Էդուարդ Քալանթարյան. Մեկնաբանական արվեստի ամենամեծ գաղտնիքը

Էդուարդ Քալանթարյան. Մեկնաբանական արվեստի ամենամեծ գաղտնիքը

Մարզական մեկնաբանը մասնագիտական գաղտնիքների, մարդկանց կարծիքների, երազանքների ու սեփական քաղաքի մասին:

ընկերներ

Լինում են պահեր, որ ժամանակը միայն ընկերներիս հետ եմ ուզում անցկացնել: Նրանք մեծ դեր ունեն իմ կյանքում: Առհասարակ ընկերների հետ կարելի է խոսել, քննարկել այն հարցերը, որոնց մասին հաստատ չես պատմի ծնողիդ կամ կնոջդ: Ընկերների հարցում իմ բախտը, իսկապես, բերել է: Մենք շատ նման ենք իրար ու հենց այդ պատճառով էլ լավ հասկանում ենք միմյանց: Բոլոր ընկերներիս մի ընդհանուր բան է կապում. տարիների ընթացքում հասկացել եմ, որ այդ կապող օղակը ես եմ:

ես տեսնում եմ նույն երազը

Բարեկամս որոշել էր իր տունն ինձ նվիրել, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այդ տունը ինձ չհասավ: Անցել են երկար տարիներ, բայց ես անընդհատ տեսնում եմ երազներ, որոնք կատարվում են այդ տանը: Երևի այդ երազի միջոցով կարոտս եմ առնում: Այնպես որ չեմ դժգոհում նույն երազը տեսնելուց:

ամենամեծ գաղտնիքը

Իմ մասնագիտությունը գաղտնիքներ շատ ունի: Հաճախ երիտասարդները հարցնում են` մարզական մեկնաբան դառնալու համար ինչ է պետք անել: Բացեմ ամենամեծ գաղտնիքը. պետք է կարողանալ դուր գալ ամենատարբեր ճաշակի մարդկանց: Սպորտում, հատկապես ֆուտբոլում նախասիրությունները միշտ տարբեր են, երկրպագուները տարբեր են: Ուրեմն պետք է գտնել ոսկե միջինը` տարբեր մարդկանց հավանությանն արժանանալու համար: Մեկնաբանական արվեստի ամենամեծ գաղտնիքը սա է:

ինչ կասեն մարդիկ իմ մասին

Կարիերայիս սկզբնական փուլում ինձ շատ մտատանջող հարցը մարդկանց կարծիքն էր: Ինչպես էլ խոսես եթերում, ինչ էլ ասես, լավ թե վատ բան անես, կգտնվեն մարդիկ, որոնք լավ կամ վատ բաներ կասեն: Տարիների ընթացքում սովորեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ այդ հարցին: Իհարկե, շրջապատի կարծիքը կարևոր է, ես հաճախ որպես խորհուրդ եմ դրանք ընկալում: Չեմ ուզում կոպիտ թվալ, բայց մեծ հաշվով, մեկ է, չեմ տանջվում այն մտքից, թե ինչ կասեն մարդիկ:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


փողկապ

Մի աշխատանքային ճամփորդություն փոխեց իմ ու փողկապի «հարաբերությունները»: Կիևում սեմինարի պիտի մասնակցեի ու մենակ էի: Հետևաբար փողկապս պետք է կապեի ինքս: Համացանցում նայեցի փողկապ կապելու օրինակներ. իհարկե, դրանք շատ են, բայց ամենատարածված ու հեշտ մի քանի ձև սովորեցի: Հիմա ես եմ կապում իմ փողկապը ու շնորհակալ եմ ճակատագրին այդ գործուղման համար, որն ինձ օգնեց տղամարդկանց գլխավոր խնդիրներից մեկը լուծել:

edoիմ քաղաքը

Բախտն ինձ ժպտացել է: Ես հասցրել եմ լինել շատ երկրներում: Ամեն անգամ համոզվել եմ, որ իմ քաղաքը, իսկապես, Երևանն է: Այստեղ ես ինձ մարդ եմ զգում, ես պարզապես ինձ զգում եմ այստեղ: Հան-գըստանալու համար դեմ չեմ ուրիշ քաղաքներ գնալուն, բայց ապրել` միայն Երևանում: Պատճառները տարբեր են. գուցե մեկն էլ այն է, որ ես ծնվել եմ այստեղ: Իմ կապն այնքան խորն է Երևանի հետ, որ ապրելու համար այլ քաղաք չեմ տեսնում:

նոստալգիա

Լավագույն երաժշտությունը 80-ականներինն է, լավագույն ֆիլմը 90-ականներինն է: Գուցե ես հին մարդ եմ, ժամանակակից մարդ դառնալու համար նոստալգիան ինձ խանգարում է: Բայց ես ապրում եմ հուշերով: Սիրում եմ հիշողությունները, հիշում եմ լավ բաները:

մենք վաղուց նամակներ չենք գրում

Երբ նամակ էի գրում, հատկապես բանակում, շատ հաճելի էր: Թուղթ ու գրչի հմայքն այն է, որ ուղարկում էիր նամակն ու մեկ շաբաթ սպասում պատասխանի: Մեկ այլ բան է գրել նամակ ու 30 վայրկյան անց պատասխան ստանալ: Ամեն ինչ զարգացել է. մենք գրում ենք նամակներ, կարճ հաղորդագրություններ, բայց թուղթ ու գրչի գայթակղությունը, համն ու հոտը հիմա կորել են:

Գրել կարծիք