն մասին, թե ինչո՞ւ է մեկ-մեկ թվում, թե այն չի ասում ու անում, ինչ պետք է. այդ ժամանակ էլ գլուխ է բարձրացնում իր եթերաֆոբիան:

երբեք չեմ ների

Ես շատ եմ ներում: Ներողամիտ մարդ եմ: Չգիտեմ՝ ինչը չեմ ների: Չէ՛, գիտեմ: Հիմա արդեն գիտեմ: Երբ ծնվեց աղջիկս, հասկացա, որ, եթե նրան նեղացնեն, հաստատ չեմ ների: Աղջկաս հանդեպ սխալ քայլեր թույլ չեմ տա:

կատարելություն

Ձգտում: Անընդհատ շարժում: Շարժում դեպի ինքնաճանաչում: Իսկ բացարձակ կատարելությունը միայն արվեստի մեջ է: Այլ տեղ չկա:

վախենում եմ

Տարատեսակ հիվանդություններից եմ վախենում: Հիվանդություններ, որ օր օրի շատանում են ու տարածվում են կայծակնային արագությամբ: Կարդում եմ, հիվանդությանը ծանոթանում եմ ու սկսում եմ վախենալ: Հետո վախենում եմ չհասցնել, կյանքիս ընթացքում կիսատ թողնել բաներ, որոնք պարտադիր պետք է անեմ: Չհասցնելուց շատ եմ վախենում: Երբեմն էլ ինձ թվում է՝ եթերաֆոբիա ունեմ, բայց հետո ինքս ինձ համոզում եմ, որ եթե այդ ֆոբիայից ունենայի, էկրանից կխուսափեի: Ուղղակի ինձ մեկ-մեկ թվում է, թե այն չեմ ասում ու անում, ինչ պետք է. այդ ժամանակ էլ իմ եթերաֆոբիան գլուխ է բարձրացնում:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


մտքի ազատություն

Իմ միտքը միշտ այստեղ չէ: Սավառնում է, գնում է, մեկ էլ հետ է գալիս: Բայց դա ինձ դուր է գալիս: Լավ է, չէ՞, որ միտքս մի անկյունում կուչ եկած չէ, որ ազատ է տեղաշարժվել, սավառնել: Սակայն մտքին շատ ազատություն էլ տալ պետք չէ: Եթե մի բան մտքին երկար է մնում, արարքի է վերածվում: Եղել է, որ նյարդայնացած մտածել եմ. «Հիմա կխեղդեմ նրան», բայց չեմ արել: Միտք է, թող մտքում էլ մնա:

կործանվելու ճանապարհը

Այդտեղ ճանապարհ չկա: Սանտիմետրերի, միլիմետրերի հարց է: Մեկ քայլ այն կողմ, ու ընկնում ես: Բայց դա էլ է պետք: Պետք է մի լավ «ցած ընկնել», որ հետո վերածնունդ լինի: Ի վերջո, ներքևից են բարձրանում: Մեկի համար կործանում է, մյուսի համար էլ՝ նոր թափ:

սեր

Սիրած կին, երեխա, մասնագիտություն, երկիր, փողոց, եղանակ… Այդ բոլոր փոքր-փոքր մասնիկները միանում են ու վերածվում կատարյալ սիրո: Եթե քո սիրած էակի հետ ես, բայց այն երկրում չես, որը սիրում ես, զգացմունքդ կատարյալ չի լինում: Երբ քեզ շրջապատում է այն ամենը, ինչ դու սիրում ես, այդ դեպքում է քո մեջ ապրում իսկական սերը:

heriqyanիմ երազը

Հնդկական մշակույթում երազաորսներ կան: Երազաորսն այն է, որ օղակի մեջ ցանց է, տակից էլ փետուրներ են կախված: Ամուլետ է, որը որսում է վատ երազները: Անկողնուս կողքին կախված է: Իրոք, հավատում եմ, որ իմ մղձավանջները մնում են այդ ցանցի մեջ: Ես ինքս չեմ հիշում երազներս, բայց արթնանալիս իմ տրամադրությունից հասկանում եմ՝ լա՞վ երազ եմ տեսել, թե՞ վատ: Ու մի բան էլ: Երազումս խոսում եմ բարձր ու անհասկանալի լեզվով: Այնպես կուզեի՝ մեկը լիներ՝ լսեր ու վերծաներ ասածներս: Բայց իմ խոսքերից ոչ ոք գլուխ չի հանում:

սեղանիս գիրքը

Աստվածաշունչ ու Նարեկ: Կատարելության տանող ճանապարհը ինքնաճանաչումից է սկսվում: Իսկ այդ հարցում ո՞վ կարող է մարդուն օգնել. միայն Աստված:

Աստված

Ես Նրա հետ ամեն օր զրուցում եմ: Ամեն օր՝ երեկոները, սկսում եմ խոսել, պատմել: Սակայն շատ բան չունեմ ասելու. վստահ եմ, որ անկախ իմ պատմածից՝ Նա գիտի, հետևում է ու տեղյակ է ամեն ինչին: Սակայն այդ զրույցները ինձ պետք են: Գուցե այդ կերպ ես ինքս ինձ եմ փորձում հասկանալ: Աստված ինձ համար վերացական մի հասկացություն չէ: Ես հավատում եմ, որ Նա կա, հենց այնպիսին է, ինչպիսին շատերն են պատկերացնում: Նստած է վերևում ու հետևում է բոլորիս: Այդ մտքից ես ինձ ավելի լավ եմ զգում:

 

Գրել կարծիք